Անցնել բովանդակությանը

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Պտղաճանճի օդաչուական բարձրագույն վարպետությունը

Պտղաճանճի օդաչուական բարձրագույն վարպետությունը

 Յուրաքանչյուր ոք, ով փորձել է ճանճ սպանել, գիտի, թե որքան դժվար է դա անելը։ Այս միջատներին բռնելու մարդկանց փորձերը հաճախ ձախողվում են, քանի որ նրանք կայծակնային արագությամբ են փոխում իրենց շարժման ուղղությունը։

 Գիտնականները հայտնաբերել են, որ ճանճերի մի տեսակը՝ պտղաճանճը, կարող է այնպիսի պտույտներ անել, ինչպիսիք որ անում են կործանիչները, սակայն դա անում է կես վայրկյանում։ Հենց սկզբից ճանճերը «կարողանում են թռչել հմուտ օդաչուների պես,— ասում է պրոֆեսոր Մայքլ Դիքինսոնը։— Դա նման է այն բանին, որ նորածին երեխային դնես կործանիչի օդաչուի խցիկում, և նա իմանա, թե ինչ պետք է անի»։

 Հետազոտողները տեսագրել են օդում պտղաճանճի կատարած շարժումները և հայտնաբերել են, որ դրանք իրենց թևիկները մեկ վայրկյանում թափահարում են 200 անգամ։ Սակայն թևի մեկ թափահարումը բավական է, որ նրանք փոխեն իրենց մարմնի ուղղությունը և խույս տան վտանգից։

 Իսկ ի՞նչ կարելի է ասել այդ ճանճերի արձագանքելու ժամանակի մասին։ Հետազոտողները պարզել են, որ դրանք վտանգին 50 անգամ ավելի արագ կարող են արձագանքել, քան մարդը կհասցնի աչքը թարթել։ «Այդ ճանճը շատ բարդ հաշվարկ է անում շատ կարճ ժամանակահատվածում՝ որոշելու համար, թե որտեղից է գալիս վտանգը, և թե որ ուղղությամբ պետք է թռչի փրկվելու համար»,— բացատրում է Դիքինսոնը։

 Թե ինչպես կարող է պտղաճանճի փոքրիկ ուղեղը անել դա, ինժեներական առեղծված է, որ հետազոտողները ցանկանում են լուծել։

Պտղաճանճը խուսափում է վտանգից՝ ընդամենը կես վայրկյանում փոխելով իր շարժման ուղղությունը

 Ի՞նչ եք կարծում։ Պտղաճանճի օդաչուական բարձրագույն վարպետությունը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։