Անցնել բովանդակությանը

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես աշխատանքը «թողնել աշխատավայրում»

Ինչպես աշխատանքը «թողնել աշխատավայրում»

 Նորագույն տեխնոլոգիաների այս դարաշրջանում գործատերդ, աշխատակիցներդ կամ հաճախորդներդ գուցե ակնկալեն, որ շաբաթը 7 օր, 24 ժամ հասանելի լինես։ Այդպիսի պայմաններում դժվար կլինի աշխատանք-կյանք հավասարակշռությունը պահպանել, այսինքն՝ ճիշտ առաջնահերթություններ դնել և խելամտորեն տարանջատել աշխատանքը կյանքի մյուս ոլորտներից, այդ թվում՝ ընտանիքից։

 Ինչ պետք է իմանաս

  •   Նորագույն տեխնոլոգիաները կարող են խանգարել, որ հավասարակշռես այն ժամանակը, որ պետք է տրամադրես աշխատանքիդ և ընտանիքիդ։ Ամեն մի զանգ, էլեկտրոնային նամակ կամ հաղորդագրություն, որ ստանում ես աշխատանքից հետո, կարծես հրդեհի ահազանգ լինի, որին պետք է անմիջապես արձագանքես։

     «Աշխատանքից տուն գալուց հետո ընտանիքիդ հետ ժամանակ անցկացնելը հիմա անհնար է թվում, քանի որ աշխատանքի հետ կապված էլեկտրոնային նամակները և հեռախոսազանգերը ամուսնական կյանքը հետին պլան են մղում» (Ջենեթ):

  •   Աշխատանքդ ընտանեկան կյանքիդ հետ համատեղելու համար պետք է քայլեր ձեռնարկես։ Եթե ծրագրեր չկազմես, ավելի հավանական է, որ աշխատանքդ կներխուժի քո ընտանեկան կյանք։

     «Սովորաբար առաջինը հենց կողակցիդ ես անտեսում, որովհետև մտածում ես՝ «Դե, նա կհասկանա, նա կների ինձ։ Նրան ավելի ուշ ժամանակ կտրամադրեմ»» (Հոլի)։

 Ինչպես պահպանել աշխատանք-կյանք հավասարակշռությունը

  •   Ընտանիքդ թող առաջնահերթ լինի։ Աստվածաշունչն ասում է. «Ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի» (Մատթեոս 19։6)։ Եթե ոչ ոքի թույլ չէիր տա «բաժանել» քեզ կողակցիցդ, մի՞թե թույլ կտաս, որ աշխատանքդ անի դա։

     «Որոշ հաճախորդներ մտածում են, որ եթե վճարում են քեզ, դու պետք է ցանկացած ժամանակ հասանելի լինես իրենց համար, երբ քո կարիքը ունենան։ Քանի որ ընտանիքս ինձ համար առաջնահերթ է, ես նրանց տեղյակ եմ պահում, որ հանգստյան օրերին հասանելի չեմ լինելու, և որ նրանց հետ կապ կհաստատեմ ավելի ուշ» (Մարկ):

     Հարցրու ինքդ քեզ. «Իմ գործերից երևո՞ւմ է, որ ինձ համար ընտանիքս ավելի կարևոր է, քան աշխատանքս»։

  •   Ասա ոչ, երբ անհրաժեշտ է։ Աստվածաշունչն ասում է. «Իմաստությունը համեստների հետ է» (Առակներ 11։2)։ Համեստությունը կմղի, որ որոշ գործերից հրաժարվես կամ դրանք ուրիշին հանձնարարես։

     «Ես ջրմուղագործ եմ։ Երբ ինչ-որ մեկը շտապ իմ ծառայությունների կարիքն է ունենում, և ես հասկանում եմ, որ չեմ կարողանալու իր ուզած ժամին հասնել, նրան ուրիշ ջրմուղագործի հեռախոսահամար եմ տալիս» (Քրիստոֆեր)։

     Հարցրու ինքդ քեզ. «Պատրա՞ստ եմ հրաժարվելու հավելյալ գործից, եթե դրա պատճառով կողակիցս իրեն անտեսված է զգալու։ Իսկ կողակիցս ի՞նչ կպատասխանի այս հարցին»։

  •   Պլանավորեք ժամանակ անցկացնել իրար հետ։ Աստվածաշունչն ասում է. «Ամեն ինչ իր ժամանակն ունի» (Ժողովող 3։1): Երբ գործերդ շատ են, այդ ժամանակ էլ ավելի կարևոր է, որ ժամանակ տրամադրես կողակցիդ։

     «Երբ չափազանց զբաղված ենք լինում, մենք պայմանավորվում ենք, որ միմյանց հետ ժամանակ անցկացնենք, թեկուզ եթե միայն ճաշելու ենք կամ լողափով քայլելու» (Դեբորա)։

     Հարցրու ինքդ քեզ. «Ժամանակ հատկացնո՞ւմ եմ, որ կողակցիս հետ շփվեմ առանց շեղումների։ Իսկ կողակիցս ի՞նչ կպատասխանի այս հարցին»:

  •   Անջատիր էլեկտրոնային սարքերդ։ Աստվածաշունչն ասում է. «Հավաստիացեք, թե ինչն է ավելի կարևոր» (Փիլիպպեցիներ 1։10)։ Կարո՞ղ ես երբեմն անջատել էլեկտրոնային սարքերդ, որպեսզի աշխատանքային զանգերն ու նամակները չշեղեն քեզ։

     «Ամեն ինչ անում եմ, որ աշխատանքս ավարտեմ կոնկրետ սահմանված ժամին և հենց այդ ժամին անջատում եմ հեռախոսիս ծանուցումները (Ջերեմի)։

     Հարցրու ինքդ քեզ. «Ինձ պարտավորված զգո՞ւմ եմ կապի մեջ մնալ զուտ այն պատճառով, որ տնօրենս կամ հաճախորդը կարող է զանգել ինձ։ Իսկ կողակիցս ի՞նչ կպատասխանի այս հարցին»։

  •   Ողջամիտ եղիր և պատրաստ եղիր բացառություններ անելու։ Աստվածաշունչն ասում է. «Թող ձեր խոհեմությունը հայտնի լինի» (Փիլիպպեցիներ 4։5): Իրատես լինենք. աշխատանքը երբեմն կարող է ներխուժել քո ընտանիք։ Օրինակ՝ գուցե կողակցիդ աշխատանքի բնույթն այնպիսին է, որ նա պետք է հասանելի լինի նույնիսկ աշխատանքային ժամերից հետո։ Ողջամիտ եղիր և կողակցիցդ մի՛ պահանջիր ավելին, քան նա կարող է անել։

     «Ամուսինս փոքր բիզնես ունի, և հաճախ այնպիսի խնդիրներ են առաջանում, որ անհրաժեշտ է լինում աշխատանքային ժամերից հետո լուծել դրանք։ Դա երբեմն նյարդայնացնում է ինձ, սակայն գոհ եմ, որ, անկախ ամեն ինչից, բավականաչափ ժամանակ ենք անցկացնում միասին» (Բեվերլի)։

     Հարցրու ինքդ քեզ. «Հաշվի առնո՞ւմ եմ կողակցիս ծանրաբեռնվածությունը, որպեսզի չափից շատ պահանջկոտ չլինեմ։ Իսկ կողակիցս ի՞նչ կպատասխանի այս հարցին»։

 Քննարկման ուղեցույց

Նախևառաջ յուրաքանչյուրդ առանձին քննեք հետևյալ հարցերը, այնուհետև միասին քննարկեք ձեր պատասխանները։

  • Կողակիցդ երբևէ բողոքե՞լ է, որ գործերդ տանն ես անում։ Համաձա՞յն ես նրա հետ։

  • Ի՞նչ հարցերում կարող ես փոփոխություններ անել աշխատանք-կյանք հավասարակշռությունը պահպանելու համար։

  • Երբևէ նկատե՞լ ես, որ կողակիցդ աշխատանքը չի «թողնում աշխատավայրում»։ Ի՞նչ դեպքեր ես հիշում։

  • Աշխատանք-կյանք հավասարակշռությունը պահելու հարցում ի՞նչ փոփոխություններ կուզեիր, որ կողակիցդ աներ։