Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Կապտադեղին արա. երկարությունը՝ 85 սանտիմետր

Հրաշագեղ արաները

Հրաշագեղ արաները

ԱՆՏԱՌՈՒՄ ասես գույների մի չքնաղ հրավառություն լինի, երբ այս թռչունները անցնում են երամով։ Այդ հիասքանչ տեսարանը անչափ տպավորեց եվրոպացի հետազոտողներին, որոնք 15-րդ դարի վերջերին ոտք դրեցին Կենտրոնական և Հարավային Ամերիկա։ Այդ գույնզգույն թռչունների նկարները շատ չանցած հայտնվեցին քարտեզների վրա և դարձան նոր հայտնաբերված դրախտի խորհրդանիշը։ Դրանք արաներն էին՝ մակաո տեսակի թութակները։ Այս երկարապոչ թութակներին կարելի է հանդիպել Ամերիկա մայրցամաքի արևադարձային գոտիներում։

Վառ գունավորում ունեն և՛ էգերը, և՛ արուները, ինչը եզակի երևույթ է գույնզգույն փետրավորների շրջանում։ Նրանք խելացի, խմբային կյանք վարող թռչուններ են, որոնք արձակում են կոպիտ ճռինչ ու ականջ ծակող ճղճղոցներ։ Մոտ 30 առանձնյակից բաղկացած արաների երամը վաղ առավոտյան դուրս է գալիս սերմեր, արևադարձային պտուղներ և այլ տեսակի կերակուր որոնելու։ Նրանք մագիլներով բռնում են ուտելիքը և մեծ ու կեռ կտուցով կրծոտում այն, ինչպես որ հատուկ է բոլոր թութակներին։ Այս թռչունները կարող են նույնիսկ ջարդել ընկույզի ամուր կեղևը։ Սնվելուց հետո նրանք սովորաբար հավաքվում են քարափների կամ գետաբերանների մոտ, որպեսզի կավ ուտեն։ Այն չեզոքացնում է ուտելիքի տոքսինները, ինչպես նաև թռչուններին ապահովում է անհրաժեշտ քիմիական տարրերով։

«Ամեն ինչ [Աստված] գեղեցիկ է արել իր ժամանակին» (Ժողովող 3։11)

Արաները զուգընկեր են ընտրում ողջ կյանքի համար, և միասին են հոգ տանում ձագերի մասին։ Տարբեր տեսակներ բույն են դնում ծառի փչակներում, գետաբերանների մոտ կամ տերմիտների թմբերում, ինչպես նաև ժայռերի ծերպերում ու խոռոչներում։ Այստեղ կարելի է տեսնել, թե ինչպես են նրանք կտուցով մաքրում միմյանց փետուրները։ Վեց ամսականում այս թռչունները արդեն հասունացած են լինում, բայց մինչև երեք տարի շարունակում են ապրել ծնողների հետ։ Վայրի բնության մեջ արաները ապրում են 30-ից 40 տարի, բայց որոշ ձեռնասուններ ապրել են ավելի քան 60 տարի։ Գոյություն ունի արաների մոտ 18 տեսակ (դրանցից մի քանիսը պատկերված են նկարներում)։

Կանաչաթև արա (կարմրականաչ արա). երկարությունը՝ մինչև 95 սանտիմետր

Կարմիր արա. երկարությունը՝ 85 սանտիմետր

Հակինթային արա. երկարությունը՝ մինչև 100 սանտիմետր։ Սա ամենախոշոր թութակն է, որը կարող է կշռել ավելի քան 1,3 կիլոգրամ