Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Էմոցիոնալ առողջություն

Էմոցիոնալ առողջություն

Աստվածաշունչը հորդորում է զսպել վնասակար հույզերը և ունենալ դրական տրամադրվածություն, ինչը բարերար ազդեցություն կթողնի մեզ վրա։

ԶԱՅՐՈՒՅԹ

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Նա, ով չի շտապում բարկանալ, հզոր մարդուց լավ է» (Առակներ 16։32

ԻՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ։ Մեզ համար միմիայն լավ կլինի, եթե մեր մեջ ուժ գտնենք ու հսկենք մեր էմոցիաները։ Թեև երբեմն գուցե բարկանալու հիմնավոր պատճառ ունենանք, բայց եթե չզսպենք բարկությունը, այն կարող է վատ հետևանքներ բերել։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ զայրույթի թեժ պահին հաճախ ասում կամ անում են բաներ, որոնց համար հետո զղջում են։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ։ Անհրաժեշտ է սովորել կառավարել զայրույթը, քանի դեռ այն չի սկսել կառավարել ձեզ։ Թեև ոմանց թվում է, թե անզուսպ զայրույթը ուժի նշան է, բայց իրականում դա թուլության նշան է։ «Ինչպես քանդված, անպարիսպ քաղաքն է, այնպես էլ այն մարդն է, որը չի կարողանում զսպել իր ոգին»,— ասում է Աստվածաշունչը (Առակներ 25։28)։ Զայրույթը զսպելու լավագույն միջոցն այն է, որ նախքան որևէ բան ասելը կամ անելը պարզեք բոլոր փաստերը։ «Մարդու ըմբռնողականությունը հանդարտեցնում է իր բարկությունը» (Առակներ 19։11)։ Լավ կլինի լսել խնդրի մեջ ներգրավված բոլոր կողմերին։ Այդպես ավելի ճիշտ կհասկանաք իրավիճակը, և ձեր բուռն հույզերը կհանդարտվեն։

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Երախտագետ եղեք» (Կողոսացիներ 3։15

ԻՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ։ Ասում են, որ միայն երախտագետ մարդը կարող է երջանիկ լինել։ Անգամ շատ մեծ կորուստ կրած մարդիկ կարող են հաստատել դա։ Նրանք ասում են, որ իրենց զգացական վերքերի բուժմանը նպաստել է այն, որ չեն կենտրոնացել իրենց կորցրածի վրա, այլ երախտագետ են եղել այն ամենի համար, ինչ ունեն։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ։ Ամեն օր կազմեք այնպիսի բաների ցուցակ, ինչի համար երախտապարտ եք։ Պարտադիր չէ, որ դրանք ինչ-որ մեծ, նշանակալից բաներ լինեն։ Գրի առեք անգամ փոքր բաները, ինչպիսիք են, օրինակ, գեղեցիկ այգաբացը, հաճելի զրույցը հարազատ մարդու հետ կամ պարզապես ևս մեկ օրվա կյանքը։ Այս բոլոր դրական բաները կարող են էապես բարելավել ձեր զգացական վիճակը, եթե կարողանաք նկատել դրանք ու գնահատել։

Ձեզ շատ կօգնի հատկապես այն, որ մտածեք, թե ինչու եք գնահատում ձեր ընտանիքն ու ընկերներին։ Իսկ երբ ինքներդ ձեզ համար պարզում եք, թե մարդկանց մեջ ինչն եք գնահատում, ասեք նրանց այդ մասին, լինի անձամբ, թե գրավոր՝ նամակով, էլեկտրոնային փոստով կամ հաղորդագրություն գրելով։ Այդպես ձեր փոխհարաբերությունները անկասկած կամրանան, և դուք կզգաք այն մեծ ուրախությունը, որ բխում է տալուց (Գործեր 20։35

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԱՅԼ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

Կարող եք բեռնել Աստվածաշնչի ձայնագրություններ, որոնք առկա են jw.org կայքում՝ մոտ 40 լեզուներով

ԽՈՒՍԱՓԵՔ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

«Կռվի սկիզբը ջրերի արձակման պես է, ուստի նախքան վեճի բռնկվելը, հեռացիր» (ԱՌԱԿՆԵՐ 17։14)

ԱՆՀԱՐԿԻ ՄԻ՛ ՄՏԱՀՈԳՎԵՔ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ

«Երբեք մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին, որովհետև վաղվա օրը կունենա իր մտահոգությունները։ Ամեն օրվա համար բավական է ի՛ր նեղությունը» (ՄԱՏԹԵՈՍ 6։34)

ՀՈՒՅԶԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ ՄԻ՛ ԱՐՁԱԳԱՆՔԵՔ, ԱՅԼ ԾԱՆՐՈՒԹԵԹԵՎ ԱՐԵՔ ԲՈԼՈՐ ՓԱՍՏԵՐԸ

«Խորհելու կարողությունը կպահպանի քեզ, և խորաթափանցությունը կպաշտպանի քեզ» (ԱՌԱԿՆԵՐ 2։11)