Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մեղմություն. իմաստությանը բնորոշ հատկություն

Մեղմություն. իմաստությանը բնորոշ հատկություն

Անտոնիան տվեց դռան զանգը։ Դուռը բացեց մոտ 50 տարեկան մի կին և սկսեց փնթփնթալ ու վիրավորել նրան՝ մեղադրելով, թե նա ուշացել է։ Անտոնիայի աշխատանքը ծերերին խնամելն է, և նա հոգ էր տանում այդ կնոջ մորը։ Սակայն Անտոնիան չէր ուշացել աշխատանքից։ Չնայած դրան՝ նա մեղմ տոնով կնոջից ներողություն խնդրեց թյուրիմացության համար։

ՀԱՋՈՐԴ անգամ այդ կինը նորից վիրավորեց Անտոնիային։ Ինչպե՞ս նա արձագանքեց։ «Շատ դժվար իրավիճակ էր,— խոստովանում է Անտոնիան։— Այդ կնոջ վիրավորական խոսքերը ոչնչով արդարացված չէին»։ Սակայն նա կրկին ներողություն խնդրեց՝ ասելով, որ հասկանում է, թե ինչի միջով է անցնում այդ կինը։

Եթե Անտոնիայի տեղում դու լինեիր, ինչպե՞ս կվարվեիր։ Կփորձեի՞ր մեղմություն դրսևորել։ Թե՞ քեզ համար դժվար կլիներ զսպել զգացմունքներդ։ Ինչ խոսք, գուցե հեշտ չլինի հանդարտություն պահպանել այնպիսի իրավիճակներում, ինչպիսին, օրինակ, նկարագրված է հոդվածի սկզբում։ Երբ սթրես ենք տանում, կամ երբ մեզ փորձում են հավասարակշռությունից հանել, իսկապես դժվար է լինում մեղմությամբ վարվել։

Սակայն Աստվածաշունչը քրիստոնյաներին հորդորում է մեղմ լինել։ Աստծու Խոսքում այդ հատկությունը կապվում է իմաստության հետ։ Հակոբոսը գրել է. «Ո՞վ է իմաստուն և հասկացող ձեր մեջ։ Թող նա իր լավ վարքով մեղմությամբ ցույց տա իր գործերը, որը բնորոշ է իմաստությանը» (Հակ. 3։13)։ Ինչպե՞ս է մեղմությունը արտացոլում վերին իմաստությունը։ Ի՞նչը կօգնի, որ զարգացնենք այս աստվածահաճո հատկությունը։

ԻՆՉՈՒ Է ՄԵՂՄՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԵԼԸ ԻՄԱՍՏՈՒՆ

Մեղմությունը կարող է թուլացնել լարվածությունը։ «Մեղմ պատասխանը հեռացնում է ցասումը, բայց ցավ պատճառող խոսքը բարկություն է բորբոքում» (Առակ. 15։1

Ջղային արձագանքով կարող ենք կրակի վրա յուղ լցնել՝ ավելի սրելով լարված իրավիճակը (Առակ. 26։21)։ Իսկ մեղմ պատասխանը հաճախ թուլացնում է լարվածությունը։ Այն նույնիսկ կարող է փոխել թշնամաբար տրամադրված անձի վերաբերմունքը։

Անտոնիան սեփական փորձով համոզվեց դրանում։ Այն կինը, տեսնելով նրա մեղմ պատասխանը, սկսեց լաց լինել։ Նա պատմեց, որ անձնական և ընտանեկան խնդիրները խեղդում են իրեն։ Անտոնիան լավ վկայություն տվեց, և կինը սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Այս ամենը արդյունքն էր Անտոնիայի դրսևորած մեղմության և խաղաղասիրության։

Մեղմությունը երջանկություն է բերում։ «Երջանիկ են նրանք, ովքեր հեզ են [«մեղմ», ծնթ.], որովհետև նրանք կժառանգեն երկիրը» (Մատթ. 5։5

Ինչո՞ւ են մեղմ մարդիկ երջանիկ։ Մեղմություն «հագնելով»՝ շատ մարդիկ, որոնք նախկինում ագրեսիվ էին, այսօր երջանիկ են։ Նրանց կյանքը դեպի լավն է փոխվել, և նրանք գիտեն, որ իրենց հրաշալի ապագա է սպասում (Կող. 3։12)։ Իսպանիայում ծառայող մի շրջանային վերակացու, որի անունը Ադոլֆո է, հիշում է, թե ինչպիսին էր իր կյանքը, երբ դեռ ճշմարտության մեջ չէր։

«Աննպատակ կյանք էի վարում,— պատմում է Ադոլֆոն։— Հաճախ էի հունից դուրս գալիս, այնքան հաճախ, որ նույնիսկ ընկերներիս էր վախեցնում իմ հանդուգն, բռնի պահվածքը։ Բայց իմ կյանքում ամեն բան փոխվեց այն բանից հետո, երբ կռվի ժամանակ դանակով ինձ վեց հարված հասցրին, և ես այնքան արյուն կորցրի, որ քիչ էր մնում՝ մահանայի»։

Սակայն այսօր Ադոլֆոն թե՛ խոսքով, թե՛ սեփական օրինակով ուրիշներին սովորեցնում է մեղմ լինել։ Շատերին են գրավում նրա ջերմությունն ու հաճելի բնավորությունը։ Ինչպես ասում է Ադոլֆոն, նա երջանիկ է, որ իր կյանքում այդպիսի փոփոխություններ է արել։ Նաև երախտապարտ է Եհովային, որ իրեն օգնել է մեղմություն զարգացնել։

Մեղմությունը ուրախացնում է Եհովային։ «Որդի՛ս, իմաստուն եղիր և սիրտս ուրախացրու, որ ես կարողանամ պատասխան տալ նրան, ով չարախոսում է ինձ» (Առակ. 27։11

Եհովայի ոխերիմ թշնամին՝ Սատանան, միտումնավոր կերպով չարախոսում է նրան։ Ուստի Աստված ամեն պատճառ ունի զայրանալու, սակայն, ինչպես ասում է Աստվածաշունչը, Եհովան «բարկանալու մեջ դանդաղ» է (Ելք 34։6)։ Եթե ձգտում ենք Եհովայի պես դանդաղ լինել բարկանալու մեջ և մեղմություն դրսևորել, մենք իմաստությամբ ենք վարվում, ինչը շատ է ուրախացնում Եհովային (Եփես. 5։1

Այսօր աշխարհում թշնամանքի մթնոլորտ է տիրում։ Հնարավոր է՝ հանդիպենք մարդկանց, որոնք «մեծամիտ [են], գոռոզ, հայհոյող.... զրպարտող, ինքնատիրապետում չունեցող, դաժան» (2 Տիմոթ. 3։2, 3)։ Սակայն դա չպետք է խոչընդոտ դառնա, որ քրիստոնյան մեղմություն զարգացնի։ Աստծու Խոսքը հիշեցնում է, որ «վերին իմաստությունը.... խաղաղարար [է], խոհեմ (Հակ. 3։17)։ Խաղաղարար և խոհեմ լինելով՝ փաստում ենք, որ վերին իմաստություն ենք ձեռք բերել։ Այդպիսի իմաստությունը կմղի, որ մեղմությամբ արձագանքենք, երբ մեզ փորձում են հավասարակշռությունից հանել։ Դա մեզ ավելի կմտերմացնի Եհովայի հետ, ով անհուն իմաստության Աղբյուրն է։