Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եհովայի համար ամեն բան հնարավոր է

Եհովայի համար ամեն բան հնարավոր է

«ՄԱՀ այլևս չի լինի, անգամ մահացածները կկենդանանան»։ Այս խոսքերը հասան կնոջս՝ Մայրամբուբուի ականջին, երբ նա ավտոբուսում էր։ Դրանք շարժեցին նրա հետաքրքրությունը, և նա ցանկացավ ավելին իմանալ։ Երբ ավտոբուսը կանգ առավ, և ուղևորները իջան, Մայրամբուբուն գնաց այն կնոջ հետևից, ով ասել էր այդ խոսքերը։ Նրա անունը Ապուն Մամբետսադիկովա էր։ Նա Եհովայի վկա էր։ Այն ժամանակ Վկաների հետ զրուցելը վտանգավոր էր, բայց այն, ինչ իմացանք Ապունից, փոխեց մեր կյանքը։

ԱՐԵՎԱԾԱԳԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՅՐԱՄՈՒՏ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ

Ծնվել եմ 1937 թ.-ին Ղրղզստանի Տոկմակ քաղաքի մոտ գտնվող մի գյուղում՝ ղրղըզ ընտանիքում։ Մեր մայրենի լեզուն ղրղզերենն է։ Ծնողներս հողագործներ էին և արևածագից մինչև մայրամուտ աշխատում էին կոլխոզում։ Նրանց և առհասարակ բոլոր գյուղացիներին կանոնավորաբար սննդամթերք էին տալիս, բայց թղթադրամով աշխատավարձ տալիս էին միայն տարին մեկ անգամ։ Մայրս շատ էր չարչարվում, որ կարողանար հոգալ իմ և փոքր քրոջս մասին։ Դպրոցում սովորեցի ընդամենը հինգ տարի, որովհետև սկսեցի ամբողջ օրն աշխատել կոլխոզում։

Տերսկեյ Ալատոո լեռնաշղթան

Մեր շրջանում համատարած աղքատություն էր տիրում։ Մարդիկ այնքան էին աշխատում, որ ուժասպառ էին լինում, բայց կարողանում էին միայն ծայրը ծայրին հասցնել։ Երիտասարդ տարիքում շատ չէի մտածում կյանքի իմաստի կամ ապագայի մասին։ Չէի էլ կարող պատկերացնել, թե Եհովա Աստծու և նրա նպատակների մասին հիանալի ճշմարտությունները ինչպես էին փոխելու կյանքս։ Այն, թե բարի լուրը ինչպես է հասել Ղրղզստան և տարածվել, շատ հետաքրքիր պատմություն է։ Ամեն բան սկսվել է իմ հարազատ վայրերում՝ երկրի հյուսիսում։

ՆԱԽԿԻՆ ԱՔՍՈՐՅԱԼՆԵՐԸ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՐՈՒՄ ԵՆ ՂՐՂԶՍՏԱՆ

Ղրղզստանում Եհովա Աստծու մասին ճշմարտությունը արմատներ է գցել 1950-ականներին։ Սակայն այն պետք է ճեղքեր մի մեծ ժայռաբեկոր՝ կոմունիստական հզոր գաղափարախոսությունը։ Ինչո՞ւ։ Քանի որ այն տարիներին այժմյան Ղրղզստանը գտնվում էր ԽՍՀՄ կազմում։ ԽՍՀՄ-ում բնակվող Եհովայի վկաները քաղաքական հարցերում չեզոքություն էին պահում (Հովհ. 18։36)։ Այդ պատճառով նրանց հալածում էին որպես կոմունիստական պետության թշնամիների։ Բայց ոչ մի տեսակի գաղափարախոսություն չի կարող խոչընդոտել, որ Աստծու Խոսքը հասնի անկեղծ մարդկանց սրտերին։ Ամենաարժեքավոր դասը, որ սովորել եմ իմ ապրած երկար տարիների ընթացքում, այն է, որ Եհովայի համար «ամեն բան հնարավոր է» (Մարկ. 10։27

Էմիլ Յանցեն

Եհովայի վկաների դեմ ուղղված հալածանքը նպաստեց, որ ճշմարտությունը հասնի Ղրղզստան։ Ինչպե՞ս։ ԽՍՀՄ-ում պետության թշնամիներին աքսորում էին Սիբիր։ Երբ այս աքսորյալները ազատ արձակվեցին, նրանցից շատերը բնակություն հաստատեցին Ղրղզստանում։ Այդ աքսորյալներից ոմանք իրենց հետ ճշմարտությունը բերեցին այստեղ։ Նրանցից մեկը Էմիլ Յանցենն էր։ Նա ծնվել էր Ղրղզստանում 1919-ին։ Էմիլին ուղարկել էին ուղղիչ-աշխատանքային ճամբար։ Այնտեղ նա ծանոթացել էր Վկաների հետ, ընդունել էր ճշմարտությունը և 1956-ին վերադարձել էր տուն։ Էմիլը բնակություն էր հաստատել Սոկուլուկում, որը գտնվում է իմ հարազատ վայրերում։ Ղրղզստանում առաջին ժողովը կազմվեց հենց Սոկուլուկում 1958 թ.-ին։

Վիկտոր Վինտեր

Մոտ մեկ տարի անց Սոկուլուկ տեղափոխվեց Վիկտոր Վինտերը։ Այդ հավատարիմ եղբայրը պարբերաբար հալածվել էր և զրկանքներ կրել։ Իր չեզոքությունը պահելու համար նա երկու անգամ երեք տարով ազատազրկվել էր։ Դրանից հետո ևս տասը տարի անցկացրել էր բանտում, ապա հինգ տարի՝ աքսորավայրում։ Սակայն հալածանքը չկանգնեցրեց ճշմարիտ երկրպագության տարածումը։

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է

Էդուարդ Վարտեր

Մինչև 1963 թվականը Ղրղզստանում կար մոտ 160 Վկա, որոնցից շատերը ծնունդով Գերմանիայից էին, Ուկրաինայից և Ռուսաստանից։ Այդ Վկաներից մեկը նախկին աքսորյալ Էդուարդ Վարտերն էր, որը մկրտվել էր 1924-ին Գերմանիայում։ 1940-ին նացիստները նրան ուղարկել էին համակենտրոնացման ճամբար, իսկ մի քանի տարի անց ԽՍՀՄ-ում կոմունիստները նրան Սիբիր էին աքսորել։ Այս հավատարիմ եղբայրը 1961-ին տեղափոխվեց Կանտ քաղաք, որը շատ մոտ էր գտնվում իմ բնակավայրին։

Էլիզաբեթ Ֆոտ, Ակսամայ Սուլթանալիևա

Էլիզաբեթ Ֆոտը, որը Եհովայի հավատարիմ ծառաներից էր, նույնպես ապրում էր Կանտում։ Նա իր ապրուստը վաստակում էր՝ աշխատելով որպես դերձակ։ Քանի որ նա վարպետ էր իր գործում, նրա հաճախորդների մեջ կային բժիշկներ և ուսուցիչներ։ Այդ հաճախորդներից մեկը Ակսամայ Սուլթանալիևան էր, որի ամուսինը դատախազության պաշտոնյա էր։ Երբ Ակսամայը հագուստ պատվիրելու համար գալիս էր Էլիզաբեթի մոտ, բազմաթիվ հարցեր էր տալիս, օրինակ, կյանքի իմաստի և մահվան մասին։ Էլիզաբեթը հենց Աստվածաշնչից էր պատասխանում նրա հարցերին։ Ի վերջո Ակսամայը դարձավ բարի լուրի եռանդուն քարոզիչ։

Նիկոլայ Չիմպոեշ

Գրեթե նույն ժամանակ Նիկոլայ Չիմպոեշը, որը Մոլդովայից էր, նշանակվեց որպես շրջանային վերակացու և այս ծառայությունը կատարեց մոտ 30 տարի։ Նա ոչ միայն այցելում էր ժողովներ, այլև կազմակերպում էր մեր գրականության կրկնօրինակման ու տարածման գործը։ Նրա գործունեությունը չվրիպեց իշխանությունների աչքից։ Այս առումով Էդուարդ Վարտերը Նիկոլային մի սրտապնդող խորհուրդ տվեց. «Երբ իշխանության ներկայացուցիչները հարցաքննեն քեզ, ուղիղ նայիր ՊԱԿ-ի գործակալի աչքերին և բացեիբաց ասա, որ մեր գրականությունը Բրուքլինում գտնվող գլխավոր վարչությունից ենք ստանում։ Դու վախենալու ոչինչ չունես» (Մատթ. 10։19

Այս զրույցից կարճ ժամանակ անց Նիկոլային կանչեցին Կանտ քաղաքում գտնվող ՊԱԿ-ի վարչություն (ԿԳԲ)։ Նա պատմում է. «Գործակալը հարցրեց, թե որտեղից ենք ստանում մեր գրականությունը։ Ասացի՝ Բրուքլինից։ Նա չիմացավ՝ ինչ ասի։ Ապա թույլ տվեց, որ հեռանամ ու այլևս երբեք չկանչեց ինձ»։ Քաջ Վկաները շարունակեցին, զգուշություն դրսևորելով, բարի լուրը տարածել Ղրղզստանի հյուսիսում։ Եհովայի մասին անգին ճշմարտությունը հասավ նաև իմ ընտանիք, երբ 1981 թ.-ին կինս առաջին անգամ լսեց այն։

ԿԻՆՍ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԱՍԿԱՑԱՎ, ՈՐ ԳՏԵԼ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Մայրամբուբուն Ղրղզստանի Նարինի շրջանից է։ 1974 թ. օգոստոսին նա հյուր եկավ քրոջս տուն, որտեղ մենք առաջին անգամ տեսանք իրար։ Ես միանգամից հավանեցի նրան, և մենք հենց նույն օրը ամուսնացանք։

Ապուն Մամբետսադիկովա

1981 թ. հունվարին կինս ավտոբուսով շուկա գնալիս լսեց վերը նշված խոսակցությունը և ցանկացավ ավելին իմանալ։ Նա այդ կնոջից հարցրեց նրա անունը և հասցեն։ Կինն ասաց, որ իր անունը Ապուն է, բայց չցանկացավ իր հասցեն տալ, որովհետև 1980-ականներին Եհովայի վկաների գործունեությունը դեռ արգելքի տակ էր։ Փոխարենը՝ նա կնոջիցս մեր հասցեն խնդրեց։ Այդ օրը կինս տուն եկավ շատ ոգևորված։

«Ես հիանալի բաներ եմ իմացել,— ասաց Մայրամբուբուն։— Մի կին ինձ ասաց, որ շուտով մարդիկ այլևս չեն մահանալու։ Նույնիսկ գիշատիչ կենդանիներն են անվնաս դառնալու»։ Ինձ այդ ամենը հեքիաթ թվաց, ու ես ասացի. «Արի սպասենք, մինչև այդ կինը գա և մանրամասնորեն պատմի մեզ»։

Ապունը մեզ այցելեց երեք ամիս անց։ Հետագա հանդիպումներին մենք ծանոթացանք ազգությամբ ղրղըզ առաջին Վկաներից ոմանց հետ։ Այդ քույրերը Եհովայի և մարդկության հետ կապված նրա նպատակների մասին հրաշալի ճշմարտություններ հայտնեցին մեզ։ Նրանք մեզ համար կարդում էին «Կորցված դրախտից վերականգնված դրախտ» գիրքը *։ Քանի որ Տոկմակում այդ գրքից միայն մեկ օրինակ կար, մենք արտագրեցինք այն մեզ համար։

Մեր սովորած առաջին ճշմարտություններից մեկը Ծննդոց 3։15-ում գրված մարգարեությունն էր, որը կատարվելու է Հիսուսի՝ Մեսիական Թագավորության Թագավորի միջոցով։ Սա շատ կարևոր տեղեկություն է, որը պետք է լսի ամեն մարդ։ Այս ճշմարտությունն իմանալը ևս մեկ պատճառ հանդիսացավ, որ մենք սկսենք մասնակցել քարոզչական գործին (Մատթ. 24։14)։ Կարճ ժամանակ անց ճշմարտությունը սկսեց փոխել մեր կյանքը։

ԱՐԳԵԼՔԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՀԱՃԱԽՈՒՄ ԵՆՔ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ՄԿՐՏՎՈՒՄ

Մի անգամ եղբայրներից մեկը մեզ հրավիրեց հարսանեկան խնջույքի, որը տեղի էր ունենալու Տոկմակում։ Ես ու կինս նկատեցինք, թե իրենց պահվածքով Վկաները որքան էին տարբերվում մյուսներից։ Սեղաններին ալկոհոլ չկար, և խնջույքը շատ լավ էր կազմակերպված։ Այդ ամենը շատ էր տարբերվում մեր տեսած բոլոր հարսանիքներից, որոնց ժամանակ հյուրերը հաճախ հարբում էին, անհարիր վարք էին դրսևորում և կեղտոտ խոսքեր էին ասում։

Մենք սկսեցինք հաճախել ժողովի որոշ հանդիպումների, որոնք անցկացվում էին Տոկմակում։ Եթե եղանակը թույլ էր տալիս, դրանք տեղի էին ունենում անտառում։ Քույրերն ու եղբայրները գիտեին, որ ոստիկանները ուշադիր հետևում են մեզ, ուստի մի եղբայր պահակ էր կանգնում, որ վտանգի դեպքում տեղեկացներ մեզ։ Ձմռանը հանդիպումները տանն էինք անցկացնում։ Մի քանի անգամ ոստիկանությունը եկել է և պահանջել, որ ասենք, թե ինչու ենք հավաքվել։ 1982 թ. հուլիսին ես ու կինս մկրտվեցինք Չու գետում։ Մկրտության ժամանակ մենք պետք է շատ զգույշ լինեինք (Մատթ. 10։16)։ Մի քանի հոգով հավաքվեցինք անտառում, երգեցինք Թագավորության երգերից մեկը, ապա լսեցինք մկրտության ելույթը։

ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

1987-ին եղբայրներից մեկը ինձ խնդրեց այցելել Բալիկչի քաղաքում բնակվող մի մարդու, որը հետաքրքրություն էր ցույց տվել։ Այնտեղ հասնելու համար պետք է գնացքով չորս ժամ գնայինք։ Մի քանի անգամ Բալիկչի այցելելով՝ նկատեցինք, որ մեր քարոզած լուրը շատերին է հետաքրքրում։ Մեզ համար պարզ դարձավ, որ սա մեր ծառայությունն ընդլայնելու հիանալի հնարավորություն է։

Ես ու կինս հաճախ էինք գնում Բալիկչի։ Շաբաթ-կիրակի օրերին մեծ մասամբ այնտեղ էինք մնում։ Քարոզում էինք ու ժողովի հանդիպումներ անցկացնում։ Այնտեղ շատերն էին ցանկանում կարդալ մեր հրատարակությունները։ Ուստի կարտոֆիլ տեղափոխելու պարկով Տոկմակից գրականություն էինք տանում։ Ամեն ամիս երկու պարկ գրականությունը հազիվ էր բավարարում։ Քարոզում էինք նաև գնացքում՝ Բալիկչի գնալիս ու հետ գալիս։

1995-ին՝ առաջին անգամ Բալիկչի այցելելուց ութ տարի անց, այնտեղ ժողով կազմավորվեց։ Տարիներ շարունակ Բալիկչի գնալ-գալու համար միջոցներ էին անհրաժեշտ, իսկ մենք շատ փող չունեինք։ Ինչպե՞ս էինք հոգում ճանապարհածախսը։ Մի եղբայր մեզ կանոնավորաբար գումար էր տալիս այդ ծախսերը փակելու համար։ Եհովան տեսավ, որ շատ էինք ուզում ընդլայնել մեր ծառայությունը, և բացեց «երկնքի պատուհանները» (Մաղ. 3։10)։ Իրոք որ, Եհովայի համար ամեն բան հնարավոր է։

ԶԲԱՂՎԱԾ ԵՆՔ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՄԲ

1992-ին երեց նշանակվեցի. ես ազգությամբ ղրղըզ առաջին երեցն էի մեր երկրում։ Տոկմակի մեր ժողովի առաջ ծառայության նոր դռներ բացվեցին։ Մենք Աստվածաշնչի ուսումնասիրություն էինք անցկացնում բազմաթիվ ղրղըզ ուսանողների հետ, որոնք սովորում էին մեր քաղաքի ուսումնական հաստատություններում։ Այդ երիտասարդներից մեկը այժմ մասնաճյուղի կոմիտեի անդամ է, իսկ երկու այլ ուսումնասիրողներ էլ ծառայում են որպես հատուկ ռահվիրա։ Մենք նաև հանդիպումների ժամանակ օգնում էինք ներկաներին։ Բանն այն է, որ 1990-ականների սկզբում մեր հանդիպումները դեռ ռուսերեն էին անցկացվում։ Գրականությունը նույնպես ռուսերեն էր։ Բայց ժողովում գնալով ավելանում էր այն մարդկանց թիվը, ովքեր միայն ղրղզերեն՝ իրենց մայրենի լեզուն գիտեին։ Ուստի ես թարգմանչի դեր էի կատարում, որպեսզի նրանք կարողանային ավելի լավ հասկանալ ճշմարտությունը։

Կնոջս ու մեր երեխաներից ութի հետ (1989 թ.)

Ես ու կինս նաև հոգում էինք գնալով մեծացող մեր ընտանիքի կարիքները։ Երեխաներին մեզ հետ տանում էինք ծառայության ու ժողովի հանդիպումներին։ Մեր դուստրը՝ Գուլսայրան, դեռևս 12 տարեկանում շատ էր սիրում փողոցում անցորդների հետ խոսել Աստվածաշնչի մասին։ Մեր երեխաները նաև սիրում էին աստվածաշնչյան համարները անգիր սովորել։ Թե՛ նրանք, թե՛ հետագայում մեր թոռները սկսեցին ակտիվորեն մասնակցել ժողովի գործունեությանը։ Մեր 9 երեխաներից և 11 թոռներից 16-ը ծառայում են Եհովային կամ իրենց ծնողների հետ հաճախում են ժողովի հանդիպումներին։

ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեր թանկագին եղբայրներն ու քույրերը, ովքեր 1950-ականներին այս տարածքում սկիզբ դրեցին քարոզչական գործին, անչափ կուրախանային՝ տեսնելով այն փոփոխությունները, որոնց մենք ականատես եղանք։ Օրինակ՝ 1990-ականներից մենք ավելի մեծ ազատությամբ ենք քարոզում բարի լուրը և բազմամարդ հավաքույթներ անցկացնում։

Կնոջս հետ՝ ծառայության ժամանակ

1991-ին ես ու կինս մեր կյանքում առաջին անգամ ներկա եղանք մարզային համաժողովի, որը տեղի ունեցավ Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում (այժմ՝ Ալմաթի)։ Իսկ Ղրղզստանում առաջին անգամ մարզային համաժողով անցկացվեց 1993-ին Բիշքեք քաղաքի «Սպարտակ» մարզադաշտում։ Քարոզիչները մեկ շաբաթ մաքրում էին մարզադաշտը։ Այդ հաստատության տնօրենը այնքան տպավորվեց, որ մարզադաշտը անվճար տրամադրեց մեզ։

1994 թ.-ին ևս մեկ հատկանշական փոփոխություն եղավ. մեր հրատարակությունները սկսեցին ղրղզերեն լույս տեսնել։ Այսօր Բիշքեքի մասնաճյուղում ծառայող մի խումբ թարգմանիչներ մեր գրականությունը կանոնավորաբար թարգմանում են ղրղզերեն։ 1998-ին Ղրղզստանը օրինականապես ճանաչեց Եհովայի վկաների գործունեությունը։ Մեր երկրում մեծ աճ է գրանցվել, և այժմ քարոզիչների թիվը գերազանցում է 5 000-ը։ Այսօր Ղրղզստանում գործում է 83 ժողով և 25 խումբ, որոնց հանդիպումներն անցկացվում են անգլերենով, թուրքերենով, ղրղզերենով, չինարենով, ռուսական ժեստերի լեզվով, ռուսերենով, ուզբեկերենով և ույղուրերենով։ Մեր թանկագին եղբայրներն ու քույրերը տարբեր ծագում ունեն, սակայն միասնաբար ծառայում են Եհովային։ Այս նշանակալից փոփոխությունները հնարավոր դարձան Եհովայի շնորհիվ։

Եհովան նաև իմ կյանքը փոխեց։ Ես մեծացել եմ հասարակ գյուղացիների ընտանիքում և միայն հինգ տարվա կրթություն եմ ստացել։ Սակայն Եհովան պատվել է ինձ՝ թույլ տալով, որ ծառայեմ որպես երեց և աստվածաշնչյան թանկ ճշմարտությունները սովորեցնեմ մարդկանց, ովքեր շատ ավելի կրթված են, քան ես։ Եհովան ամենաանհավանական թվացող բաները իրականություն է դարձնում։ Ես իմ աչքերով եմ տեսել այդ ամենը։ Եվ դա մղում է, որ շարունակեմ հավատարմորեն վկայել Եհովայի մասին, ում համար «ամեն բան հնարավոր է» (Մատթ. 19։26

^ պարբ. 21 Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։ Այժմ չի տպագրվում։