Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Լեֆևր դ’Էտապլ. նա ցանկանում էր, որ հասարակ մարդիկ իմանան Աստծու Խոսքը

Լեֆևր դ’Էտապլ. նա ցանկանում էր, որ հասարակ մարդիկ իմանան Աստծու Խոսքը

1520-ԱԿԱՆՆԵՐԻ սկզբներին՝ մի կիրակի առավոտյան, Փարիզից ոչ հեռու գտնվող Մո փոքրիկ քաղաքի բնակիչները, եկեղեցում հավաքված, լսում էին ընթերցանություն Ավետարաններից։ Նրանք չէին կարողանում հավատալ իրենց ականջներին. ընթերցանությունը իրենց մայրենի լեզվով էր՝ ֆրանսերեն, ոչ թե լատիներեն։

Ավետարանները ֆրանսերեն թարգմանելու գործը ձեռնարկել էր Աստվածաշնչի թարգմանիչ Ժակ Լեֆևր դ’Էտապլը (լատիներեն՝ Յակոբուս Ֆաբեր Ստապուլենսիս)։ Հետագայում նա իր մտերիմ ընկերոջը գրեց. «Չես պատկերացնի, թե որոշ վայրերում Աստված ինչպես է հասարակ մարդկանց միտքը բացում, որ հասկանան իր Խոսքը»։

Այդ ժամանակ կաթոլիկ եկեղեցին և Փարիզի աստվածաբանները արգելում էին մարդկանց օգտվել Աստվածաշնչի այն թարգմանություններից, որոնք հասարակ ժողովրդի լեզվով էին։ Այդ դեպքում ի՞նչը մղեց Լեֆևրին Աստվածաշունչը թարգմանել ֆրանսերեն։ Եվ նա ինչպե՞ս կարողացավ օգնել հասարակ մարդկանց հասկանալ Աստծու Խոսքը։

ՓՆՏՐՈՒՄ Է ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԻՐԱԿԱՆ ԻՄԱՍՏԸ

Նախքան Աստվածաշնչի թարգմանիչ դառնալը Լեֆևրը իր կյանքը նվիրել էր փիլիսոփայության և աստվածաբանության դասական գործերի ուսումնասիրությանը՝ դրանց իմաստն ավելի ճշգրտորեն հասկանալու և մեկնաբանելու համար։ Նա նկատել էր, որ հին տեքստերի իմաստը դարերի ընթացքում հաճախ աղավաղվում է թարգմանությունների ժամանակ արված դիտավորյալ կամ պատահական սխալների հետևանքով։ Հնագույն ձեռագրերի իրական իմաստը հասկանալու համար նա սկսեց խորությամբ ուսումնասիրել կաթոլիկ եկեղեցու հիմնական Աստվածաշունչը՝ լատիներեն «Վուլգատան»։

Սուրբ Գրքի մանրակրկիտ ուսումնասիրությունների շնորհիվ Լեֆևրը եկավ այն եզրահանգման, որ «միայն աստվածային ճշմարտությունն ուսումնասիրելն է պարգևում.... մեծագույն երջանկություն»։ Այդ պատճառով նա դադարեց փիլիսոփայություն ուսումնասիրել և իր ողջ ուժերը տրամադրեց Աստվածաշնչի թարգմանությանը։

1509 թ.-ին Լեֆևրը մի աշխատություն * հրապարակեց, որում ընդգրկեց «Սաղմոսներ» գրքի հինգ տարբեր լատիներեն թարգմանություններ, այդ թվում «Վուլգատան»՝ իր կատարած ուղղումներով։ Ի տարբերություն իր ժամանակների աստվածաբանների՝ նա ձգտում էր աստվածաշնչյան տեքստը «բնական ու հասկանալի» կերպով փոխանցել։ Սուրբ Գիրքը մեկնաբանելու նրա մեթոդը մեծ ազդեցություն թողեց այլ աստվածաշնչագետների, ինչպես նաև ռեֆորմատորների վրա (տես « Լեֆևրի ազդեցությունը Մարտին Լյութերի վրա» շրջանակը)։

Աստծու՝ «Սաղմոսներ» գրքում հանդիպող տիտղոսների ցուցակը «Հինգմասնյա սաղմոսագրքում»՝ հրատարակված 1513 թ.-ին

Լեֆևրը, որը ծնվել էր որպես կաթոլիկ, համոզված էր, որ եկեղեցին հնարավոր է բարեփոխել միայն այն դեպքում, եթե Աստվածաշունչը ինչպես հարկն է ուսուցանվի հասարակ ժողովրդին։ Բայց ինչպե՞ս կարող էին մարդիկ օգուտ քաղել Սուրբ Գրքից, եթե այն հիմնականում հասանելի էր միայն լատիներենով։

ԲՈԼՈՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավետարանների թարգմանության նախաբանը հաստատում է, որ Լեֆևրը ցանկանում էր, որ Աստվածաշունչը բոլոր մարդկանց հասանելի լինի նրանց մայրենի լեզվով

Աստծու Խոսքի հանդեպ խոր սիրուց մղված՝ Լեֆևրը որոշեց այն հասանելի դարձնել հնարավորինս շատ մարդկանց։ Իր այս նպատակին հասնելու համար 1523 թ. հունիսին նա հրատարակեց Ավետարանների ֆրանսերեն թարգմանություն՝ փոքր չափի երկու հատորով։ Իրենց փոքր չափի շնորհիվ այս հատորները ստանդարտ հրատարակության կես գինն արժեին, ուստիև համեստ միջոցների տեր մարդիկ կարող էին հեշտությամբ ձեռք բերել դրանք։

Այդ աշխատությունը անմիջապես բուռն արձագանք գտավ հասարակ մարդկանց շրջանում։ Թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ շատ էին ուզում իրենց մայրենի լեզվով կարդալ Հիսուսի խոսքերը, ուստի տպագրված առաջին 1 200 օրինակը ամբողջությամբ վաճառվեց ընդամենը մի քանի ամսում։

ՆԱ ՔԱՋԱԲԱՐ ՊԱՇՏՊԱՆԵՑ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Ավետարանների թարգմանության նախաբանում Լեֆևրը գրեց, որ դրանք ֆրանսերեն է թարգմանել, որպեսզի եկեղեցու «հասարակ անդամները.... կարողանան նույնքան համոզված լինել Ավետարանի ճշմարտացիության մեջ, որքան նրանք, ովքեր կարդում են այն լատիներենով»։ Բայց ինչո՞ւ էր Լեֆևրը այդքան շատ ցանկանում օգնել հասարակ մարդկանց հասկանալու, թե ինչ է իրականում սովորեցնում Աստվածաշունչը։

Լեֆևրը լավ գիտեր, որ կաթոլիկ եկեղեցին ապականվել է մարդկային գաղափարներով ու փիլիսոփայությամբ (Մարկոս 7։7; Կողոսացիներ 2։8)։ Նա համոզված էր, որ հասել է ժամանակը, որ Ավետարանները «ճշգրտորեն փոխանցվեն աշխարհին, որպեսզի ժողովուրդը այլևս չխաբվի մարդկային կեղծ գաղափարներով»։

Լեֆևրը նաև ջանում էր ցույց տալ, թե որքան անհիմն էին այն մարդկանց բերած փաստարկները, ովքեր խոչընդոտում էին Աստվածաշունչը ֆրանսերեն թարգմանելու գործին։ Նա մերկացնում էր նրանց կեղծավորությունը՝ ասելով. «Ինչպե՞ս են նրանք սովորեցնելու [մարդկանց] պահել այն ամենը, ինչ պատվիրել է Հիսուս Քրիստոսը, եթե ամենևին չեն ցանկանում, որ հասարակ ժողովուրդը ունենա և կարդա Աստծու Ավետարանը իր մայրենի լեզվով» (Հռոմեացիներ 10։14

Զարմանալի չէ, որ Փարիզի համալսարանի (Սորբոն) աստվածաբանները շուտով փորձեցին լռեցնել Լեֆևրին։ 1523 թ. օգոստոսին նրանք հայտարարեցին, որ դեմ են Աստվածաշնչի՝ ֆրանսերեն թարգմանություններին և մեկնաբանություններին, և դրանք համարում են «եկեղեցու համար վնասաբեր»։ Եվ եթե Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ I-ը չմիջամտեր, Լեֆևրին կդատապարտեին որպես հերետիկոսի։

«ԼՈՒՌ» ԹԱՐԳՄԱՆԻՉԸ ԱՎԱՐՏԻՆ Է ՀԱՍՑՆՈՒՄ ԻՐ ԳՈՐԾԸ

Լեֆևրը թույլ չտվեց, որ իր աշխատությունների հետ կապված թեժ վիճաբանությունները իրեն հետ պահեն Աստվածաշունչը թարգմանելուց։ 1524 թ.-ին Հունարեն Գրությունների (կամ՝ Նոր Կտակարանի) թարգմանությունն ավարտելուց հետո նա հրապարակեց «Սաղմոսներ» գրքի ֆրանսերեն թարգմանությունը, որպեսզի հավատացյալ մարդիկ «ավելի մեծ հավատով ու ջերմեռանդորեն» աղոթեին Աստծուն։

Սորբոնի աստվածաբանները առանց ժամանակ կորցնելու մաղով անցկացրին Լեֆևրի աշխատությունները։ Շատ չանցած՝ նրանք պատվիրեցին հանրորեն այրել Հունարեն Գրությունների՝ Լեֆևրի թարգմանությունը և նրա որոշ աշխատությունների վերաբերյալ հայտարարեցին, թե դրանք «թիկունք են կանգնում Լյութերի հերետիկոսական դավանաբանությանը»։ Երբ աստվածաբանները պահանջեցին, որ Լեֆևրը հիմնավորի իր առաջ քաշած տեսակետները, վերջինս որոշեց լուռ մնալ և փախավ Ստրասբուրգ։ Այնտեղ նա գաղտնի շարունակեց թարգմանել Աստվածաշունչը։ Թեև ոմանք Լեֆևրի բռնած դիրքը վախկոտություն համարեցին, բայց նա կարծում էր, որ դա լավագույն կերպն էր պատասխանելու նրանց, ովքեր չէին գնահատում աստվածաշնչյան ճշմարտության թանկարժեք «մարգարիտները» (Մատթեոս 7։6

Մոտ մեկ տարի անց Ֆրանցիսկ I-ը Լեֆևրին դարձրեց իր չորսամյա որդու՝ Կարլոսի դաստիարակը։ Այս հանձնարարությունը կատարելիս Լեֆևրը բավականին ժամանակ ուներ Աստվածաշնչի իր թարգմանությունը ավարտին հասցնելու համար։ 1530 թ.- ին Կարլոս V կայսեր հավանությամբ Ֆրանսիայից դուրս՝ Անտվերպենում, տպագրվեց Լեֆևրի՝ ամբողջական Աստվածաշնչի թարգմանությունը։ *

ՉԻՐԱԿԱՆԱՑԱԾ ՀՈՒՅՍԵՐ

Ողջ կյանքի ընթացքում Լեֆևրը հույս ուներ, որ մի օր եկեղեցին կդադարի մարդկային ավանդույթներին հետևելուց և կվերադառնա աստվածաշնչյան մաքուր ճշմարտությանը։ Նա խորապես համոզված էր, որ «յուրաքանչյուր քրիստոնյայի իրավունքն է, ավելին՝ պարտականությունն է անձամբ կարդալ և ուսումնասիրել Աստվածաշունչը»։ Ահա թե ինչու էր նա այդքան ջանք թափում, որ Աստծու Խոսքը հասանելի լինի բոլորին։ Ճիշտ է, եկեղեցին բարեփոխված տեսնելու Լեֆևրի ցանկությունը այդպես էլ չիրականացավ, բայց նա, անկասկած, մեծ ներդրում ունեցավ Աստծու Խոսքը հասարակ մարդկանց հասանելի դարձնելու գործում։

^ պարբ. 8 «Հինգմասնյա սաղմոսագիրքը» պարունակում էր «Սաղմոսներ» գրքի հինգ տարբեր թարգմանություններ՝ գրված առանձին սյունակներում։ Այն նաև ընդգրկում էր Աստծու տիտղոսների մի ցուցակ, որը ներառում էր քառագիրը՝ Աստծու անունը ներկայացնող եբրայերեն չորս տառերը։

^ պարբ. 21 Հինգ տարի հետո՝ 1535 թ.-ին ֆրանսիացի թարգմանիչ Օլիվետանը հրապարակեց Աստվածաշնչի իր թարգմանությունը՝ թարգմանված բնագիր լեզուներից։ Հունարեն Գրությունները թարգմանելիս նա մեծապես օգտվել էր Լեֆևրի աշխատություններից։