Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչ կարող են անել ծնողները

Ինչ կարող են անել ծնողները

«Դասարանում աշակերտները շատ-շատ էին։ Հովհարներ չկային, շոգը խեղդում էր» (Լուիս, Բոլիվիա)։

«Մեր դպրոցը մի քանի ուսուցիչ ուներ, հետևաբար աշակերտները անհատական ուշադրություն չէին ստանում։ Դպրոցում քարտեզներ չկային, իսկ լաբորատորիաներում՝ անհրաժեշտ պարագաներ։ Չունեինք նաև գրադարան» (Դորկաս, Մյանմա)։

«Ուսուցիչների մեծ մասը չէր կարողանում վերահսկել դասարանը։ Երբեմն աշակերտները շատ անկարգ էին և խանգարում էին դասը» (Նինա, Հարավաֆրիկյան Հանրապետություն)։

ԻՆՉՊԵՍ տեսնում ենք, որոշ դպրոցներում շատ դժվար է սովորել։ Որպես ծնող՝ ինչպե՞ս կարող ես օգնել երեխաներիդ, չնայած խնդիրներին, օգուտներ քաղելու դպրոցում ստացած կրթությունից։ Ահա մի քանի առաջարկներ։

Նախաձեռնություն վերցրու։

Խնդիրների վրա կենտրոնանալու փոխարեն, հատկապես, որ շատ խնդիրներ քո հսկողությունից դուրս են, մտածիր, թե ինչ կարող ես անել։ Եթե երեխադ չի կարողանում սովորել որևէ առարկա կամ ծանրաբեռնված է տնային աշխատանքներով, միասին փորձեք մտածել, թե ինչ լուծումներ կարող եք գտնել։ Օրինակ՝ գուցե կարիք կա տանը դասերը անելու համար ավելի հարմար պայմաններ ստեղծել։ Հնարավոր է՝ երեխային պետք է օգնել ամենակարևոր հանձնարարությունները կատարելու համար գրաֆիկ կազմելու հարցում։ Գուցե հարկավոր է մասնավոր ուսուցիչ վարձել։ Լրացուցիչ առաջարկների համար թերևս կարող ես զրուցել ուսուցչի հետ։ Ուսուցիչներին համարիր ոչ թե թշնամի, այլ ընկեր։

Օգնիր երեխայիդ կենտրոնանալու դպրոցում սովորելու նպատակի վրա։

Կրթությունը պետք է օգնի երեխայիդ լինելու պատրաստված և պատասխանատվության զգացում ունեցող անձնավորություն։ Նպատակը չպետք է լինի միայն այն, որ նա սովորի հետագայում հարստություն ձեռք բերելու համար։ Այնուամենայնիվ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ պատանիներ հենց հարստանալու նպատակով են սովորում։ Աստվածաշունչը հորդորում է նյութական իրերի հետ կապված հավասարակշռված տեսակետ ունենալ։ Թեև Սուրբ Գիրքն ընդունում է, որ «փողը պաշտպանություն է տալիս», բայց նաև զգուշացնում է, որ «նրանք, ովքեր որոշում են հարստանալ», իսկական երջանկություն չեն գտնի (Ժողովող 7։12; 1 Տիմոթեոս 6։9

Թույլ տուր երեխայիդ սովորել հաղթահարել խնդիրները։

Շատ ուսուցիչներ ասում են, որ թեև որոշ աշակերտների հետ դժվար է, սակայն որոշ ծնողների հետ ավելի դժվար է։ Նրանք արագ միջամտում են և բողոքում, երբ իրենց տղան կամ աղջիկը խնդիրների մեջ է ընկնում դպրոցում կամ քննությունը վատ է հանձնում։ Օրինակ՝ «Թայմ» հանդեսը տեղեկացնում է, որ քոլեջի պրոֆեսորներից մեկը այնպիսի ուսանողներ ունի, որոնք «հենց դասի ժամին զանգահարում են իրենց ծնողներին և բողոքում ցածր գնահատական ստանալու համար, հետո փոխանցում են հեռախոսը իրեն, քանի որ ծնողը  ուզում է խոսել։ Ծնողը ասում է նրան, որ մեծ գումարներ է վճարում իր երեխայի կրթության համար, հետևաբար բացի ամենաբարձր գնահատականից, մյուս գնահատականները անընդունելի են իր կատարած ներդրման դիմաց»։

Շատ ուսուցիչներ ասում են, որ թեև երեխաների հետ դժվար է, բայց ավելի դժվար է ծնողների հետ

Նման ծնողները իրենց երեխաներին լավություն չեն անում։ Իրականում, նրանք ոչ թե «փրկում են» երեխաներին, այլ չեն թողնում, որ նրանք «զգան իրենց որոշումների հետևանքները և ինքնուրույն լուծեն խնդիրները», այսպես է գրում Փոլի Յանգ-Իզենդրատը իր՝ «Ինքնահարգանքի ծուղակ» գրքում։ Նա ավելացնում է. «Եթե ծնողները չափից շատ են խառնվում, որ պաշտպանեն երեխաներին ու լուծեն նրանց խնդիրները, երբ նրանք հետին պլանում իրենց համար նստած են ու ոչինչ չեն անում, այդ դեպքում նրանք ավելի ուժեղ կդառնան, երեխաները՝ ավելի թույլ, իսկ հետագայում, երբ ծնողներից առանձին լինեն ու փորձեն ինքնուրույն «քայլել», կընկնեն» (The Self-Esteem Trap)։

Ողջամիտ եղիր հետագա կրթություն ստանալու հարցում։

Ինչպես արդեն նշվեց, կրթությունը կարող է օգնել երեխային լինելու պատրաստված և պատասխանատվության զգացում ունեցող անձնավորություն (Ծննդոց 2։24)։ Բայց որքա՞ն պետք է երեխան կրթություն ստանա այդ նպատակին հասնելու համար։

Մի՛ մտածիր, որ երեխադ պետք է համալսարան ընդունվի, որպեսզի լավ կյանքով կարողանա ապրել։ Կան այլ տարբերակներ, և դրանց համար ավելի քիչ գումար է պետք։ Իրականում, որոշ դեպքերում նրանք, ովքեր հմուտ են առևտրի բնագավառում, կարող են այնքան փող վաստակել, որքան համալսարան ավարտածը։

Ամփոփում։ Դպրոցները իդեալական կրթօջախ չեն, և դպրոցականները այսօր բախվում են այնպիսի դժվարությունների, որ մի քանի տասնամյակ առաջ նույնիսկ գոյություն չեն ունեցել։ Սակայն, ծնողնե՛ր, ձեր օգնությամբ երեխաները կարո՛ղ են հաջողությունների հասնել դպրոցում։ Կարող եք ընտանիքով քննարկել այս ամսագրի տպված տարբերակի 3-ից 7-րդ էջերի խորհուրդները։

Կրթությունը պետք է օգնի երեխային դառնալու պատրաստված և պատասխանատվության զգացում ունեցող անձնավորություն