Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպես հաղթահարել դաշտանադադարի դժվարությունները

Ինչպես հաղթահարել դաշտանադադարի դժվարությունները

«Անսպասելիորեն և առանց որևէ պատճառի ինձ տխրություն էր համակում։ Ես լաց էի լինում և մտածում, որ գուցե խելագարվում եմ» (Ռոնդրո*, 50 տարեկան)։

«Առավոտյան արթնանում ես, և թվում է, թե տանդ մեջ քաոս է տիրում։ Չես կարողանում գտնել իրերդ։ Այն, ինչ տարիներ շարունակ արել ես հեշտությամբ, այժմ շատ դժվար է թվում, ու չես հասկանում, թե ինչու» (Հանտա, 55 տարեկան)։

ԱՅՍ կանայք հիվանդ չէին։ Պարզապես նրանց օրգանիզմում սկսել էր դաշտանադադարի շրջանը։ Դա կնոջ կյանքում բնական փոփոխության շրջան է, որի ընթացքում դադարում է նրա մանկածնման ֆունկցիան։ Եթե դու էլ այդ տարիքում ես, ապա որքան շատ բան դու և քո հարազատները իմանաք այդ շրջանի մասին, այնքան ավելի հեշտությամբ կհաղթահարեք դրա հետ կապված դժվարությունները։

Դաշտանադադարի շրջան

Դաշտանադադարի շրջանը, որը կոչվում է նաև շուրջդաշտանադադարային շրջան, ներառում է դաշտանադադարին նախորդող շրջանը և հենց դաշտանադադարը *։ Բայց սովորաբար «դաշտանադադար» բառը օգտագործում են այդ ողջ շրջանի համար։

Կանանց մեծամասնության պարագայում շուրջդաշտանադադարային շրջանը սկսվում է 40-ից հետո, իսկ ոմանց դեպքում՝ 60-ից հետո։ Հիմնականում դաշտանը դադարում է աստիճանաբար։ Հորմոնների արտադրության փոփոխությունների պատճառով ժամանակ առ ժամանակ գուցե լինեն դաշտանի բացակայություն, պատահական արյունահոսություն կամ գերառատ դաշտան։ Քչերի պարագայում դաշտանը կտրուկ է դադարում, ասես մեկ գիշերվա մեջ։

Դաշտանադադարի վերաբերյալ մի ուղեցույցում ասվում է. «Յուրաքանչյուր կնոջ դեպքում դաշտանադադարը ընթանում է յուրովի»։ Այնտեղ նաև նշվում է, որ «դաշտանադադարի շրջանում ամենատարածված անհանգստացնող երևույթներից են ջերմային հորդումները», որոնց «գուցե հաջորդի դողը» (Menopause Guidebook)։ Այդ տհաճ երևույթները կարող են խանգարել քունը և ուժասպառ անել։ Որքա՞ն երկար կարող են շարունակվել դրանք։ Դաշտանադադարի մասին մի գրքում նշվում է. «Որոշ կանանց պարագայում դաշտանադադարի  շրջանում ջերմային հորդումները շարունակվում են մեկ կամ երկու տարի և լինում են մի քանի անգամ։ Ոմանց դեպքում դա տևում է տարիներ, իսկ շատ քիչ կանանց պարագայում ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող ջերմային հորդումները շարունակվում են ողջ կյանքում» (The Menopause Book) *։

Հորմոնների քանակի տատանումների հետևանքները կարող են լինել դեպրեսիվ վիճակը և տրամադրության փոփոխությունները (ինչի պատճառով կինը գուցե հաճախ լաց լինի), ինչպես նաև ուշադրության նվազումը և մոռացկոտությունը։ Սակայն ինչպես նշվում է դաշտանադադարի մասին վերոհիշյալ գրքում, «քիչ հավանական է, որ մեկ կնոջ պարագայում ի հայտ գան այդ բոլոր նշանները» (The Menopause Book)։ Իրականում ոմանք խնդիրներ և անհանգստություններ շատ քիչ են ունենում կամ գրեթե չեն ունենում։

Ինչ կարելի է անել

Ապրելակերպի մեջ որոշ փոփոխություններ մտցնելը գուցե նվազեցնի տհաճ երևույթները։ Ծխող կանայք կարող են նվազեցնել ջերմային հորդումները՝ թողնելով ծխելը։ Շատ կանանց օգնում է սննդակարգի մեջ փոփոխություն մտցնելը, օրինակ՝ նրանք քիչ են օգտագործում կամ ընդհանրապես չեն օգտագործում ալկոհոլ, կոֆեին, կծու և քաղցր կերակրատեսակներ, որոնք կարող են ջերմային հորդումներ առաջացնել։ Իհարկե, շատ կարևոր է առողջ սնվել, հավասարակշռված և բազմազան սննդակարգ պահպանել։

Մեծապես կարող են օգնել նաև ֆիզիկական վարժությունները։ Օրինակ՝ դրանք կարող են զգալիորեն կարգավորել քունը և տրամադրության տատանումները, ինչպես նաև նպաստել ոսկորների ամրացմանը և ընդհանուր առմամբ առողջությանը *։

Ազատորեն հաղորդակցվիր

Ռոնդրոն, որի խոսքերը մեջբերվեցին վերևում, ասում է. «Պետք չէ լուռ տառապել։ Եթե ազատորեն զրուցես հարազատներիդ հետ, նրանք չափից շատ չեն անհանգստանա՝ տեսնելով այն, ինչ տեղի է ունենում քեզ հետ»։ Այդպիսով նրանք թերևս ավելի համբերատար և ըմբռնող լինեն։ 1 Կորնթացիներ 13։4-ում ասվում է. «Սերը համբերատար է ու բարի»։

Շատ կանանց, այդ թվում նրանց, ովքեր ընկճված են այն պատճառով, որ այլևս չեն կարող երեխա ունենալ, օգնում է նաև աղոթքը։ «[Աստված] մխիթարում է մեզ մեր բոլոր նեղություններում»,— հավաստիացնում է Աստվածաշունչը (2 Կորնթացիներ 1։4)։ Մխիթարական է նաև այն, որ դաշտանադադարի շրջանը ժամանակավոր է։ Այդ շրջանից հետո նրանք, ովքեր շարունակում են հոգ տանել իրենց առողջության մասին, նոր ուժով են լցվում և առողջ կյանքով են ապրում դեռ շատ տարիներ։

^ պարբ. 6 Անունները փոխված են։

^ պարբ. 8 Բժիշկները համարում են, որ կնոջ օրգանիզմում սկսվել է դաշտանադադարը, եթե վերջին դաշտանից հետո անցել է 12 ամիս։

^ պարբ. 12 Ջերմային հորդումների պատճառ կարող են լինել նաև առողջական որոշ խնդիրներ, այդ թվում վահանագեղձի հիվանդությունները, վարակները, ինչպես նաև որոշ դեղամիջոցներ։ Նախքան եզրակացնելը, որ ջերմային հորդումները կապված են դաշտանադադարի հետ, ճիշտ կլինի նախ բացառել այս գործոնները։

Բժիշկները գուցե նշանակեն բուժման տարբեր միջոցներ, ինչպես, օրինակ, հորմոններ, կենսաբանական ակտիվ հավելումներ և հակադեպրեսանտներ, որպեսզի օգնեն պացիենտներին ավելի հեշտությամբ տանելու դաշտանադադարի շրջանի դժվարությունները։ «Արթնացե՛ք» ամսագիրը որևէ դեղամիջոց կամ բուժման մեթոդ չի խրախուսում։