Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Տատասկափշաթիթեռ. առեղծվածը բացահայտված է

Տատասկափշաթիթեռ. առեղծվածը բացահայտված է

ԵՎՐՈՊԱՑԻ ուսումնասիրողները երկար ժամանակ հիացել են գունագեղ տատասկափշաթիթեռով (Vanessa cardui), և նրանց միշտ հետաքրքրել է, թե ինչ է լինում թիթեռներին ամռան վերջին։ Արդյոք նրանք պարզապես մահանո՞ւմ են վրա հասնող ցուրտ եղանակի պատճառով։ Վերջին ուսումնասիրությունները մի արտառոց իրողություն են բացահայտել։ Թիթեռներն ամեն տարի ճամփորդություն են կատարում Հյուսիսային Եվրոպայի և Աֆրիկայի միջև։

Մասնագետները հավաքել են կատարելագործված ռադարից ստացված տվյալները, ինչպես նաև ողջ Եվրոպայից հազարավոր կամավորների դիտարկումների արդյունքները։ Հավաքված տեղեկությունները ցույց են տվել, որ ամռան վերջին միլիոնների հասնող տատասկափշաթիթեռները չվում են հարավ՝ հիմնականում թռչելով ավելի քան 500 մետր բարձրության վրա, ինչի պատճառով մարդիկ նրանց գրեթե չեն տեսնում։ Թիթեռները սպասում են բարենպաստ քամիների, որոնց օգնությամբ թռչում են դեպի Աֆրիկա 45 կմ/ժ արագությամբ։ Տարեկան միգրացիան, որի ընթացքում նրանք անցնում են 15000 կիլոմետր, սկսվում է հյուսիսից՝ նույնիսկ Արկտիկայի ծայրամասերից, և հասնում է հարավ՝ Արևմտյան Աֆրիկայի արևադարձային շրջաններ։ Նրանց ճամփորդությունը երկու անգամ ավելի երկար է լինում, քան հյուսիսամերիկյան մոնարխ թիթեռինը։ Այդ ճամփորդությունը կատարելու և վերադառնալու ընթացքում տատասկափշաթիթեռների վեց սերունդ է փոխվում։

Յորքի համալսարանի (Անգլիա) պրոֆեսոր Ջեյն Հիլը ասում է. «Տատասկափշաթիթեռները միշտ ճամփորդում են, բազմանում և շարունակում ճանապարհը»։ Այդ կերպով ողջ պոպուլյացիան ամեն տարի Հյուսիսային Եվրոպայից հասնում է Աֆրիկա և վերադառնում։

«Այս փոքրիկ արարածը, որի կշիռը մեկ գրամի էլ չի հասնում, իսկ ուղեղը գնդասեղի գլխիկի չափ է, և որը հնարավորություն չունի սովորելու ավելի երկար ապրած, «փորձառու» թիթեռներից, ձեռնարկում է այդ հերոսական միջմայրցամաքային միգրացիան»,— ասում է Ռիչարդ Ֆոքսը՝ Թիթեռների պահպանման հիմնադրամի հետազոտությունների բաժնի մենեջերը։ Այս միջատի մասին նա նաև ասում է, որ «մի ժամանակ այն կարծիքը կար, թե թիթեռը կուրորեն թռչում է այնտեղ, ուր քամին է տանում և իր վերջն է գտնում Բրիտանիայի ձմեռվա սառնամանիքներում, ընդ որում նրա սերունդները զարգացման ու բարելավման որևէ հեռանկար չունեն»։ Սակայն այս ուսումնասիրությունը «ցույց է տվել, որ տատասկափշաթիթեռները հմուտ ճանապարհորդներ են»։