Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աղոթք։ Ինչի՞ մասին

Աղոթք։ Ինչի՞ մասին

Աղոթք

4 Ինչի՞ մասին

ԸՆԴՈՒՆՎԱԾ է կարծել, որ քրիստոնեական բոլոր աղոթքներից այս աղոթքն ամենաշատն են ասում մարդիկ։ Այդպես է դա, թե ոչ, այն՝ Հիսուսի տիպար աղոթքը (երբեմն նաև կոչվում է «Տերունական աղոթք», կամ՝ «Հայր մեր»), անշուշտ, ամենից շատ են սխալ հասկանում։ Միլիոնավոր մարդիկ ամեն օր մեխանիկորեն կրկնում են այդ աղոթքի բառերը, հնարավոր է՝ նույնիսկ օրվա մեջ մի քանի անգամ։ Սակայն Հիսուսը չէր նպատակադրել, որ այդ աղոթքը մարդիկ այդպես ասեն։ Որտեղի՞ց գիտենք։

Այդ աղոթքն ասելուց անմիջապես առաջ Հիսուսն ասաց. «Երբ աղոթում ես, նույն խոսքերը նորից ու նորից մի՛ կրկնիր» (Մատթեոս 6։7)։ Ի՞նչ ես կարծում, այս խոսքերն ասելուց հետո մի՞թե Հիսուսը կսովորեցներ իր աշակերտներին որոշ խոսքեր անգիր անել և կրկնել դրանք, մի՞թե նա ինքն իրեն չէր հակասի։ Անշուշտ, կհակասեր։ Իրականում, Հիսուսը սովորեցրեց մեզ, թե ինչի մասին պետք է աղոթենք, և պարզ ցույց տվեց, թե ինչին պետք է առաջնահերթություն տանք աղոթելիս։ Եկ մաս առ մաս քննենք նրա խոսքերը։ Այդ աղոթքն արձանագրված է Մատթեոս 6։9–13 համարներում։

«Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը»։

Այս խոսքերով Հիսուսը հիշեցրեց իր հետևորդներին, որ բոլոր աղոթքները պետք է մատուցվեն իր Հորը՝ Եհովային։ Բայց գիտե՞ս, թե ինչու է Աստծու անունը այդքան կարևոր, և ինչու այն պետք է սրբացվի, կամ՝ սուրբ դառնա։

Մարդկության պատմության հենց սկզբից Աստծու սուրբ անունը անարգվել է։ Աստծու հակառակորդը՝ Սատանան, Եհովային կոչել է ստախոս, եսասեր Կառավարիչ, որն իրավունք չունի իշխելու Իր ստեղծագործությունների վրա (Ծննդոց 3։1–6)։ Շատերը Սատանայի կողմն են դիրք բռնել՝ սովորեցնելով, թե Աստված սառնասիրտ է, դաժան, վրեժխնդիր, և մերժելով, որ Նա է ամեն բանի Արարիչը։ Ուրիշները անարգել են նրա անունը՝ Աստվածաշնչի թարգմանություններից անգամ հանելով այն և արգելելով դրա գործածությունը։

Աստծու Խոսքը ցույց է տալիս, որ Աստված կշտկի այս բոլոր անարդար բաները (Եզեկիել 39։7)։ Այդպես վարվելով՝ նա կբավարարի քո բոլոր կարիքները և կլուծի խնդիրներդ։ Ինչպե՞ս։ Պատասխանը գտնում ենք տիպար աղոթքի հաջորդ խոսքերում։

«Թող գա քո թագավորությունը»։

Այսօր կրոնական ուսուցիչները շատ տարաձայնություններ ունեն Աստծու Թագավորության վերաբերյալ։ Սակայն նրանք, ովքեր լսում էին Հիսուսին, գիտեին, որ Աստծու մարգարեները շատ վաղուց կանխագուշակել էին, որ Մեսիան՝ Աստծու կողմից ընտրված Փրկիչը, կղեկավարի այն Թագավորությունը, որը կփոխի աշխարհը (Եսայիա 9։6, 7; Դանիել 2։44)։ Այն կսրբացնի Աստծու անունը՝ քողազերծելով Սատանայի ստերը և կործանելով նրան ու նրա բոլոր գործերը։ Աստծու Թագավորությունը վերջ կդնի պատերազմներին, հիվանդություններին, սովին և նույնիսկ կվերացնի մահը (Սաղմոս 46։9; 72։12–16; Եսայիա 25։8; 33։24)։ Փաստորեն, երբ աղոթում ես, որ գա Աստծու Թագավորությունը, աղոթում ես, որ այս բոլոր խոստումները կատարվեն։

«Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա»։

Հիսուսի խոսքերը ցույց են տալիս, որ Աստծու կամքը անպայման կկատարվի երկրի վրա, ինչպես որ կատարվել է երկնքում, որտեղ նա բնակվում է։ Ոչինչ չխանգարեց, որ Աստծու կամքը կատարվի երկնքում։ Այնտեղ նրա Որդին պատերազմեց Սատանայի ու նրա կողմնակիցների դեմ և գցեց նրանց երկրի վրա (Հայտնություն 12։9–12)։ Տիպար աղոթքի այս երրորդ խնդրանքը, առաջին երկուսի պես, օգնում է մեզ կենտրոնացած մնալու ամենակարևոր բանի՝ Աստծու կամքի վրա և ոչ թե մեր։ Նրա կամքի կատարումը միշտ օգուտներ է բերում ողջ ստեղծագործությանը։ Նույնիսկ կատարյալ մարդ Հիսուսն ասաց իր Հորը. «Ոչ թե իմ, այլ քո կամքը թող լինի» (Ղուկաս 22։42

«Տուր մեզ այսօր մեր օրվա հացը»։

Հիսուսի այս խոսքերը ցույց են տալիս, որ կարող ենք նաև աղոթել մեր անձնական կարիքների համար։ Ոչ մի սխալ բան չկա, որ Աստծուն աղոթենք մեր ամեն օրվա կարիքների մասին։ Իրականում, այդպես վարվելը հիշեցնում է մեզ, որ Եհովան նա է, ով «բոլոր մարդկանց տալիս է կյանք, շունչ և ամեն բան» (Գործեր 17։25)։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ նա սիրառատ ծնող է ու ցանկանում է իր երեխաներին տալ այն, ինչի կարիքը նրանք ունեն։ Այնուհանդերձ, լավ ծնողի նման՝ նա չի կատարի այն խնդրանքները, որոնք չեն նպաստի նրանց բարօրությանը։

«Ներիր մեզ մեր պարտքերը»։

Իսկապե՞ս որևէ բան պարտք ես Աստծուն։ Անհրաժե՞շտ է, որ Աստված ների քեզ։ Այսօր շատերը չեն հասկանում, թե ինչ է մեղքը և որ մեղք գործելը լուրջ բան է։ Սակայն Աստվածաշունչը սովորեցնում է, որ մեղքը մեր բոլոր դժբախտությունների պատճառն է. ի վերջո, մարդիկ մահանում են գլխավորապես մեղքի պատճառով։ Քանի որ մեղքով ենք ծնվել, հաճախ ենք մեղք գործում, իսկ հավիտենական ապագայի հույս կարող ենք ունենալ միայն այն դեպքում, եթե Աստված ների մեզ (Հռոմեացիներ 3։23; 5։12; 6։23)։ Մխիթարական է իմանալ, որ Սուրբ Գիրքն ասում է. «Ո՛վ Եհովա, դու բարի ես ու ներելու պատրաստ» (Սաղմոս 86։5

«Ազատիր Չարից»։

Գիտակցո՞ւմ ես, թե որքան շատ ունես Աստծու պաշտպանության կարիքը։ Շատերը չեն ուզում հավատալ, որ «Չարը»՝ Սատանան, առհասարակ գոյություն ունի։ Սակայն Հիսուսը սովորեցրեց, որ Սատանան իրական անձնավորություն է, և նույնիսկ նրան անվանեց «այս աշխարհի իշխան» (Հովհաննես 12։31; 16։11)։ Այդ անձնավորությունը ապականել է այս աշխարհը, որը ինքն է կառավարում, և նույն ձևով ցանկանում է քեզ ապականել, որպեսզի քո Հոր՝ Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններ չզարգացնես (1 Պետրոս 5։8)։ Սակայն Եհովան Սատանայից շատ ավելի զորավոր է և փափագում է պաշտպանել իրեն սիրողներին։

Հիսուսի տիպար աղոթքի գլխավոր կետերի այս հակիրճ ամփոփումը չի անդրադառնում այն բոլոր բաներին, որոնց մասին կարող ենք աղոթել։ Հիշի՛ր, 1 Հովհաննես 5։14-ում Աստծու մասին կարդում ենք. «Ինչ էլ որ մենք խնդրում ենք նրա կամքի համաձայն, լսում է մեզ»։ Ուստի մի՛ մտածիր, թե քո խնդիրներն այնքան չնչին են, որ չարժե դրանց մասին աղոթել Աստծուն (1 Պետրոս 5։7

Իսկ ի՞նչ կարելի է ասել աղոթելու ժամի և վայրի մասին։ Կարևորություն ունի՞, թե որտեղ և երբ ենք աղոթում։