Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընտանեկան երջանկության բանալին

Խոսիր երեխայիդ հետ սեքսի մասին

Խոսիր երեխայիդ հետ սեքսի մասին

Պատանի Ալիսիան * ասում է. «Երբեմն ինձ հետաքրքրում են սեքսի մասին որոշ բաներ, բայց մտածում եմ, որ եթե այդ թեմայի վերաբերյալ հարցեր տամ ծնողներիս, նրանք կսկսեն մտածել, որ ես վատ բաներ եմ անում»։

Ինեսը՝ Ալիսիայի մայրը, ասում է. «Ես կուզեի նստել ու հանգիստ խոսել աղջկաս հետ սեքսի մասին, բայց թվում է, թե նա շատ զբաղված է և ազատ ժամանակ չունի, որ խոսենք»։

ԱՅՍՕՐ սեքսը բացահայտորեն ներկայացվում է ամենուր՝ հեռուստատեսությամբ, ֆիլմերում և գովազդներում։ Թվում է, թե միակ վայրը, որտեղ այն բացարձակապես արգելված թեմա է, ընտանիքն է։ «Երանի բոլոր ծնողները հասկանային, թե որքան դժվար է իրենց հետ խոսել սեքսի մասին,— ասում է Կանադայում ապրող պատանի Մայքլը։— Ավելի հեշտ է այդ թեմայով խոսել մտերիմ ընկերոջ հետ»։

Հաճախ ծնողները նույնպես խուսափում են իրենց երեխայի հետ այդ թեմայով խոսելուց։ Առողջական հարցերի վերաբերյալ խորհրդատու Դեբրա Հաֆները իր «Ավելին, քան ամենադժվար թեման» գրքում գրում է. «Շատ ծնողներ են ինձ ասել, որ իրենց երեխայի համար սեռական հասունացման և սեքսի մասին մի գիրք են գնել, դրել են նրա սենյակում ու երբեք չեն խոսել այդ մասին»։ Նա բացատրում է, որ ծնողների այդ մոտեցումը երեխան հասկանում է այսպես. «Մենք ուզում ենք, որ դու իմանաս, թե ինչ է տեղի ունենում քո օրգանիզմում և թե ինչ է սեքսը, բայց չենք ուզում խոսել քեզ հետ այդ թեմայով» (Beyond the Big Talk)։

Սակայն անհրաժեշտ է, որ ծնողները այլ մոտեցում ունենան։ Անչափ կարևոր է, որ նրանք անձամբ խոսեն երեխայի հետ սեքսի մասին։ Քննենք երեք պատճառներ։

  1. Սեքս բառն ավելի լայն իմաստ է ստացել։ «Սեքս ասելով՝ մարդիկ այլևս նկատի չունեն միայն ամուսնու և կնոջ միջև սեռական հարաբերությունը,— ասում է 20-ամյա Ջեյմսը։— Այսօր կան օրալային սեքս, անալային սեքս, կիբերսեքս * և սեքստինգ * հասկացությունները»։

  2. Արդեն վաղ տարիքում երեխան հավանաբար սխալ տեղեկություններ կստանա։ «Նա սեքսի մասին կլսի, հենց որ դպրոց գնա,— ասում է Շեյլա անունով մի մայր,— և նրա մեջ չի ձևավորվի այն պատկերացումը, որը դուք կուզեիք՝ նա ունենար»։

  3. Ձեր երեխան սեքսի վերաբերյալ հարցեր ունի, բայց նա չի սկսի խոսել ձեզ հետ այդ մասին։ «Անկեղծ ասած՝ ես բացարձակապես չգիտեմ, թե ինչպես սկսեմ խոսել ծնողներիս հետ սեքսի վերաբերյալ ինձ հետաքրքրող հարցերի մասին»,— ասում է 15-ամյա Աննան, որն ապրում է Բրազիլիայում։

 Իրականում, սեքսի մասին խոսելը այն պատասխանատվություններից մեկն է, որ Աստված դրել է ծնողների վրա (Եփեսացիներ 6։4)։ Ճիշտ է, և՛ դուք, և՛ երեխան գուցե անհարմար զգաք զրույցի ժամանակ։ Սակայն պետք է նշել, որ շատ պատանիներ համակարծիք են 14-ամյա Դանիելայի խոսքերին. «Մենք ցանկանում ենք սեքսի մասին իմանալ մեր ծնողներից, և ոչ թե որևէ այլ «ուսուցչից» կամ հեռուստացույցից»։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող եք խոսել ձեր երեխայի հետ այս կարևոր, բայց միևնույն ժամանակ դժվար թեմայի շուրջ *։

Իրենց տարիքին համապատասխան

Ծնողները չեն կարող բացարձակապես մեկուսացնել իրենց երեխաներին, որպեսզի նրանք վաղ տարիքում չլսեն սեքսի մասին։ Պետք է նկատի ունենալ մի ցավալի հանգամանք ևս. այս «վերջին օրերում» չար մարդիկ «ավելի ու ավելի առաջ են գնացել չարության մեջ» (2 Տիմոթեոս 3։1, 13)։ Այդ պատճառով, դժբախտաբար, այսօր շատ երեխաներ են չափահասների կողմից ենթարկվում սեռական ոտնձգությունների։

Անչափ կարևոր է, ուրեմն, որ ծնողները հոգ տանեն երեխայի սեռական դաստիարակության մասին, երբ նա դեռ փոքր է։ «Եթե սպասես, մինչև երեխադ դեռահաս դառնա,— ասում է Ռենատա անունով մի մայր (Գերմանիա),— նա այլևս չի ցանկանա բացահայտորեն խոսել այդ թեմայով, քանի որ հասունանալուն զուգընթաց որոշ «արգելքներ» են ի հայտ գալիս»։ Ճիշտ դաստիարակության գաղտնիքն այն է, որ տաս երեխային այնքան ինֆորմացիա, որքան որ համապատասխանում է իր տարիքին։

Նախադպրոցական տարիք։

Սովորեցրու երեխային սեռական օրգանների ճիշտ անունները և անպայման շեշտիր այն մասին, որ ոչ ոք չպետք է ձեռք տա դրանց։ «Ես սկսեցի սովորեցնել տղայիս, երբ նա դեռ երեք տարեկան էր,— ասում է Ջուլիա անունով մի մայր (Մեքսիկա)։— Երբ մտածում էի, որ ավելի մեծ տարիքի երեխաները, դաստիարակները կամ դայակները կարող էին երեխայիս անհանգստացնել, շատ էի մտահոգվում։ Տղաս պետք է իմանար, թե ինչպես կարող է պաշտպանել իրեն»։

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Սովորեցրու երեխայիդ կտրուկ և խիստ արձագանքել, եթե որևէ մեկը փորձի խաղալ իր սեռական օրգանների հետ։ Օրինակ՝ նա կարող է ասել. «Մի՛ արա։ Մամայիս ու պապայիս կասեմ»։ Ասա երեխային, որ նա պետք է հայտնի պատահածի մասին, նույնիսկ եթե այդ մարդը նվերներ խոստանա կամ սպառնա իրեն *։

Կրտսեր դպրոցական տարիք։

Այս տարիքի երեխաների ունեցած գիտելիքները պետք է աստիճանաբար ավելացնել։ Պիտեր անունով մի հայր խորհուրդ է տալիս. «Նախքան խոսելը իմացիր, թե ինչ գիտի երեխադ սեքսի մասին և հարցրու՝ արդյոք նա կցանկանա ավելին իմանալ։ Պետք չէ ստիպել երեխային, որ անպայման զրուցեք այդ թեմայով։ Եթե պարբերաբար ժամանակ անցկացնես նրա հետ, սեքսի մասին խոսելու առիթները ինքնաբերաբար կստեղծվեն»։

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Մեկ անգամ այդ թեմայով երկար խոսելու փոխարեն՝ հաճախակի, բայց կարճ զրույցներ ունեցիր երեխայի հետ (2 Օրենք 6։6–9)։ Այդպես նա կաշկանդված չի զգա։ Բացի դրանից, քեզ կհաջողվի նրա մեծանալուն զուգընթաց հայտնել այն ամենը, ինչ նա պետք է իմանա համապատասխան տարիքում։

Դեռահասության տարիք։

Այս տարիքում երեխան պետք է արդեն բավարար գիտելիքներ ունենա սեքսի ֆիզիկական, էմոցիոնալ և բարոյական կողմերի վերաբերյալ։ «Մեր դպրոցում տղաներն ու աղջիկները արդեն զբաղվում են սեքսով,— ասում է 15-ամյա Աննան, որի մասին արդեն նշեցինք։— Իմ կարծիքով՝ քանի որ քրիստոնյա եմ, անհրաժեշտ է, որ բավարար պատկերացում ունենամ սեքսի վերաբերյալ։ Եվ որքան էլ որ դժվար լինի այդ թեմայի շուրջ խոսելը, միևնույնն է, ես պետք է իմանամ դրա մասին» *։

Նախազգուշացում։ Պատանիները խուսափում են հարցեր տալուց, որովհետև վախենում են, որ ծնողները կմտածեն, թե իրենք վատ բաներ են անում։ Ահա, թե ինչ է ասում Ստիվեն անունով մի  հայր. «Մեր տղան չէր ուզում սեքսի մասին խոսել։ Հետո հասկացանք, որ իրականում նա վախենում էր, որ իր վարքի մասին սխալ կարծիք կկազմենք։ Մենք ասացինք նրան, որ չենք կասկածում, որ նա լավ վարք ունի, այլ պարզապես ուզում ենք, որ ճիշտ տեղեկություններ ունենա և չընկնի շրջապատի վատ ազդեցության տակ»։

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Դեռահասին սեքսի վերաբերյալ կոնկրետ հարցեր տալու փոխարեն հարցրու նրան, թե ինչ կարծիք ունեն իր դասընկերները տվյալ հարցի մասին։ Օրինակ՝ կարող ես հարցնել. «Շատերն ասում են, որ օրալային սեքսը իրականում սեքս չէ։ Իսկ դասընկերներդ ի՞նչ կարծիք ունեն այս հարցի վերաբերյալ»։ Այսպիսի անուղղակի հարցերը կարող են նպաստել այն բանին, որ դեռահասը, առանց քաշվելու, հայտնի իր կարծիքը։

Հաղթահարի՛ր քեզ կաշկանդող զգացումը

Անշուշտ, երեխայի հետ սեքսի մասին խոսելը ամենադժվար բանը կարող է լինել ծնողների համար։ Սակայն վստահ եղեք, որ անհրաժեշտ է ջանքեր թափել։ «Ժամանակի ընթացքում,— ասում է Դիան անունով մի մայր,— անհարմարության և ամոթի զգացումը թուլանում է։ Եվ իրականում սեքսի մասին զրույցները ավելի են մտերմացնում երեխային ծնողի հետ»։ Ստիվենը համաձայն է այս կարծիքին։ Նա ասում է. «Ավելի հեշտ է խոսել սեքսի մասին, երբ ընտանիքում արդեն հաստատված կարգ է ազատորեն խոսելը ցանկացած թեմայի շուրջ, որ հետաքրքրում է ընտանիքի անդամներին»։ Այնուհետև ավելացնում է. «Ինչ խոսք, կաշկանդող զգացումները երբեք ամբողջությամբ չեն անհետանում, սակայն պետք է հիշել, որ քրիստոնեական առողջ ընտանիք ունենալու գրավականը բաց հաղորդակցությունն է»։

^ պարբ. 3 Հոդվածում անունները փոխված են։

^ պարբ. 8 Սեքս ինտերնետով։

^ պարբ. 8 Բջջային հեռախոսով սեքսին վերաբերող անպարկեշտ հաղորդագրություններ, նկարներ և տեսանյութեր ուղարկելը։

^ պարբ. 11 Այս հոդվածում ընդգծվում է երեխայի հետ սեքսի մասին խոսելու կարևորությունը։ Այս խորագրի հետագա թողարկումներից մեկում կխոսվի այն մասին, թե ինչպես բարոյական արժեքներ ձևավորել երեխայի մեջ այսպիսի զրույցների ժամանակ։

^ պարբ. 16 Վերցված է «Սովորիր Մեծ Ուսուցչից» գրքի 171-րդ էջից։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

^ պարբ. 19 Սեքսի մասին դեռահաս երեխայիդ հետ զրուցելու համար կարող ես օգտվել «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի 2-րդ հատորի 1–5, 28, 29 և 33-րդ գլուխներից (անգլ. ռուս.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ

Կարդա աշխարհի տարբեր մասերում ապրող երեխաների խոսքերը և փորձիր պատասխանել ստորև նշված հարցերին։

«Ծնողներս ասացին, որ կարդամ սեքսի վերաբերյալ հոդվածներ, և եթե հարցեր ունենամ, դիմեմ նրանց։ Բայց ավելի շատ կուզեի, որ նրանք խոսեին ինձ հետ այդ մասին» (Աննա, Բրազիլիա)։

Ինչո՞ւ է կարևոր ավելին անել, քան պարզապես կարդալու համար գիրք կամ հոդվածներ տալ։

«Ես այլասերված սեքսի մասին այնքան շատ բաներ եմ լսել, որոնց մասին, իմ կարծիքով, հայրս գաղափար չունի։ Նա ուղղակի սարսափահար կլինի, եթե նրա հետ խոսեմ դրանց մասին» (Քեն, Կանադա)։

Ի՞նչը կարող է հետ պահել քո երեխային, որ իրեն հետաքրքրող հարցերի մասին խոսի քեզ հետ։

«Երբ ի վերջո քաջություն ունեցա սեքսի մասին ծնողներիս մի հարց տալու, նրանք անմիջապես, ասես ինձ ինչ-որ բանում մեղադրելով, հարցրին. «Ինչո՞ւ ես այդպիսի հարց տալիս։ Որևէ բա՞ն է պատահել»» (Մասամի, Ճապոնիա)։

Երբ երեխան հարց է տալիս սեքսի մասին, ինչպե՞ս կարող է քո արձագանքը ազդել նրա վրա։ Արդյոք նա նորից կդիմի՞ քեզ նման հարցով։

«Եթե ծնողներս ասեն, որ երբ իմ տարիքին էին, նրանք էլ էին այդպիսի հարցեր տալիս և բնական է, որ ինձ էլ են այդ հարցերը հետաքրքրում, նրանց հետ խոսելն ավելի հեշտ կլինի» (Լիզետ, Ֆրանսիա)։

Ի՞նչ կարող ես անել, որպեսզի երեխադ իրեն ավելի անկաշկանդ զգա սեքսի մասին քեզ հետ խոսելու համար։

«Մայրս սեքսի մասին երբ հարց է տալիս, շատ մեղմ տոնով է խոսում։ Իմ կարծիքով՝ դա անչափ կարևոր է, որպեսզի երեխան իրեն դատապարտված չզգա» (Ժերալդ, Ֆրանսիա)։

Ձայնի ի՞նչ տոնով ես խոսում երեխայիդ հետ սեքսի մասին։ Արդյոք ինչ-որ բան փոխելու կարիք կա՞։