Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 29

Բոլո՞ր խնջույքներն են Աստծուն հաճելի

Այս խնջույքը ինչո՞ւ էր Աստծուն հաճելի

Բոլո՞ր խնջույքներն են Աստծուն հաճելի

Սիրո՞ւմ ես խնջույքներ։ ~ Խնջույքների մասնակցելը հաճելի է։ Ի՞նչ ես կարծում, Մեծ Ուսուցիչը ուզո՞ւմ է, որ մենք խնջույքների մասնակցենք։ ~ Հիսուսն ինքը աշակերտներից մի քանիսի հետ ներկա եղավ հարսանեկան խնջույքի։ Եհովան ուրախ Աստված է, և նրան դուր է գալիս, երբ մենք ուրախանում ենք (Ա Տիմոթէոս 1։11; Յովհաննէս 2։1–11

Այս գրքի 29–րդ էջում մենք կարդացինք, որ Եհովան Կարմիր ծովի միջով ճանապարհ բացեց, որպեսզի իսրայելացիները ծովն անցնեին։ Հիշո՞ւմ ես այդ դեպքը։ ~ Ծովն անցնելուց հետո ժողովուրդը երգում, պարում և փառաբանում էր Եհովային։ Դա մի մեծ խնջույքի էր նման։ Մարդիկ շատ ուրախ էին։ Կարող ենք վստահ լինել, որ Աստված նույնպես ուրախանում էր իր ժողովրդի հետ (Ելից 15։1, 20, 21

Մոտավորապես քառասուն տարի հետո իսրայելացիները գնացին մասնակցելու մեկ այլ մեծ խնջույքի, որը սակայն կազմակերպվել էր այնպիսի մարդկանց կողմից, ովքեր Եհովային չէին երկրպագում. նրանք ուրիշ աստվածների էին պաշտում։ Նրանք նաև սեռական հարաբերությունների մեջ էին մտնում այնպիսի մարդկանց հետ, ում հետ ամուսնացած չէին։ Քո կարծիքով՝ ճի՞շտ էր այդպիսի մարդկանց հետ զվարճանալը։ ~ Դա Եհովային դուր չեկավ, և նա պատժեց իսրայելացիներին (Թուոց 25։1–9; Ա Կորնթացիս 10։8

Աստվածաշնչում հիշատակվում են նաև ծննդյան երկու տոնակատարություններ։ Ի՞նչ ես կարծում, գուցե նրանցից մեկը Մեծ Ուսուցչի՞ ծննդյան օրն էր։ ~ Ոչ։ Երկու դեպքերում էլ նշվում էր այնպիսի մարդկանց ծննդյան տարեդարձ, ովքեր Եհովային չէին երկրպագում։ Նրանցից մեկը Հերովդես Անտիպաս թագավորն էր։ Հիսուսի օրերում նա էր իշխում Գալիլեայի տարածքում։

Հերովդես թագավորը վատ գործեր էր կատարել։ Նա ամուսնացել էր իր եղբոր կնոջ՝ Հերովդիայի հետ։ Աստծո ծառա Հովհաննես Մկրտիչը մեղադրել էր Հերովդեսին այդ արարքի համար։ Եվ քանի որ դա Հերովդեսին դուր չէր եկել, նա Հովհաննեսին բանտարկել էր (Ղուկաս 3։19, 20

Երբ Հովհաննեսը գտնվում էր բանտում, Հերովդեսը իր ծննդյան օրվա առթիվ մեծ խնջույք կազմակերպեց։ Նա շատ պատվավոր մարդկանց հրավիրեց։ Բոլորը կերան, խմեցին ու զվարճացան։ Ապա Հերովդիայի աղջիկը պարեց նրանց համար։ Նա այնքան լավ պարեց, որ Հերովդես թագավորը ցանկացավ նրան հատուկ նվեր տալ։ Թագավորն ասաց նրան. «Ինչ որ խնդրես ինձանից, կտամ՝ մինչև իսկ իմ թագավորության կեսը»։

Աղջիկը չգիտեր ինչ խնդրի. դրա՞մ, գեղեցիկ հագուստնե՞ր, շքեղ պալա՞տ... Նա գնաց խորհրդակցելու իր մոր հետ ու հարցրեց. «Ի՞նչ խնդրեմ»։

Հերովդիան ատում էր Հովհաննես Մկրտչին, ուստի ասաց աղջկան, որ Հովհաննեսի գլուխը խնդրի։ Աղջիկը վերադարձավ թագավորի մոտ և ասաց. «Կամենում եմ, որ հենց հիմա սկուտեղի վրա ինձ տաս Հովհաննես Մկրտչի գլուխը»։

Հերովդես թագավորը չէր ուզում սպանել Հովհաննեսին՝ իմանալով, որ նա լավ մարդ է։ Բայց նա չկարողացավ մերժել աղջկա խնդրանքը, քանի որ այդքան մարդկանց ներկայությամբ արդեն խոստացել էր։ Նա մարդ ուղարկեց բանտ՝ գլխատելու Հովհաննեսին։ Շուտով սկուտեղի վրա բերեցին Հովհաննեսի գլուխը և տվեցին Հերովդիայի աղջկան, իսկ աղջիկը տվեց իր մորը (Մարկոս 6։17–29

Ծննդյան օրվա մյուս տոնակատարությունը, որի մասին պատմում է Աստվածաշունչը, առաջինից ոչնչով լավը չէ։ Այնտեղ նկարագրվում է Եգիպտոսի թագավորի ծննդյան տարեդարձը։ Այս խնջույքի ժամանակ նույնպես թագավորի հրամանով գլխատեցին մի մարդու։ Հետո նրա մարմինը կախեցին՝ որպես թռչուններին կերակուր (Ծննդոց 40։19–22)։ Ի՞նչ ես կարծում՝ Աստծուն հաճելի՞ էին այս երկու խնջույքները։ ~ Կցանկանայի՞ր դու էլ մասնակցած լինել դրանց։ ~

Հերովդեսի ծննդյան տոնակատարության ժամանակ ի՞նչ տեղի ունեցավ

Մենք գիտենք, որ Աստվածաշնչում ամեն ինչ գրվել է որոշակի նպատակով։ Այնտեղ նշված են ծննդյան տոնակատարության միայն այս երկու դեպքերը, և երկուսի ժամանակ էլ մարդասպանություն է տեղի ունեցել։ Ելնելով դրանից՝ ի՞նչ ես կարծում, Աստված ի՞նչ է մտածում ծննդյան տոնակատարությունների մասին։ Ցանկանո՞ւմ է նա, որ տոնենք մեր ծննդյան տարեդարձը։ ~

Ճիշտ է, այսօր նման խնջույքների ժամանակ մարդկանց չեն գլխատում։ Բայց, ինչպես տեսնում ենք, իրենց ծննդյան օրը տոնել են այնպիսի մարդիկ, ովքեր չէին երկրպագում ճշմարիտ Աստծուն։ Աստվածաշնչում հիշատակված այս երկու դեպքերի մասին մի կրոնական հանրագիտարանում հետևյալն է ասվում. «Միայն մեղսագործներն էին.... որ մեծ խնջույքներ էին կազմակերպում իրենց ծննդյան առթիվ» («The Catholic Encyclopedia»)։ Ուզո՞ւմ ենք այդպիսի մարդկանցից օրինակ վերցնել։ ~

Իսկ Մեծ Ուսուցիչը նշե՞լ է իր ծննդյան օրը։ ~ Աստվածաշնչում ոչ մի տեղ չի խոսվում Հիսուսի ծննդյան օրը տոնելու մասին։ Փաստն այն է, որ Հիսուսի վաղ աշակերտները չեն տոնել նրա ծնունդը։ Գիտե՞ս, թե ինչու հետագայում մարդիկ որոշեցին հունվարի 7–ին կամ դեկտեմբերի 25–ին տոնել Հիսուսի ծնունդը։ ~

Ըստ մի հանրագիտարանի՝ դեկտեմբերի 25–ին «Հռոմում տոնում էին արևի ծնունդը՝ անվանելով այն Սատուռնոսի տոն» («The World Book Encyclopedia»)։ Եվ մարդիկ որոշեցին այդ հեթանոսական տոնակատարությունը վերափոխել Հիսուսի ծննդյան օրվա տոնակատարության։

Գիտե՞ս, թե ինչու հնարավոր չէ, որ Հիսուսը ծնված լիներ դեկտեմբեր կամ հունվար ամիսներին։ ~ Որովհետև Աստվածաշնչից իմանում ենք, որ երբ Հիսուսը ծնվեց, հովիվները գիշերում էին դաշտում (Ղուկաս 2։8–12)։ Նրանք դաշտում չէին լինի դեկտեմբեր կամ հունվար ամիսներին, քանի որ այդ ամիսներին այնտեղ ցուրտ և անձրևոտ եղանակներ են լինում։

Ինչո՞ւ հնարավոր չէ, որ Հիսուսը ծնված լիներ դեկտեմբեր կամ հունվար ամիսներին

Շատերին է հայտնի, որ Սուրբ Ծնունդը Հիսուսի ծննդյան օրը չէ։ Նրանք նույնիսկ գիտեն, որ իրականում այդ օրը հեթանոսները մեկ ուրիշ տոն են նշել, որն Աստծուն հաճելի չի եղել։ Սակայն այս ամենն իմանալով հանդերձ՝ նրանք տոնում են Սուրբ Ծնունդը, քանի որ նրանց համար ավելի կարևոր է խնջույքների մասնակցելը, քան Աստծո տեսակետը հաշվի առնելը։ Բայց մենք ուզում ենք Եհովային հաճելի լինել, այդպես չէ՞։ ~

Ուրեմն մենք այնպիսի խնջույքների պետք է մասնակցենք, որոնք հաճելի են Եհովային։ Դա կարող ենք անել տարվա ցանկացած ժամանակ։ Դրա համար կարիք չկա սպասել ինչ–​որ հատուկ օրվա։ Կարելի է խնջույքի համար նախապատրաստել համեղ ուտելիքներ ու հետաքրքիր խաղեր։ Կուզեի՞ր այդպիսի խնջույք կազմակերպել։ ~ Կարող ես այդ մասին հայտնել ծնողներիդ և նրանց օգնությամբ պատրաստություններ տեսնել։ Դա մի հիանալի երեկո կլինի, այնպես չէ՞։ ~ Բայց նախքան որևէ խնջույք կազմակերպելը հարկավոր է համոզված լինել, որ այն Աստծուն հաճելի կլինի։

Ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ մեր խնջույքները հաճելի են Աստծուն

Աստվածաշնչի ներքոհիշյալ համարները ցույց են տալիս, թե որքան կարևոր է միշտ անել այն, ինչ հաճելի է Աստծուն. Առակաց 12։2; Յովհաննէս 8։29; Հռովմայեցիս 12։2 և Ա Յովհաննէս 3։22։