Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հին եգիպտական հարթաքանդակը փաստում է աստվածաշնչյան արձանագրության ճշգրտությունը

Հին եգիպտական հարթաքանդակը փաստում է աստվածաշնչյան արձանագրության ճշգրտությունը

Հիերոգլիֆային գրությամբ 8 մետր (26 ֆուտ) բարձրություն ունեցող այս հարթաքանդակը կանգնեցված է Կառնակում՝ Ամոն աստծուն նվիրված հին եգիպտական տաճարի մուտքի մոտ։ Ըստ գիտնականների՝ դրա վրա պատկերված են Սիսակ փարավոնի տարած հաղթանակները Եգիպտոսից դեպի հյուսիս-արևելք գտնվող տարածքներում, այդ թվում՝ Հուդայում և Իսրայելի հյուսիսային թագավորությունում։

Կառնակի հարթաքանդակը. խոշորացված ցույց են տրված շղթայակապ գերիները

Հարթաքանդակի վրա կարելի է տեսնել, թե ինչպես է Ամոնը ավելի քան 150 շղթայակապ գերիների հանձնում Սիսակին, կամ՝ Շեշոնկին a։ Յուրաքանչյուր գերի ներկայացնում է նվաճված քաղաքներից կամ ժողովուրդներից մեկին։ Քաղաքների անունները փորագրված են ամեն մի գերու մարմինը ծածկող օվալաձև շրջանակի վրա։ Մի շարք անուններ դեռևս ընթեռնելի են, իսկ որոշ անուններ հայտնի են Աստվածաշունչն ընթերցողներին։ Դրանց թվում են Բեթ-Սեանը, Գաբաոնը, Մեգիդոն և Սունամը։

Հուդայի դեմ կատարված արշավանքը հիշատակվում է Աստվածաշնչում (1 Թագավորներ 14։25, 26)։ Սուրբ Գիրքը նույնիսկ կոնկրետ մանրամասներ է հայտնում Սիսակի արշավանքի մասին։ Կարդում ենք. «Ռոբովամի թագավորության հինգերորդ տարում Եգիպտոսի Սիսակ թագավորը դուրս եկավ Երուսաղեմի դեմ։ Նա իր հետ ուներ հազար երկու հարյուր կառք և վաթսուն հազար ձիավոր։ Եգիպտոսից նրա հետ եկած ժողովրդին.... թիվ չկար։ Թագավորը գրավեց Հուդայի բերդաքաղաքներն ու մոտեցավ Երուսաղեմին» (2 Տարեգրություն 12։2–4

Կառնակում գտնվող հարթաքանդակը Իսրայելի երկրի դեմ Սիսակի կատարած արշավանքի միակ հնագիտական ապացույցը չէ։ Աստվածաշնչյան Մեգիդո քաղաքի տեղում գտնված քարե հուշարձանի, կամ՝ ստելայի մի հատված նույնպես պարունակում է «Շեշոնկ» անունը։

Սիսակի կողմից Հուդայի նվաճման մասին աստվածաշնչյան արձանագրության ճշգրտությունը այդ Գիրքը գրողների ազնվության վառ օրինակ է։ Նրանք ճշգրտորեն գրի են առել իրենց ազգի ոչ միայն հաղթանակները, այլև պարտությունները։ Այդպիսի ազնվությունը հազվադեպ երևույթ է հին գրողների աշխատություններում։

a Այս անվան աստվածաշնչյան տարբերակը՝ «Սիսակ», արտացոլում է դրա եբրայերեն արտասանությունը։