Անցնել բովանդակությանը

Տեսանյութեր՝ հարյուրավոր լեզուներով

Տեսանյութեր՝ հարյուրավոր լեզուներով

Եհովայի վկաները հայտնի են իրենց թարգմանչական գործունեությամբ։ 2014-ի նոյեմբերի տվյալներով՝ Աստվածաշունչը առկա էր 125 լեզուներով, իսկ աստվածաշնչյան գրականությունը՝ 742։ Հրատարակություններից բացի թարգմանվել են նաև տեսանյութեր։ 2015-ի հունվարին «Ի՞նչ են անում Թագավորության սրահում» տեսանյութը մատչելի էր 398 լեզվով, իսկ «Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը» տեսանյութը՝ 569։ Ո՞րն է այս տեսանյութերի նպատակը և ինչպե՞ս են դրանք պատրաստվում։

2014-ի մարտին Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը բոլոր մասնաճյուղերին խրախուսեց հնարավորինս շատ լեզուներով պատրաստել այս տեսանյութերը, որոնք մարդկանց կմղեն ուսումնասիրել Աստվածաշունչը։

Որևէ լեզվով տեսանյութ պատրաստելու աշխատանքը կատարվում է մի քանի փուլով։ Նախ՝ թարգմանչական խումբը թարգմանում է տեքստը։ Հետո՝ այն ձայնագրելու համար ընտրում են համապատասխան մարդկանց։ Այնուհետև՝ ձայնագրման բաժնի աշխատողները կատարում են ձայնագրությունը, խմբագրում են այն և տեղադրում են էկրանի վրա հայտնվող տեքստը։ Դրանից հետո աուդիո և վիդեո ֆայլերն ու էկրանի տեքստը համակցելով՝ ստանում են վերջնական ֆայլ՝ կայքում տեղադրելու համար։

Մասնաճյուղերում, որոնք ունեն ձայնագրման բաժին, վերոհիշյալ աշխատանքը կատարում են հատուկ դասընթաց անցած կամավորներ։ Իսկ ինչպե՞ս են արվում ձայնագրությունները այն լեզուներով, որոնցով մեր հրատարակությունները թարգմանվում են մասնաճյուղերից հեռու գտնվող թարգմանչական գրասենյակներում։

Ձայնային ինժեներները տեղից տեղ են գնում այդ տեսանյութերը պատրաստելու համար։ Նրանք իրենց հետ տանում են ձայնագրման սարքավորումները՝ բարձրախոս, նոութբուք համակարգիչ, որի մեջ կա ձայնագրություն կատարելու ծրագիր, և պատրաստում են ժամանակավոր ստուդիա։ Դա կարող է լինել որևէ գրասենյակում, Թագավորության սրահում կամ նույնիսկ մասնավոր տանը։ Որպես ընթերցողներ, դասուսույցներ և տեքստին հետևողներ ծառայում են նրանք, ում համար տվյալ լեզուն մայրենի է։ Երբ ձայնագրությունը ավարտված է և արդյունքը գոհացուցիչ, ձայնային ինժեները հավաքում է սարքավորումները և տեղափոխվում է այլ վայր։

Այս մեթոդի շնորհիվ այժմ տեսանյութերը երեք անգամ ավելի շատ լեզուներով են թողարկվում, քան նախկինում։

Մեր տեսանյութերը մեծ արձագանք են գտել։ Բազմաթիվ մարդիկ նախկինում իրենց մայրենի լեզվով երբևէ տեսանյութ չէին դիտել։

Լեզուներից մեկը, որով ձայնագրություն արվեց, պիճյանճյաճյարա լեզուն էր, որով խոսում են Ավստրալիայում շուրջ 2500 մարդ։ Ձայնագրությունը կատարվել էր հյուսիսային շրջանի Ալիս Սպրինգս փոքրիկ քաղաքում։ Կալան Թոմասը, ով մասնակցել է ձայնագրությանը, ասում է. «Տեսանյութերը մեծ խանդավառություն առաջացրին։ Տեղաբնակները իրենց աչքը չէին կտրում պլանշետից ու վերջում հարցնում էին, թե էլ ինչ տեսանյութեր կան։ Առհասարակ այս լեզվով հրատարակված նյութեր շատ քիչ կան։ Դրա համար երբ նրանք լսում, առավել ևս տեսնում են իրենց լեզվով մեր պատրաստած նյութերը, անչափ տպավորվում են»։

Կամերունում երկու Վկաներ նավակով լողում էին գետն ի վեր։ Նրանք կանգ առան մի գյուղում, որտեղ ապրում են կարճահասակ մարդիկ։ Եղբայրները խոսեցին գյուղի առաջնորդի հետ, որը ուսուցիչ էր տեղի դպրոցում։ Երբ իմացան, որ նրա մայրենի լեզուն բասան է, նրան ցույց տվեցին այդ լեզվով «Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը» տեսանյութը։ Առաջնորդը շատ տպավորվեց և խնդրեց, որ իր լեզվով գրականություն տան։

Ինդոնեզիայի մի գյուղում տեղի կրոնական առաջնորդը ընդդիմանում էր Եհովայի վկաներին և վառում այն գրականությունը, որ նրանք տարածում էին։ Կային մարդիկ, ովքեր նույնիսկ սպառնում էին վառել Թագավորության սրահը։ Իրավիճակը շտկելու համար չորս ոստիկաններ այցելեցին մի Վկա կնոջ և հարցաքննեցին նրան ու նրա ընտանիքի անդամներին։ Նրանց հետաքրքրում էր, թե Վկաները ինչ են անում Թագավորության սրահում։ Ուստի քույրը նրանց ցույց տվեց «Ի՞նչ են անում Թագավորության սրահում» տեսանյութը ինդոնեզերեն։

Տեսանյութը դիտելուց հետո ոստիկաններից մեկն ասաց. «Հիմա ես հասկանում եմ, որ մարդիկ սխալ կարծիք ունեն ձեր մասին և իրականում չգիտեն, թե ովքեր եք դուք»։ Մյուսն էլ ասաց. «Կարո՞ղ եմ այդ տեսանյութը վերցնել, ուզում եմ ուրիշներին ցույց տալ։ Այն ճիշտ ինֆորմացիա է տալիս ձեր մասին»։ Ոստիկանությունը այժմ դրական է վերաբերվում Վկաներին և խնդիրների ժամանակ նրանց պաշտպանում է։

Եթե դեռ չեք նայել այս տեսանյութերը, առաջարկում ենք դիտել ձեր մայրենի լեզվով։