Անցնել բովանդակությանը

Աշխուժություն Թաքսիդոյում

Աշխուժություն Թաքսիդոյում

Սովորական առավոտ է, դեռ ժամը 7-ը չկա։ Երկինքը ջինջ կապույտ է։ Սառույցի մի բարակ շերտ ծածկել է լճի երեսը։ Չնայած վաղ ժամին՝ այստեղ մեծ աշխուժություն է։ Աշխատանքային հագուստով երիտասարդ տղամարդիկ ու կանայք շտապում են դեպի լճին հարակից քառահարկ շենքը։ Նրանք գալիս են մոտակա հյուրանոցներից ու կացարաններից, ինչպես նաև նահանգի այլ կողմերից՝ Պատերսոնից, Ուոլքիլից և անգամ Բրուքլինից, որը մոտ 80 կիլոմետր հեռու է։

Այս երիտասարդներից շատերը Միացյալ Նահանգների տարբեր ծայրերից են, ոմանք էլ՝ արտերկրից։ Նրանք պատրաստակամություն են հայտնել որպես կամավոր ծառայելու այստեղ մեկ շաբաթ, մեկ ամիս կամ ավելի երկար ժամանակով ու եկել են իրենց միջոցներով։ Ճիշտ է, աշխատանքի դիմաց նրանք չեն վարձատրվում, բայց անչափ ուրախ են, որ այստեղ են։

Այսօր կան մոտ 120 կամավորներ, թեև նրանց թիվը առաջիկա ամիսներին կավելանա։ Նրանք մտնում են ճաշարան և տաս-տաս նստում են սեղանների շուրջ։ Ոմանք սուրճ են լցնում իրենց համար։ Խոհանոցից գալիս է խոզի ապխտած մսի անուշ հոտը։ Ուղիղ ժամը 7-ին միանում են հեռուստաէկրանները և ցույց են տալիս օրվա խոսքի քննարկումը։ 15 րոպե անց մատուցողները բերում են նախաճաշը։ Բացի խոզապուխտից, ճաշացանկում կա նաև հաց, ձու և վարսակի շիլա։ Մի խոսքով, ոչ ոք սոված չի մնա։

Ուտելուց հետո, երբ նախաճաշն ավարտվում է աղոթքով, ժամանակն է գործի անցնելու։ Շինարարները, ուրախ զրուցելով, հագնում են իրենց շինարարական բաճկոնները, կապում են գործիքներով ծանրաբեռնված գոտիները, դնում են շինարարական սաղավարտներն ու պաշտպանիչ ակնոցները։

Քանի որ Թաքսիդոյից մի քանի կիլոմետր հեռու՝ Ուորվիք քաղաքին մոտակայքում, Եհովայի վկաները կառուցելու են իրենց նոր գլխավոր վարչությունը, կամավորները պետք է այստեղ՝ Թաքսիդոյում գտնվող նախկին Թղթի միջազգային ընկերության տարածքը դարձնեն շինարարական աշխատանքների կազմակերպման վայր։ Այստեղի շենքերում առանձնացվել են բնակելի սենյակներ և տարբեր գրասենյակներ, ինչպես նաև աշխատանքային տարբեր գոտիներ ու պահեստներ։ 2013թ. մարտի 12-ին տեղական շինարարական խորհուրդը պայմանական համաձայնություն էր տվել Թաքսիդոյի նախագծին։

Ինչպե՞ս են դիմավորում կամավորներին։ Ուիլյամը՝ Նյու Ջերսիից եկած մի եղբայր, ասում է. «Հենց Բեթելի ընդունարանում եղբայրները ծանոթացնում են քեզ հիմնական բաներին. որտեղ է քո սենյակը, ինչպես կողմնորոշվես տարածքում, ինչպես օգտվես բանալիներից։ Բոլորը պատրաստ են քեզ օգնել։ Հաջորդ առավոտ, երբ գալիս ես Թաքսիդո, նախաճաշից հետո ծանոթանում ես քո խմբի ղեկավարի հետ, և նա բացատրում է, թե ինչ պետք է անես»։

Ինչպե՞ս է ծառայությունն այստեղ։ Յահիրան և իր ամուսինը եկել են Պուերտո Ռիկոյից և կատարում են միջնապատերի ու շրջանակների հետ կապված աշխատանքներ։ Յահիրան ասում է. «Մենք արթնանում ենք 4:30։ Հավաքում ենք մեր սենյակը, փակ բաժակով սուրճ ենք վերցնում և վազում ենք, որ հասնենք մեր ավտոբուսին։ Օրվա վերջում շատ հոգնած ենք լինում, բայց մեր ծիծաղը, թվում է՝ երբեք չի դադարում։ Բոլորս ուրախ ենք»։

Ուորվիքի տարածքը շրջապատված է անտառներով։ Երբ այստեղ շինհրապարակի նախապատրաստման աշխատանքներին մասնակցող Զաքին և նրա կնոջը՝ Բեթին, հարցրին, թե ինչն է մղել նրանց Մինեսոտայից գալ այստեղ, Բեթը ասաց. «Համոզված ենք, որ կյանքում չկա ավելի լավ նպատակ, քան Եհովային ծառայելը։ Մենք ուզում ենք մեր ունակությունները օգտագործել այդ ծառայության մեջ»։