Անցնել բովանդակությանը

Ուոլքիլի և Ուորվիքի շինարարական նախագծերի ընթացքը

Ուոլքիլի և Ուորվիքի շինարարական նախագծերի ընթացքը

Երկրի տարբեր մասերից եկած կամավորների ժրաջան աշխատանքի շնորհիվ Միացյալ Նահանգներում Եհովայի վկաների երկու մեծ շինարարական նախագծերը կամաց-կամաց շունչ են առնում։

Ուոլքիլ, Նյու Յորք։ Այս համալիրը Միացյալ Նահանգներում Եհովայի վկաների գրականության տպագրության կենտրոնն է, որտեղ ծառայում են ավելի քան 1600 Վկաներ։ Ուոլքիլում իրականացվող աշխատանքի ծավալը մեծացնելու համար շինարարները, որոնցից շատերը կամավորներ են, կառուցում են նոր երեք հարկանի գրասենյակային շենք, ավտոկայանատեղ և երեք հարկանի բնակելի շենք՝ անձնակազմի համար։ 2012-ին արդեն կամավորները կառուցել էին տեխնիկական վերահսկողության մասնաշենքը և ընդարձակել էին ճաշասենյակը 200 տեղով։

Եհովայի վկաները ունեն վարչական շենքեր՝ մասնաճյուղեր, տարբեր երկրներում, օրինակ՝ Բրազիլիայում, Գերմանիայում և Մեքսիկայում։ Միացյալ Նահանգներում Եհովայի վկաներին են պատկանում նաև Պատերսոնում (Նյու Յորք) գտնվող կրթական կենտրոնը և Բրուքլինում (Նյու Յորք) գտնվող գրասենյակային շենքերը։ Երբ Ուոլքիլում ընդլայնման շինարարական նախագիծն ավարտվի, այն կդառնա Եհովայի վկաների ամենամեծ համալիրը աշխարհում։

Ուորվիք, Նյու Յորք։ Այս համալիրը լինելու է Եհովայի վկաների նոր գլխավոր վարչությունը։ Այս տարածքում եղած դատարկ շենքերը քանդվել են և տարածքը մաքրվել է։ Վկաները նաև ձեռք են բերել 10 կիլոմետր հեռու գտնվող մի տարածք Թաքսիդոյում (Նյու Յորք), շինարարության համար օգտագործվող տեխնիկան և նյութերը այնտեղ պահելու համար։ Տեղային ինքնակառավարման համապատասխան մարմինները ընդունել են նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության վերջնական գնահատականը։ Երբ նախագիծը հավանություն ստանա, կկազմվի դիմում համապատասխան շինթույլտվություններ ստանալու համար։ Մինչ այդ Եհովայի վկաների գլխավոր վարչությունը կշարունակի գործել Բրուքլինում (Նյու Յորք)։