Անցնել բովանդակությանը

Ֆալկոնների ընտանիքը՝ Եհովայի վկաների համաժողովին

ՄԱՐՏԻ 3, 2017
ԳԵՐՄԱՆԻԱ

Գերմանիայի դատարանները Եհովայի վկաների համաժողովները ճանաչել են որպես կրոնական տոներ

Գերմանիայի դատարանները Եհովայի վկաների համաժողովները ճանաչել են որպես կրոնական տոներ

2012թ. ապրիլին յոթամյա Վիվիեն Ֆալկոնը իր ծնողների կողմից մի գրություն տվեց տնօրենին, որով նրանք խնդրում էին մեկ օրով իրենց դստերը ազատել դասերից։ Նրա ընտանիքը պլանավորում էր հաճախել Մայնցում անցկացվող Եհովայի վկաների տարեկան եռօրյա կրոնական համաժողովին։ Դպրոցի տնօրինությունը մերժեց ծնողների՝ Վիվիենին ուրբաթ օրը համաժողովի համար դասերից ազատելու մասին խնդրանքը։ Չնայած տնօրինության մերժմանը՝ Վիվիենի ծնողները նրան տարան համաժողով, քանի որ կարևորում էին նրա հոգևոր կրթությունը։ Ծնողները դիմեցին Կրթության պետական խորհուրդ (Խորհուրդ)՝ բողոքարկելով տնօրինության մերժումը։ Համաժողովը կրոնական տոն ճանաչելու փոխարեն՝ Խորհուրդը նրանց ենթարկեց վարչական տույժի։

Խորհրդի որոշումը կարող էր բացասական հետևանքներ ունենալ Վիվիենի ծնողների համար, քանի որ Գերմանիայի օրենսդրության համաձայն՝ դպրոցից անհիմն բացակայելը համարվում է ծնողների՝ իրենց երեխային դպրոց ուղարկելու իրավական պարտավորության ոտնահարում։ Այդ խախտումը կարող է պատժվել տուգանքով, իսկ ծայրահեղ դեպքերում՝ նույնիսկ ազատազրկմամբ։ Մյուս կողմից՝ Վիվիենի ծնողները այդ որոշումը համարում են իրենց կրոնական ազատության և երեխային իրենց կրոնական համոզմունքներով դաստիարակելու իրավունքի ոտնահարում։

Կրոնական տոներին մասնակցելու իրավունքի քննությունը դատարանում

Վիվիենի ծնողները՝ Ստեֆանոն և Էլիզան, դիմեցին վարչական դատարան՝ վիճարկելու Խորհրդի գործողությունները։ Նրանք բողոքում բացատրեցին, որ ամբողջ օրը տևող կրոնական արարողությունը հնարավորություն է տալիս հավատ կերտելու և պաշտելու Աստծուն որպես ընտանիք։ Նրանք նշեցին հետևյալը. «Համաժողովները տարեկան միջոցառումներ են և հատուկ իրադարձություններ մեր կրոնական պաշտամունքի մեջ»։ * Դատարանը վճիռ կայացրեց հօգուտ ծնողների՝ սահմանելով, որ Եհովայի վկաների տարեկան տարածաշրջանային համաժողովները կրոնական տոներ են։ Խորհուրդը բողոքարկեց վճիռը՝ պնդելով, որ Եհովայի վկաների համաժողովները կրոնական տոներ չեն, այլ ընդամենը տոնական միջոցառումներ են, որոնք հատուկ օրեր չեն, որ սուրբ համարվեն, ինչպիսիք են, օրինակ՝ Սուրբ Ծնունդը, Զատիկը կամ ազգային տոները։

2015թ. հուլիսի 27-ին Հեսսենի վարչական բարձրագույն ատյանը անփոփոխ թողեց ստորին դատական ատյանի վճիռը։ Դատարանը սահմանեց, որ «կրոնական տոն» եզրույթի սահմանումը բացառապես կախված է նրանից, թե ինչ տեսակետ ունի այդ հարցի վերաբերյալ տվյալ կրոնական միավորումը։ Դատարանը հստակ տարբերակեց կրոնական հարցերը պետական հարցերից՝ նշելով. «Հակառակ դեպքում պետությունը կոտնահարեր եկեղեցիների, կրոնական և գաղափարախոսական միավորումների՝ Հիմնական իրավունքով (Գերմանիայի Սահմանադրությամբ) երաշխավորված ինքնուրույնության սկզբունքը և տվյալ ոլորտում իրենց անկախությունը»։ Պետությունը «պարտավոր է պահպանել գաղափարախոսական և կրոնական չեզոքություն»։

Բարձրագույն դատական ատյանը նաև հղում կատարեց Եհովայի վկաների պաշտոնական վեբ կայքին, որը ցույց է տալիս, որ Վկաները իրենց համաժողովները համարում են կրոնական տոներ։ Դատարանը նշեց, որ Ֆալկոնների՝ դպրոցի դասերից իրենց աղջկան ազատելու մասին խնդրանքը մերժելով՝ Խորհուրդը «սխալ է մեկնաբանել երեխայի՝ կրոնական ազատության իրավունքը.... ինչպես նաև երեխային իրենց կրոնի և գաղափարների համաձայն կրթելու.... ծնողների իրավունքը»։ Դատարանը հանգեց այն եզրակացության, որ Խորհրդի «դիրքորոշումը հակասում է այն պահանջին, որ պետությունը պետք է անկախ լինի»։

«Հասարակ կրոնական իրադարձությանը մասնակցելը կարող է հարգելի պատճառ լինել դպրոցի դասերից բացակայելու համար» (Հեսսենի վարչական բարձրագույն ատյան)։

Բազմակողմանի կրթություն

Նման որոշումից հետո Վիվիենի ծնողները ասում են. «Որպես Եհովայի վկաներ՝ մենք կարևորում ենք աշխարհիկ կրթությունը և փորձում ենք մեր երեխայի մեջ սովորելու հանդեպ սեր զարգացնել։ Մենք նաև շատ բարձր ենք գնահատում կրոնական կրթությունը, քանի որ այն սովորեցնում է երեխաներին սեր զարգացնել հոգևոր բաների հանդեպ և անձնական փոխհարաբերություններ ունենալ Աստծու հետ, ինչը կօգնի նրանց լինելու սիրող, հոգատար և բազմակողմանի զարգացած։ Մենք ուրախ ենք, որ դատական մարմինները նման որոշում են կայացրել»։

Ֆալկոնների փաստաբան Արմին Փիկլը ասում է. «Այս որոշմամբ սահմանվում է, որ Եհովայի վկաների համաժողովները սուրբ իրադարձություններ են և պաշտպանվում է ծնողների՝ իրենց կրոնական համոզմունքներով երեխաներին կրթելու իրավունքը։ Եհովայի վկա աշակերտները կօգտվեն այս որոշումից և դպրոցական տարիներին համաժողովներ հաճախելու համար կազատվեն դասերից։ Հուսով եմ՝ այլ երկրների դատական մարմինները այս հարցին առնչվող գործեր քննելիս կկիրառեն այս որոշումը»։

^ պարբ. 5 Տարածաշրջանային համաժողովները (նախկինում կոչվում էին մարզային համաժողովներ) տարեկան կրոնական իրադարձություններ են, որոնք Եհովայի վկաները անցկացնում են ամբողջ աշխարհով մեկ։ Այդ եռօրյա կրոնական կրթական ծրագիրը սովորեցնում է երիտասարդներին և տարեցներին, թե ինչպես կյանքում կիրառել Աստվածաշնչի սկզբունքները։