Անցնել բովանդակությանը

Փունիթ Ագարվալ, Դելրոյ Ուիլյամսոն, Աշոկ Փաթել (առաջին շարքում՝ ձախից աջ); Մարկ Սլայգեր, Ջունի Պալմու, Հիրոշի Աոկի (երկրորդ շարքում՝ ձախից աջ)

ՀՈՒԼԻՍ 10, 2020
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս շաբաթ լույս է ընծայվել ևս վեց Աստվածաշունչ

Այս շաբաթ լույս է ընծայվել ևս վեց Աստվածաշունչ

Արդեն երկրորդ շաբաթն է, որ Եհովայի վկաները վեց լեզուներով Աստվածաշունչ են լույս ընծայում։ 2020 թ. հուլիսի 4-ին «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» թողարկվեց բիսլամա և օրոմո լեզուներով։ Հաջորդ օրը՝ հուլիսի 5-ին, «Նոր աշխարհ թարգմանությունը» լույս ընծայվեց լատիշերեն և մարաթի լեզվով, իսկ «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» թողարկվեց բենգալերեն և կարեն (սգաու) լեզվով։ Բոլոր Աստվածաշնչերը էլեկտրոնային ձևաչափով էին, իսկ ելույթները՝ նախապես ձայնագրված։ Քարոզիչները հատուկ ծրագիրը դիտեցին ինտերնետով և հեռուստատեսությամբ։ Նրանք շատ էին ոգևորվել Եհովայից ստացած այդ նվերներից։

Բիսլամա

Բիսլամա լեզվով վերանայված «Նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին հայտարարությունն արեց եղբայր Մարկ Սլայգերը, որը Ֆիջիի մասնաճյուղի կոմիտեի անդամ է։ Ծրագրին միացել էին Վանուատուում բնակվող քարոզիչները։ Այն ներկայացվեց բիսլամա լեզվով, ինչպես նաև թարգմանվեց բիսլամական ժեստերի լեզվով։

Աստվածաշնչի թարգմանությունը ավելի քան երեք տարի է տևել, որին մասնակցել է 2 թարգմանչական խումբ։ Թարգմանիչներից մեկը նշեց. «Եղբայրները շատ կհավանեն վերանայված «Նոր աշխարհ թարգմանությունը», քանի որ այն դյուրընթեռնելի է և համապատասխանում է ժամանակակից լեզվի պահանջներին։ Այն կօգնի բոլորիս, որ ճշմարտությունն ավելի լավ հասկանանք»։

Մենք վստահ ենք, որ այս վերանայված թարգմանությունը բիսլամա լեզվով խոսող ավելի քան 700 քարոզիչները կօգտագործեն իրենց անձնական ուսումնասիրության և ծառայության ժամանակ։

Օրոմո

Եղբայր Դելրոյ Ուիլյամսոնը, որը ծառայում է Եթովպիայի մասնաճյուղի կոմիտեում, հայտարարեց օրոմո լեզվով «Նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Ընդհանուր առմամբ, 12 548 եղբայրներ ու քույրեր դիտեցին կամ լսեցին այս ծրագիրը՝ այդ թվում 2 000 քարոզիչներ, որոնք խոսում են օրոմո լեզվով։

Հաշվի առնելով տեխնիկական սահմանափակումները՝ Կառավարիչ մարմինը հավանություն տվեց, որ նախապես ձայնագրված ելույթը ցուցադրվի արբանյակային հեռուստատեսությամբ։ Քարոզիչները նաև հանդիպմանը հեռախոսով միանալու հնարավորություն ունեցան։

Հինգ թարգմանիչներ հինգ տարի աշխատեցին այդ նախագծի վրա։ Օրոմո լեզվով Աստվածաշունչը օգտակար գործիք կլինի այս մեծ դաշտում ծառայող մեր հավատակիցների համար։

Լատիշերեն

12 տարի ջանասեր աշխատանքից հետո լույս ընծայվեց լատիշերեն «Նոր աշխարհ թարգմանությունը»։ Լատվիայում բոլոր լատիշախոս և ռուսախոս ժողովները հրավիրվեցին դիտելու ծրագիրը։

Ելույթը ներկայացրեց եղբայր Ջունի Պալմուն, որը Ֆինլանդիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ է։ Նա նշեց. «Մենք մեծ ուրախությամբ ներկայացնում ենք այս ժամանակակից և հեշտ ընթեռնելի աստվածաշնչյան թարգմանությունը մեր լատիշախոս ընթերցողներին։ Հուսով ենք, որ այս թարգմանությունը կավելացնի այն ուրախությունը, որ ստանում եք Աստծու Խոսքը ուսումնասիրելուց և դրա շուրջ խորհրդածելուց»։

Խոսելով նոր թողարկված Աստվածաշնչի՝ փնտրտուքներ կատարելու հնարավորության մասին՝ թարգմանչական խմբի անդամներից մեկն ասաց. «Աստվածաշնչի այս թարգմանությունը կարծես հոգևոր «խելացի սարք» լինի, որը խոր անձնական ուսումնասիրություն անելու և խորհրդածելու մեծ հնարավորություններ է տալիս»:

Մարաթի

Հնդկաստանի մարաթի լեզվով խոսող ժողովների համար էլ ծրագիր ներկայացվեց, որի ընթացքում հայտարարվեց մարաթի լեզվով «Նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Հայտարարությունն արեց եղբայր Փունիթ Ագարվալը, որը Հնդկաստանի մասնաճյուղի կոմիտե անդամ է։

Մարաթի լեզվով Աստվածաշնչի թարգմանությունը տևել է 3 տարի, և այդ գործին մասնակցել է 6 թարգմանիչ։ Թարգմանիչներից մեկն ասաց. «Այս թարգմանությունը օգտակար կլինի հատկապես ծնողների և Աստծու Խոսքը ուսուցանողների համար»։

Մեկ այլ թարգմանիչ էլ նշեց. «Բավականության մեծ զգացում ունեմ, որ այս Աստվածաշնչում վերականգնված է Աստծու Եհովա անունը բոլոր այն մասերում, որտեղ այն կա բնագրում։ Ընթերցողները Աստծու անունը կտեսնեն գրքի համարյա բոլոր էջերում, և Եհովայի անունը կփառավորվի արժանի կերպով»։

Կենտրոնական Հնդկաստանում ավելի քան 83 մլն մարդ է խոսում մարաթի լեզվով։

Բենգալերեն

Եղբայր Աշոկ Փաթելը, որը Հնդկաստանի մասնաճյուղի կոմիտեում է ծառայում, հայտարարեց բենգալերեն «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Հնդկաստանից և Բանգլադեշից ավելի քան 1 200 քարոզիչ դիտեց ծրագիրը։

Բենգալերենը աշխարհում ամենատարածված լեզուներից 7-րդն է, և այդ լեզվով խոսում է ավելի քան 265  միլիոն մարդ։ Հնդկաստանի և Բանգլադեշի տարբեր մասերում բնակվող թարգմանիչներից խումբը կազմվեց, որպեսզի թարգմանության մեջ օգտագործվի այնպիսի լեզու, որը հասկանալի լինի բենգալախոս մարդկանց մեծ մասին։ Նախագիծը ավարտին հասցնելու համար այդ խումբը 3 տարի աշխատեց միասին։

Եղբայր Փաթելը իր ելույթում ասաց. «Բենգալերենը առաջին հնդկական լեզուներից է, որով թարգմանվել է Աստվածաշունչը։ Հունարեն Գրությունների ամբողջական թարգմանությունը հրատարակվել է 1801-ին։ Այդ Աստվածաշունչը առանձնահատուկ էր, քանի որ պարունակում էր Աստծու անունը՝ Եհովա։ Իսկ ժամանակակից Աստվածաշնչերում Աստծու անունը փոխարինվել է «Տեր» տիտղոսով։ «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» ընթերցողների համար կլինի ճշգրիտ և հասկանալի թարգմանություն»։

Թարգմանչական խմբի անդամներից մեկն էլ ասաց. «Այս թարգմանությունը վառ ապացույցն է այն բանի, որ Եհովան սիրում է ամեն տեսակ մարդկանց և նրանց հրավիրում է, որ սովորեն իր և իր որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին»։

Կարեն (սգաու)

Եղբայր Հիրոշի Աոկին, որը Մյանմայի մասնաճյուղի կոմիտեում է ծառայում, հայտարարեց, որ «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» լույս է ընծայվել կարեն (սգաու) լեզվով։ Ծրագիրը հեռարձակմամբ լսեցին վեց ժողովներում և 4 խմբերում ծառայող 510 քարոզիչներ։

Այս թարգմանչական նախագիծը ավարտին հասցվեց մոտ մեկ տարում։ Թարգմանչական խմբի անդամներից մեկը նշեց. «Մեր հավատակիցները, ինչպես նաև այլ մարդիկ բավականություն կստանան այս գրքի ընթերցանությունից, քանի որ դրանում վերականգնվել է Աստծու անունը, և ժամանակակից լեզու է օգտագործվել։ Թարգմանությունը պարզ է, ճշգրիտ և հասկանալի։ Մենք շնորհակալ ենք Եհովային այս հրաշալի նվերի համար։ Այն մեր սրտին հարազատ լեզվով է, ինչը կօգնի, որ ավելի մոտենանք Աստծուն»։

Մեկ այլ թարգմանիչ էլ ասաց. ««Նոր աշխարհ թարգմանությունը» գրված է ժամանակակից լեզվով։ Դա կօգնի ընթերցողներին ավելի լավ հասկանալ աստվածաշնչյան կերպարների զգացումները, պատկերացնել նրանց հանգամանքները և ընդօրինակել նրանց հավատը»։

Մենք ցնծում ենք մեր այն հավատակիցների հետ, ովքեր ստացել են այս Աստվածաշնչերը։ Համոզված ենք, որ այս թարգմանությունները քարոզիչներին կօգնեն ավելի մտերմանալ Եհովայի հետ և ճշմարտությունը պատմել ուրիշներին (Հովհաննես 17։17):