Անցնել բովանդակությանը

Ի՞նչ գիրք է Աստվածաշունչը

Ի՞նչ գիրք է Աստվածաշունչը

 Տեղեկություններ Աստվածաշնչի վերաբերյալ

  •   Ո՞վ է գրել Աստվածաշունչը։ Աստվածաշնչի հեղինակը Աստված է, սակայն այն գրվել է մոտ 40 տարբեր տղամարդկանց միջոցով։ Այդ տղամարդկանցից էին Մովսեսը, Դավիթ թագավորը, Մատթեոսը, Մարկոսը, Ղուկասը և Հովհաննեսը։ a Աստված իր մտքերը փոխանցել է այդ մարդկանց, և նրանք արձանագրել են նրա ասածները (2 Տիմոթեոս 3։16

     Պատկերացնելու համար բերենք մի օրինակ։ Գործատերը խնդրում է իր քարտուղարին նամակ գրել։ Թեև հնարավոր է՝ նա միայն գլխավոր մտքերը փոխանցի քարտուղարին, և վերջինս ձևակերպի ամբողջ նամակը, սակայն, միևնույն է, նամակի հեղինակը գործատերն է։ Նմանապես, թեև Աստված մարդկանց միջոցով է գրել իր Խոսքը, սակայն նա է Աստվածաշնչի հեղինակը։

  •   Ե՞րբ է գրվել Աստվածաշունչը։ Աստվածաշունչը սկսել է գրվել մ.թ.ա. 1513 թ.-ին և ավարտին է հասցվել մոտ 1 600 տարի հետո՝ ըստ ամենայնի մ.թ. 98 թ.-ին։

  •   Որտե՞ղ է Աստվածաշնչի բնօրինակը։ Աստվածաշնչի բնագրերը չեն պահպանվել։ Ինչո՞ւ։ Քանի որ Աստվածաշունչը գրվել է շուտ քայքայվող նյութերի վրա, որոնցից են պապիրուսը և մագաղաթը։ Սակայն պրոֆեսիոնալ գրագիրները ամենայն ուշադրությամբ արտագրել են Աստվածաշունչը դարեր շարունակ, ինչի շնորհիվ այն պահպանվել է մինչև մեր օրերը։

  •   Ի՞նչ է «Հին Կտակարանը», և ի՞նչ է «Նոր Կտակարանը»։ «Հին Կտակարան» են անվանում Աստվածաշնչի այն հատվածը, որը հիմնականում գրվել է եբրայերեն։ b Այն նաև կոչում են Եբրայերեն Գրություններ։ Իսկ «Նոր Կտակարան» կոչում են այն հատվածը, որը գրվել է հունարեն, ինչի պատճառով նաև կոչվում է Հունարեն Գրություններ։ Այս երկու մասերը իրար հետ կոչվում են Աստվածաշունչ կամ Սուրբ Գիրք։ c

  •   Ի՞նչ է գրված Աստվածաշնչում։ Աստվածաշնչում կարող եք գտնել պատմական փաստեր, օրենքներ, մարգարեություններ, բանաստեղծություններ, առակներ, երգեր և նամակներ (տես «Աստվածաշնչի գրքերի ցանկը»)։

 Ինչի՞ մասին է Աստվածաշունչը

 Աստվածաշունչը սկսվում է հակիրճ նկարագրությունից, թե ինչպես է Ամենակարող Աստված ստեղծել երկինքն ու երկիրը։ Աստվածաշնչի միջոցով նա հայտնում է մեզ, որ իր անունը Եհովա է և ցանկանում է, որ ճանաչենք իրեն (Սաղմոս 83։18

 Աստվածաշնչից տեսնում ենք, որ Աստծու անունը վարկաբեկվել է, նաև իմանում ենք, թե նա ինչպես է վերականգնելու իր բարի համբավը։

 Աստվածաշունչը նաև ցույց է տալիս, թե Աստված ինչ նպատակ ունի մարդկության և երկրի առնչությամբ, ու թե ինչպես է նա ապագայում վերացնելու չարության պատճառները։

 Աստվածաշնչում կան նաև մեր առօրյա կյանքին առնչվող գործնական խորհուրդներ։ Ահա մի քանի ոլորտներ, որտեղ դրանք կարող են օգտակար լինել՝

  •   Ուրիշների հետ փոխհարաբերություններում. «Ուրեմն այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» (Մատթեոս 7։12

     Նշանակությունը: Ուրիշների հետ պետք է վարվենք այնպես, ինչպես կուզենայինք, որ մեզ հետ վարվեին։

  •   Սթրեսի դեմ պայքարում. «Երբեք մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին, որովհետև վաղվա օրը կունենա իր մտահոգությունները» (Մատթեոս 6։34

     Նշանակությունը: Ապագայի հնարավոր խնդիրների մասին չափազանց մտահոգվելու փոխարեն լավ կլինի կենտրոնանալ ներկայիս իրավիճակի վրա։

  •   Ամուսնության մեջ. «Սակայն ձեզանից ամեն մեկը թող այնպես սիրի իր կնոջը, ինչպես իր անձը։ Իսկ կինը պետք է խոր հարգանք տածի իր ամուսնու հանդեպ» (Եփեսացիներ 5։33

     Նշանակությունը: Երջանիկ ընտանիք ունենալու համար ամուսինները պետք է հարգեն ու սիրեն միմյանց։

 Արդյո՞ք Աստվածաշունչը ենթարկվել է փոփոխության

 Ո՛չ։ Գիտնականները մանրամասնությամբ համեմատել են աստվածաշնչյան հնագույն ձեռագրերը ներկայիս Աստվածաշնչի հետ, և պարզվել է, որ Աստվածաշնչի հիմնական տեքստը մնացել է անփոփոխ։ Եվ դա տրամաբանական է. չէ՞ որ Աստված ուզում է, որ մարդիկ կարդան և հասկանան իր Խոսքը, ուստի նա հոգ է տարել, որ այն փոփոխությունների չենթարկվի (Եսայիա 40։8 d

 Ինչո՞ւ Աստվածաշնչի այսքան շատ թարգմանություններ կան

 Այսօր շատ քչերն են հասկանում այն հին լեզուները, որոնցով գրվել է Աստվածաշունչը։ Մինչդեռ Աստվածաշնչում գրված է «բարի լուր.... ամեն ազգի, ցեղի, լեզվի» մարդկանց համար (Հայտնություն 14։6)։ Այդ իսկ պատճառով մարդկանց անհրաժեշտ է իրենց հասկանալի լեզվով թարգմանված Աստվածաշունչ, որպեսզի նրանք կարդան և կարողանան հասկանալ այն, ինչ իրենց ուզում է ասել Աստված։

 Գոյություն ունեն հիմնականում երեք տեսակի աստվածաշնչյան թարգմանություններ.

  •   Բառ առ բառ թարգմանություններում տեքստը փոխանցվում է հնարավորինս բառացի։

  •   Իմաստային թարգմանություններում օգտագործվում են այնպիսի արտահայտություններ, որոնք փոխանցում են բնագրային տեքստի իմաստը։

  •   Վերապատմված թարգմանություններում տեքստը ազատորեն վերաձևակերպվում է, որպեսզի այն ընթերցելը հաճելի լինի։ Սակայն երբեմն այսպիսի մեծ փոփոխությունների պատճառով Աստվածաշնչի բովանդակությունը հնարավոր է փոխվի։

 Աստծու Խոսքը ճշգրիտ փոխանցելու համար թարգմանիչները պետք է մարդկանց հասկանալի ժամանակակից լեզու օգտագործեն և միաժամանակ չշեղվեն բնագրային տեքստից։ e

 Ո՞վ է որոշել, թե որ գիրքը կարող է Աստվածաշնչի մաս լինել

 Աստված՝ որպես Աստվածաշնչի հեղինակ, ինքն է որոշում, թե որ գիրքը կարող է դրա մաս կազմել։ Անցյալում իր Խոսքը պահպանելու համար նա իսրայելացիներին ընտրեց, որոնց «վստահվեցին Աստծու սրբազան պատգամի գաղտնիքները» (Հռոմեացիներ 3։2

 Աստվածաշնչի մաս կազմող գրքեր կա՞ն, որ կորել են

 Ո՛չ։ Աստվածաշունչը ամբողջական է. «կորած» գրքեր չկան։ Ոմանք գուցե առարկեն, որ երկար ժամանակ գաղտնի պահված որոշ գրքեր իրականում Աստվածաշնչի մասն են կազմում, սակայն Աստվածաշունչը վավերականության իր չափորոշիչներն ունի (2 Տիմոթեոս 1։13 f Դրանցից երևում է, որ Աստծուց ներշնչված գրքերը լիովին ներդաշնակ են, ինչը չենք կարող ասել շատ հին գրվածքների մասին, որոնք մարդիկ պնդում են, թե Աստվածաշնչի մի մասն են։ g

 Ինչպե՞ս գտնել աստվածաշնչյան համարները

 Աստվածաշնչի գրքերի ցանկ

a Աստվածաշնչյան գրքերի, դրանք գրողների և գրվելու տարեթվերի ամբողջական ցանկը գտնելու համար տես «Աստվածաշնչի գրքերը» աղյուսակը։

b Աստվածաշնչի փոքր հատվածներ գրվել են արամերենով, որը շատ նման է եբրայերենին։

c Շատ Աստվածաշունչ ընթերցողներ նախընտրում են օգտագործել «Եբրայերեն Գրություններ» և «Քրիստոնեական Հունարեն Գրություններ» արտահայտությունները, քանի որ երբ ասում ենք «Հին Կտակարան», հնարավոր է տպավորություն ստեղծվի, թե այն հնացած է, և «Նոր Կտակարանը» գրվել է դրա փոխարեն։

e Շատերը հաճույքով ընթերցում են «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը», քանի որ այն ճշգրիտ է և դյուրընթեռնելի։ Տես «Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանությունը ճշգրի՞տ է» հոդվածը։

f Այս գրքերը կոչվում են անկանոն կամ պարականոն։ Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»՝ պարականոն են կոչվում «այն գրվածքները, որոնք բովանդակությամբ առնչվում են Աստվածաշնչի հետ, բայց դուրս են մնում նրա կանոնական կազմից»։ Այսինքն՝ դրանք Աստվածաշնչի վստահարժան գրքերի ցանկի մեջ չեն մտնում։