Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Պե՞տք է հնազանդվեմ ծնողներիս սահմանած կանոններին

Պե՞տք է հնազանդվեմ ծնողներիս սահմանած կանոններին

 Դժվարանո՞ւմ ես հնազանդվել ծնողներիդ սահմանած կանոններին։ Այս հոդվածը և գրառումների էջը կօգնեն քեզ խոսելու ծնողներիդ հետ այդ մասին։

 Ճիշտ տեսակետ

 Սխալ տեսակետ։ Երբ լքես քո հայրական տունը, այլևս ստիպված չես լինի որևէ կանոնի հնազանդվել։

 Փաստ։ Կանոնները չեն վերանա, նույնիսկ եթե տեղափոխվես ուրիշ տեղ ապրելու։ Միևնույնն է, դու պետք է ենթարկվես ինչ-որ մեկի սահմանած կանոններին, օրինակ՝ գործատիրոջ, տանտիրոջ կամ նույնիսկ կառավարության։ 19-ամյա Դանիելեն ասում է. «Կարծում եմ, որ այն երիտասարդների համար, ովքեր չեն ենթարկվում իրենց տանը սահմանված կանոններին, շատ դժվար կլինի, երբ առանձնանան իրենց ծնողներից»։

 Աստվածաշունչն ասում է. «Հնազանդվեք կառավարություններին ու իշխանություններին» (Տիտոս 3:1)։ Եթե այսօր սովորես հնազանդվել ծնողներիդ սահմանած կանոններին, ապագայում քեզ ավելի հեշտ կլինի կյանքի տարբեր բնագավառներում հետևել ընդունված կանոնների։

 Ինչ կարող ես անել։ Սովորիր տեսնել այդ կանոնների դրական կողմերը։ Ջերեմի անունով մի երիտասարդ ասում է. «Մեր ընտանիքում սահմանված կանոնների շնորհիվ սովորել եմ, թե ինչպես լավ ընկերներ գտնել և ժամանակը ճիշտ տնօրինել։ Դրանք նաև օգնել են ինձ, որ չափից շատ հեռուստացույց չդիտեմ ու չտարվեմ էլեկտրոնային խաղերով։ Բացի այդ, կանոնները նպաստել են նրան, որ ավելի արդյունավետ բաներով զբաղվեմ, որոնցից մի քանիսը մինչև հիմա ինձ հաճույք են պատճառում»։

 Ճիշտ վերաբերմունք

 Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե որևէ կանոն անտրամաբանական է թվում քեզ։ Թամարա անունով մի աղջիկ ասում է. «Որոշ ժամանակ առաջ ծնողներս թույլ տվեցին ինձ, որ ուրիշ երկիր մեկնեմ, սակայն այսօր նրանք թույլ չեն տալիս անգամ, որ մեքենայով գնամ մի քաղաք, որը մեր բնակավայրից ընդամենը 20 րոպեի ճանապարհ է»։

 Եթե դու էլ ես նման իրավիճակում, ի՞նչ ես կարծում՝ սխալ կլինի՞, որ ծնողներիդ հետ զրուցես նրանց սահմանած կանոնի մասին։ Իհարկե ո՛չ։ Սակայն կարևորն այն է, որ իմանաս, թե երբ և ինչպես խոսել նրանց հետ այդ մասին։

 Երբ։ «Դու կարող ես խնդրել ծնողներիդ փոքր-ինչ փոփոխել իրենց սահմանած կանոնն այն դեպքում միայն, եթե ժամանակի ընթացքում ցույց ես տվել, որ պատասխանատու անձնավորություն ես, ու փաստել ես, որ քեզ կարելի է վստահել»,— ասում է Ամանդա անունով մի դեռահաս աղջիկ։

 Դարիան համոզվել է, որ այդ խոսքերը ճշմարիտ են։ Նա ասում է. «Երբ մայրս տեսավ, որ ես հնազանդվում եմ նրա սահմանած կանոնին, որոշեց փոփոխություն անել»։ Հիշի՛ր, վստահությունը չեն պահանջում, այն ձեռք են բերում։

Ծնողների հետ ապրել և նրանց կանոններին չհնազանդվել նույնն է, ինչ փորձել վայրէջք կատարել օդանավակայանում՝ չենթարկվելով թռիչքային կանոններին

 Աստվածաշունչն ասում է. «Պահիր քո հոր պատվիրանը և քո մոր օրենքը մի՛ թող» (Առակներ 6:20)։ Հետևելով այս խորհրդին՝ դու կկարողանաս ձեռք բերել ծնողներիդ վստահությունը, և քեզ համար ավելի հեշտ կլինի խոսել նրանց հետ։

 Ինչպես։ «Ծնողների հետ հաղորդակցվելու լավագույն ձևը նրանց հետ հարգանքով և հանգիստ խոսելն է, ոչ թե նվնվալը կամ բղավելը»,— ասում է Սթիվեն անունով մի երիտասարդ։

 Դարիան, որի մասին նշվեց վերևում, համաձայն է այս խոսքերին։ Նա ասում է. «Երբ մորս հետ վիճում էի, արդյունքում ոչինչ չէր փոխվում։ Հակառակը՝ նա ավելի էր խստացնում կանոնը»։

 Աստվածաշունչն ասում է. «Հիմարը թափում է իր ողջ ջղայնությունը, բայց իմաստունը մինչև վերջ հանդարտ է մնում» (Առակներ 29:11)։ Սովորելով ինքնատիրապետում դրսևորել՝ մեծ օգուտներ կստանաս ոչ միայն տանը, այլև դպրոցում, աշխատավայրում և այլուր։

 Ինչ կարող ես անել։ Նախ մտածիր, հետո խոսիր։ Բարկության մեկ պոռթկումով կարող ես արատավորել վստահարժան մարդու քո համբավը։ Այդ պատճառով Աստվածաշունչն ասում է. «Նա, ով չի շտապում բարկանալ, շատ խորաթափանց է» (Առակներ 14:29

 Առաջարկ։ Գրառումների էջի օգնությամբ մտածիր ծնողներիդ սահմանած կանոնների մասին և անհրաժեշտության դեպքում խոսիր նրանց հետ։