Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ի՞նչ անեմ, եթե ձանձրանում եմ

Ի՞նչ անեմ, եթե ձանձրանում եմ

 Որոշ մարդկանց համար չկա ավելի վատ բան, քան անձրևոտ օրը տանը մնալ և ոչինչ չանել ու ոչ մի տեղ չգնալ։ Ռոբերտ անունով մի երիտասարդ ասում է. «Այդ ժամանակ ես պարզապես նստում եմ ու չգիտեմ, թե ինչ անեմ»։

 Երբևէ նման զգացում ունեցե՞լ ես։ Եթե այո, այս հոդվածը կարող է օգնել քեզ։

 Ինչ պետք է իմանաս

  •   Տեխնիկայից օգտվելը ելք չէ

     Համացանցում թափառելը կարող է ժամանակ անցկացնելու միջոց լինել, բայց այն կարող է նաև սպանել քո ստեղծագործական միտքը և այդպիսով նպաստել ձանձրույթին։ «Հանկարծ գիտակցում ես, որ անիմաստ նայում ես էկրանին ու ոչ մի բանի մասին չես մտածում»,— ասում է 21-ամյա Ջերեմին։

     Ելենա անունով մի երիտասարդ կին համաձայն է այս խոսքերին։ Նա ասում է. «Տեխնիկայի միջոցով միայն սահմանափակ թվով բաներ կարող ես անել։ Այն շեղում է քեզ իրականությունից։ Այդ պատճառով, երբ սարքդ մի կողմ ես դնում, կյանքը ավելի ձանձրալի է դառնում քեզ համար»։

  •   Քո տրամադրվածությունից շատ բան է կախված

     Չձանձրանալու համար արդյո՞ք ընդամենը շատ բան պետք է ունենաս անելու։ Հիմնականում դա կախված է նրանից, թե որքան է քեզ հետաքրքրում այն, ինչ անում ես։ Օրինակ՝ Քերըն անունով մի երիտասարդ կին հիշում է. «Դպրոցը շատ ձանձրալի էր ինձ համար, չնայած որ ամբողջ օրը ինչ-որ բան ունեի անելու։ Պետք է ամբողջությամբ կլանված լինես քո դասերով, որպեսզի չձանձրանաս»։

 Գիտեի՞ր արդյոք։ «Անելու բան չունենալը» ոչ թե խոչընդոտ է, այլ հնարավորություն։ Դա բերրի հող է, որում կարող է ստեղծագործական միտք «աճել»։

Քո ձեռքում ժամանակը բերրի հող է, որում կարող է «աճել» ստեղծագործական միտքդ

 Ինչ կարող ես անել

 Ընդլայնիր մտահորիզոնդ։ Նոր ընկերներ ձեռք բեր։ Նոր հոբբի ունեցիր։ Նոր բաներ ուսումնասիրիր։ Քիչ հավանական է, որ տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդիկ մենակ մնալը ձանձրալի համարեն, և ավելի քիչ հավանական է, որ ձանձրալի լինեն ուրիշների համար։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Ինչ որ ձեռքդ գտնի անելու, ամբողջ ուժովդ արա» (Ժողովող 9։10

 «Վերջերս սկսեցի մանդարինյան չինարեն սովորել և ամեն օր սովորածս կիրառելով՝ հասկացա, որ հենց դա էր ինձ պետք։ Ինձ դուր է գալիս նպատակ ունենալը և այդ ուղղությամբ աշխատելը։ Դա իմ միտքը զբաղված է պահում և օգնում է ժամանակը արդյունավետ օգտագործելու» (Մելինդա)։

 Կենտրոնացիր նպատակիդ վրա։ Եթե քո արածի մեջ նպատակ տեսնես, հետաքրքրությունդ կմեծանա։ Նույնիսկ դպրոցական դասերդ այդքան էլ ձանձրալի չեն լինի, եթե դրանցում նպատակ տեսնես։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Մարդու համար բացի.... իր տքնաջան աշխատանքով իր հոգուն հաճույք պատճառելուց, ավելի լավ բան չկա» (Ժողովող 2։24

 «Ուսումնական տարվա վերջում օրը ութ ժամ էի սովորում, քանի որ պետք է հասցնեի սովորել բաց թողածս։ Գուցե հարցնեք՝ ձանձրալի չէ՞ր։ Ո՛չ, որովհետև վճռել էի հասնել նպատակիս։ Ես կենտրոնացա վերջնական արդյունքի՝ ավարտելու վրա, և դա մղիչ ուժ էր ինձ համար» (Հաննա)։

 Ընդունիր այն, ինչը չես կարող փոխել։ Նույնիսկ ամենաոգևորիչ նպատակները ինչ-որ բանում միօրինակություն կունենան։ Անգամ լավագույն ընկերները երբեմն չեղյալ կանեն ծրագրերը, և քեզ այլևս բան չի մնա անելու։ Քո հանգամանքների զոհը դառնալու և բացասական զգացմունքներին տրվելու փոխարեն՝ փորձիր դրական մտավիճակ ունենալ։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Ուրախ սիրտ ունեցողը միշտ խնջույքի մեջ է» (Առակներ 15։15

 «Ընկերուհիներիցս մեկն ինձ ասաց, որ սովորեմ վայելել այն ժամանակը, երբ մենակ եմ։ Նա նշեց, որ յուրաքանչյուր մարդու համար շատ կարևոր է սովորել ուրիշների հետ անցկացրած ժամանակը հավասարակշռել այն ժամանակի հետ, երբ ինքը մենակ է» (Այվի)։