Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 3

Լինել ուժեղ կամքի տեր անձնավորություն

Լինել ուժեղ կամքի տեր անձնավորություն

ԻՆՉ Է ԿԱՄՔԻ ՈՒԺԸ

Կամքի ուժը մի ունակություն է, որն օգնում է մարդուն դժվարություններից ու հիասթափություններից հետո կրկին ոտքի կանգնել։ Այն ձևավորվում է ժամանակի ընթացքում անձնական փորձի հիման վրա։ Ճիշտ ինչպես անհնար է, որ երեխան քայլել սովորելիս երբեմն չընկնի, այնպես էլ անհնար է, որ նա սովորի հասնել հաջողությունների առանց երբեմն դժվարություններ ու ձախողումներ կրելու։

ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ

Որոշ երեխաներ ընկճվում են, երբ ձախողումներ են ունենում կամ խորհուրդ են ստանում։ Ոմանք էլ բոլորովին թևաթափ են լինում։ Սակայն նրանք պետք է հասկանան կյանքի հետևյալ իրողությունները։

  • Միշտ չէ, որ հնարավոր է խուսափել ձախողումներից (Հակոբոս 3։2

  • Չկա մարդ, որ իր կյանքում դժվարին իրավիճակում չհայտնվի (Ժողովող 9։11

  • Խորհուրդ ստանալը անչափ կարևոր է բարելավումներ անելու համար (Առակներ 9։9

Կամքի ուժը կօգնի, որ երեխան վստահությամբ դիմագրավի կյանքի դժվարությունները։

ԻՆՉՊԵՍ ԶԱՐԳԱՑՆԵԼ ԵՐԵԽԱՅԻ ՄԵՋ

Երբ երեխայի կյանքում ձախողումներ են լինում

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Եթե արդարը նույնիսկ յոթ անգամ ընկնի, վեր կկենա» (Առակներ 24։16

Օգնեք ձեր երեխային ճիշտ գնահատել իրավիճակը։ Օրինակ, եթե նա լավ չի հանձնել դպրոցի քննությունը, հնարավոր է՝ վհատվի ու մտածի, որ ոչինչ չի կարողանում անել։

Երեխայի մեջ կամքի ուժ զարգացնելու համար օգնեք նրան, որ կենտրոնանա այն բանի վրա, թե ինչպես կարող է բարելավումներ անել։ Այդ դեպքում, սրտնեղելու և ընկճվելու փոխարեն, նա կփորձի լուծում գտնել։

Միևնույն ժամանակ նրա փոխարեն դուք մի՛ լուծեք խնդիրը, այլ օգնեք, որ ինքը լուծում գտնի։ Օրինակ՝ հարցրեք նրան. «Ի՞նչ կարող ես անել, որ այդ առարկան ավելի լավ հասկանաս ու ավելի լավ սովորես»։

Երբ վատ բան է պատահում

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Դուք չգիտեք, թե վաղը ինչպիսին կլինի ձեր կյանքը» (Հակոբոս 4։14

Կյանքն անկանխատեսելի է։ Մարդը, որն այսօր հարուստ է, վաղը գուցե աղքատանա, այսօր առողջ է, վաղը գուցե հիվանդանա։ «Մրցավազքը արագ վազողներինը չէ, պատերազմը հզորներինը չէ,— ասում է Աստվածաշունչը,— քանի որ ժամանակ և պատահար բոլորին է լինում» (Ժողովող 9։11

Անկասկած, դուք՝ որպես ծնող, հնարավոր ամեն ինչ անում եք, որ պաշտպանեք ձեր երեխային վտանգներից։ Իրականում, սակայն, միշտ չէ, որ կկարողանաք պաշտպանել նրան կյանքի հարվածներից։

Երեխան գուցե բախվի այնպիսի ցավալի իրողությունների, ինչպիսիք են ընկերական փոխհարաբերությունների խզումը կամ հարազատի մահը։ Օգնելով նրան հաղթահարել այդ ամենը՝ նաև կօգնեք, որ նա հետագայում էլ պատրաստ լինի դիմագրավելու կյանքի դառնությունները, լինեն դրանք ֆինանսական դժվարություններ, աշխատանքի կորուստ կամ այլ խնդիրներ։ *

Երբ ձեր երեխան խորհուրդ է ստանում

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Խորհուրդ լսիր.... որպեսզի ապագայում իմաստուն լինես» (Առակներ 19։20

Երեխային ուղղելու նպատակով նրա սխալը մատնանշելը թշնամանքի դրսևորում չէ։ Ընդհակառակը՝ դա կօգնի, որ երեխան փոփոխություններ անի իր մտածելակերպի կամ վարվելակերպի մեջ։

Եթե երեխային սովորեցնեք խորհուրդ ընդունել, դա օգտակար կլինի և՛ ձեզ համար, և՛ նրա։ Ջոն անունով մի հայր ասում է. «Եթե երեխային միշտ «փրկեք» իր սխալների համար պատասխանատվություն կրելուց, նա այդպես էլ ոչինչ չի սովորի։ Մի խնդիրը չլուծած՝ մյուսի մեջ կընկնի, և դուք ստիպված կլինեք ողջ կյանքում նրա հետևից հանգցնել նրա բորբոքած հրդեհները։ Արդյունքում թե՛ ձեր, թե՛ երեխայի կյանքը մղձավանջի կվերածվի»։

Ի՞նչ կարող եք անել, որ ձեր երեխան օգուտ քաղի խորհրդից։ Երբ երեխային խորհուրդ են տալիս դպրոցում կամ որևէ այլ տեղ, փոխանակ իսկույն ասելու, որ դա անհիմն կամ անարդարացի էր, ավելի լավ կլինի այսպիսի հարցեր տալ.

  • «Քո կարծիքով՝ ինչո՞ւ են քեզ այդպիսի խորհուրդ տվել»։

  • «Ինչպե՞ս կարող ես այդ հարցում բարելավվել»։

  • «Ի՞նչ կանես, եթե նորից այդպիսի իրավիճակ ստեղծվի»։

Հիշեք. խորհուրդ ընդունելը օգտակար կլինի ձեր երեխայի համար ոչ միայն այսօր, այլև չափահաս տարիքում։

^ պարբ. 21 Տես «Օգնեք ձեր երեխային՝ դիմանալու վշտին» հոդվածը («Դիտարան», 2008 թ., հուլիսի 1)։