Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ

Ինչպես հարմարվել փոփոխություններին

Ինչպես հարմարվել փոփոխություններին

ԽՆԴԻՐ

  • Հայրիկի աշխատանքի պատճառով ստիպված եք ընտանիքով տեղափոխվել։

  • Լավագույն ընկերդ տեղափոխվում է հեռու մի վայր։

  • Ավագ քույրդ կամ եղբայրդ ամուսնանում է և հեռանում տնից։

Հեշտությամբ կհարմարվեի՞ր այսպիսի փոփոխությունների։

Ինչպես հայտնի է, այն ծառը, որը կարողանում է ճկվել քամու ժամանակ, ավելի հեշտությամբ է դիմանում փոթորկին։ Այդպիսի ծառի նման՝ դու էլ կարող ես «ճկվել», երբ տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ, որոնց վրա քիչ ազդեցություն ունես կամ ընդհանրապես չես կարող որևէ կերպ ազդել։ Սակայն նախքան կխոսենք այն մասին, թե ինչպես կարող ես հարմարվել փոփոխություններին, նկատի առնենք դրանց վերաբերող որոշ բաներ, որ պետք է իմանաս։

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՍ

Փոփոխություններն անխուսափելի են։ Աստվածաշունչը մի կարևոր ճշմարտություն է հայտնում. «Ժամանակ և պատահար բոլորին է լինում» (Ժողովող 9։11)։ Այո՛, վաղ թե ուշ բոլորս էլ անսպասելի փոփոխությունների առաջ ենք կանգնում։ Իհարկե, չի կարելի ասել, թե անակնկալ փոփոխությունները միշտ վատն են լինում։ Երբեմն գուցե պարզվի, որ առաջին հայացքից վատը թվացող փոփոխությունները իրականում դրական են։ Այդուհանդերձ, մարդկանց մեծ մասի համար հաճելի ու հեշտ է ապրել իրենց սովորական առօրյայով, իսկ փոփոխությունները՝ լավ թե վատ, լարվածություն են առաջացնում նրանց կյանքում։

Փոփոխությունները հատկապես ծանր են դեռահասների համար։ Ինչո՞ւ է այդպես։ Ալեքս * անունով մի երիտասարդ ասում է. «Այդ տարիքում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում քո ներսում, և արտաքին փոփոխությունները ավելի են բարդացնում քո իրավիճակը»։

Կա նաև մեկ այլ պատճառ. ի տարբերություն մեծահասակների, որոնք որևէ փոփոխության բախվելիս կարող են իրենց կյանքի փորձից հիշել, թե անցյալում ինչ ելք են գտել նման իրավիճակներում՝ երիտասարդները կյանքի հարուստ փորձ չունեն։

Դու կարող ես հարմարվել փոփոխություններին։ Հարմարվողականությունը դժվարություններ կրելուց հետո զգացապես ապաքինվելու կամ փոփոխությանը հարմարվելու ունակությունն է։ Հարմարվող անհատը ոչ միայն համակերպվում է նոր հանգամանքներին, այլև կարողանում է թվացյալ դժվարությունների մեջ դրական բաներ գտնել։ Եթե պատանին հարմարվող է, հավանականությունն ավելի քիչ է, որ կսկսի թմրանյութեր կամ ալկոհոլ օգտագործել լարվածությունը թուլացնելու համար։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

Համակերպվիր իրականությանը։ Ինչ խոսք, կցանկանայիր լիարժեքորեն վերահսկել կյանքդ, բայց դա պարզապես անհնար է։ Գուցե ընկերներդ տեղափոխվեն ուրիշ վայրեր կամ ամուսնանան, քույրդ կամ եղբայրդ մեծանալով թերևս հեռանա տնից, կամ հնարավոր է՝ հանգամանքների բերումով ընտանիքդ ստիպված լինի տեղափոխվել, ու դու հետևում թողնես ընկերներիդ և այն ամենը, ինչ հարազատ է քեզ։ Նման դեպքերում բացասական մտքերին տրվելու փոխարեն՝ ավելի լավ է համակերպվել իրականությանը։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Ժողովող 7։10։

Առաջ նայիր։ Անընդհատ անցյալի մասին մտածելը նման է մեքենա վարելիս շարունակ դիմապակու հայելու մեջ նայելուն։ Իհարկե, օգտակար է երբեմն նայել այդ հայելու մեջ, բայց վարորդը հիմնականում պետք է ուշադրությունը կենտրոնացնի իր առջև ընկած ճանապարհի վրա։ Նույնն է պարագան փոփոխությունների դեպքում։ Փորձիր միշտ առաջ նայել, կենտրոնանալ ապագայի վրա (Առակներ 4։25)։ Օրինակ՝ մտածիր, թե ինչ նպատակներ կարող ես դնել հաջորդ մեկ կամ մի քանի ամիսների համար։

Կենտրոնացիր դրական բաների վրա։ «Հարմարվողականությունը կախված է տրամադրվածությունից,— ասում է քսանմեկամյա Լորան,— ուստի փորձիր ստեղծված հանգամանքների մեջ դրական բաներ գտնել»։ Օրինակ՝ կարո՞ղ ես նշել առնվազն մեկ դրական բան, որ կա քո նոր հանգամանքներում։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Ժողովող 6։9։

Վիկտորիա անունով մի աղջիկ պատմում է, թե ինչ զգացումներ ունեցավ դեռահաս տարիքում, երբ իր բոլոր մտերիմ ընկերները տեղափոխվեցին այլ վայրեր. «Ես ինձ շատ միայնակ էի զգում և ուզում էի, որ ամեն ինչ մնար առաջվա պես»։ Ապա ավելացնում է. «Բայց հետ նայելով՝ տեսնում եմ, որ այդ ժամանակվանից էր, որ սկսեցի ավելի հասուն մտածելակերպ զարգացնել։ Ես հասկացա, որ հասունանալու համար փոփոխություններն անհրաժեշտ են։ Նաև սկսեցի նկատել, որ շուրջս կան հիանալի անհատներ, ովքեր կարող են դառնալ իմ ընկերները»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 27։10։

Անընդհատ անցյալի մասին մտածելը նման է մեքենա վարելիս շարունակ դիմապակու հայելու մեջ նայելուն

Օգնիր ուրիշներին։ Աստվածաշունչն ասում է. «Ոչ միայն ձեր շահը փնտրեք, այլ նաև ուրիշներինը» (Փիլիպպեցիներ 2։4)։ Քո ունեցած դժվարությունները հաղթահարելու լավագույն կերպն այն է, որ օգնես ուրիշներին հաղթահարելու իրենց դժվարությունները։ Տասնյոթամյա Աննան ասում է. «Ժամանակի ընթացքում հասկացա, որ երբ կարողանում եմ օգնել ինչ-որ մեկին, ով նույն իրավիճակում կամ ավելի ծանր հանգամանքներում է, մեծ ուրախություն եմ ապրում»։

^ պարբ. 11 Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։