Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Կոյաբզեզի կողմնորոշվելու ունակությունը

Կոյաբզեզի կողմնորոշվելու ունակությունը

ԿՈՅԱԲԶԵԶԸ կղանքը տարբեր նպատակներով է օգտագործում։ Միջատը սնվում է դրանով և իր ձվերն է դնում դրա մեջ։ Որոշ արուներ այն նույնիսկ տալիս են էգ կոյաբզեզներին՝ հուսալով գրավել նրանց ուշադրությունը։ Թարմ թրիքի համար թեժ պայքար է մղվում։ Հետազոտողները մի անգամ նկատեցին, որ փղի թրիքի մի կույտի վրա վխտում էին մոտ 16000 բզեզներ, որոնք ընդամենը երկու ժամում կրեցին-տարան ամբողջ կույտը։

Կոյաբզեզի որոշ տեսակներ իրենց ցեղակիցների հսկայական խմբից խուսափելու համար թրիքից գնդեր են սարքում ու գլորում մեծ կույտից հեռու, իսկ հետո թաղում են դրանք փափուկ հողի մեջ։ Բզեզները գունդը գլորում են ուղիղ գծով, քանի որ դա տեղ հասնելու ամենակարճ ձևն է, և այդպես նրանք խուսափում է մյուս կոյաբզեզներին հանդիպելուց, որոնք գուցե խլեն իրենց գունդը։

Ի՞նչն է օգնում բզեզին, որ չշեղվի ուղիղ գծից ու կրկին չվերադառնա նույն տեղը, հատկապես գիշերով։

Նկատի առնենք հետևյալը։ Նախկին հետազոտությունները ցույց են տվել, որ կոյաբզեզները կարողանում են կողմնորոշվել Արևի կամ Լուսնի լույսով, սակայն նրանք առանց շեղվելու ուղիղ գծով են գնում անգամ այն ժամանակ, երբ Լուսինը բոլորովին չի երևում։ Հարավաֆրիկյան Հանրապետությունում կատարված հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ կոյաբզեզները չեն տեսնում առանձին աստղեր, այլ կողմնորոշվում են Ծիր Կաթին գալակտիկայի արձակած լույսի փնջերի միջոցով։ Ըստ կենսաբանության մասին մի հանդեսի՝ սա «արձանագրված առաջին դեպքն է, որ կենդանական աշխարհի որևէ ներկայացուցիչ կողմնորոշվում է Ծիր Կաթին գալակտիկայի միջոցով» (Current Biology)։

Ինչպես նշում է հետազոտող Մարկուս Բերնը, թեև կոյաբզեզների «ուղեղի հնարավորությունները սահմանափակ են, բայց նրանք օժտված են տեսողական կողմնորոշման արդյունավետ համակարգով, որը գործում է նույնիսկ այն ժամանակ, երբ աստղերի լույսը շատ աղոտ է»։ Նա ավելացնում է. «Հետևաբար, մարդիկ հնարավորություն ունեն նրանցից սովորելու, թե ինչպես կարելի է լուծել տեսողական ընկալման հետ կապված բարդ խնդիրներ»։ Օրինակ՝ ընդօրինակելով կոյաբզեզի՝ մթության մեջ կողմնորոշվելու ունակությունը՝ կարելի է ստեղծել ռոբոտ, որի միջոցով հնարավոր կլինի որոնումներ կատարել փլված շենքերում։

Ի՞նչ եք կարծում։ Կոյաբզեզի կողմնորոշվելու ունակությունը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ այն ծրագրված է եղել։

Գիտեի՞ք արդյոք։

Կոյաբզեզները փխրեցնում և պարարտացնում են հողը, տարածում են բույսերի սերմեր և չեն թողնում, որ ճանճերի թվաքանակն աճի։