Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Դիտում ենք աշխարհը

Դիտում ենք աշխարհը

Աշխարհ

«Ամեն տարի մոտ երեք միլիոն նորածին է մահանում՝ մեկ ամսական չդարձած, ընդ որում հիմնականում այնպիսի պատճառներով, որոնք հնարավոր է կանխել։ Այդ երեխաների մոտավորապես մեկ երրորդը մահանում է ծնվելուց մեկ օր հետո» («Փրկենք երեխաներին» միջազգային կազմակերպություն)։

Մեծ Բրիտանիա

Ըստ Անգլիայի Առողջապահության նախարարությանը կից մի կազմակերպության՝ 2011-ին Լոնդոնի շրջաններից 15-ում աերոզոլային մասնիկներով օդի աղտոտման պատճառով մահացության մեծ աճ է գրանցվել։ Թեև զարմանալի է, բայց դիզելային վառելիքը համարվել է շրջակա միջավայրի համար ավելի անվտանգ, քանի որ բարձր արդյունավետություն ունի, և այրման ժամանակ ավելի քիչ ածխաթթու գազ է արտանետվում։ Բայց նշված շրջաններում աերոզոլային մասնիկների 91 տոկոսը արտանետվում է հենց դիզելային վառելիքով աշխատող ավտոմեքենաներից։

Ռուսաստան

Համաձայն Ռուսաստանի՝ Հասարակական կարծիքի հիմնադրամի կողմից անցկացված մի հարցման՝ իրենց ուղղափառ համարող ռուսների մոտ 52 տոկոսն ասել է, որ երբեք չի կարդացել Աստվածաշունչը, իսկ 28 տոկոսը նշել է, որ հազվադեպ է աղոթում։

Աֆրիկա

Համաշխարհային բանկի մի հաշվետվության մեջ նշվում է, որ հողատարածքների սեփականության հետ կապված վեճերի պատճառով դանդաղում է գյուղատնտեսության արտադրողականության աճը և տարածվում է աղքատությունը։ Աշխարհի անմշակ, բայց պիտանի հողերի կեսը (մոտ 202 մլն հեկտար) գտնվում է Աֆրիկայում, որտեղ ըստ տեղեկությունների՝ գյուղատնտեսության արտադրողականությունը ցածր է (օգտագործվում է երկրի ունեցած հնարավորությունների ընդամենը 25 տոկոսը)։

Միացյալ Նահանգներ

Մի շարք դպրոցներ ու համալսարաններ դասագրքերը և ուսումնական ձեռնարկները փոխարինում են պլանշետներով, որոնցում ներբեռնված են ընթերցանության համար նյութեր, ծրագրային ապահովում, տարբեր ծրագրեր և նյութեր։ Սակայն այդ նորամուծության շնորհիվ գումարներ կխնայվեն, թե ոչ, դեռ հարց է։