Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Ուշադիր նայեք երկնքի թռչուններին»

«Ուշադիր նայեք երկնքի թռչուններին»

ԹՌՉՈՒՆՆԵՐԸ բնակվում են երկրի ամեն անկյունում։ Դուք կարող եք ամենուրեք տեսնել նրանց ու զմայլվել նրանցով։ Թռչունների բազմազանությունը, շքեղ գույները, գեղեցիկ դայլայլը, հետաքրքիր վարքը և զարմանալի սովորությունները մեծ հաճույք ու հիացմունք են պատճառում դիտողին։

Սևաճակատ ջահրիկ

Թռչուններով կարելի է զմայլվել անգամ պատուհանից նայելիս։ Օրինակ՝ կարող եք դիտել, թե ինչպես է փայտփորիկը կտցահարում ծառի կեղևը և միջատներ հանում, ինչպես է աղավնին սիրախաղով գրավում իր զուգընկերոջը, կամ ինչպես է ծիծեռնակը ջանասիրաբար շինում իր բույնը, ինչպես է սև կեռնեխը փորում հողը՝ որդեր գտնելու համար, կամ թե ինչպես է կարմրակատարը կերակրում իր սոված ձագերին։

Խայտահավ

Գուցե ձեզ հիացնի այն, թե ինչպես են որոշ թռչուններ, օրինակ՝ արծիվները, բազեները, ճուռակները, ճախրում երկնքում՝ որս փնտրելու նպատակով։ Կամ թերևս զվարճալի լինի տեսնել, թե ինչպես են ճնճղուկները իրար հետ կռվում փշրանքի համար, թե ինչպես է արու աղավնին փքում իր կուրծքը՝ անտարբեր ձևացող էգին գրավելու համար, կամ թե ինչպես են աղմկում վարդագույն կակադուները, որոնք հավասարակշռությունը կորցրած՝ գլխիվայր կախվել են հոսանքալարից։ Գուցե ձեզ տպավորի այն, թե ինչպես են  երկնակամարով անցնում չվող արագիլների, կռունկների և սագերի երամները։ Հազարավոր տարիներ մարդիկ տեսել են, թե ինչպես են թռչունները ճիշտ ժամանակին չվում տաք երկրներ և մեծ ճշգրտությամբ անցնում հսկայական տարածություններ։ Ստեղծիչն ինքն է ասել. «Արագիլը երկնքում գիտի իր համար նշանակված ժամանակը, տատրակը, մանգաղաթևն ու սոխակը պահում են իրենց հետդարձի ժամանակը» (Երեմիա 8։7

Թռչունները հիացրել են նաև հնում ապրած մարդկանց

Աստվածաշնչում բազմիցս նշվում է թռչունների մասին, և հաճախ դրա նպատակը արժեքավոր բաներ սովորեցնելն է։ Օրինակ՝ Աստված ջայլամի զարմանալի արագության մասին Հոբ անունով մի մարդու ասաց. «Երբ նա բարձր թափահարում է իր թևերը, ծիծաղում է ձիու և նրա հեծյալի վրա» * (Հոբ 39։13, 18)։ Ապա հարցրեց նրան. «Մի՞թե քո հասկացողության շնորհիվ է, որ բազեն ճախրում է վերևում.... Կամ քո հրամանո՞վ է, որ արծիվը դեպի վեր է թռչում» (Հոբ 39։26, 27)։ Ի՞նչ ենք հասկանում այստեղից։ Հասկանում ենք, որ թռչունները մարդու շնորհիվ չէ, որ այդպիսի զարմանալի ունակություններ ունեն։ Դրանք վկայում են Աստծու մեծ իմաստության մասին։

Սողոմոն թագավորը գրել է «տատրակի ձայնի» մասին, որն ազդարարում է գարնան գալուստը (Երգ 2։12)։ Իսկ սաղմոսերգուն Աստծու տաճարում ծառայելու իր անհագ ցանկության մասին գրելիս նշեց ծիծեռնակի մասին։ Նա ասաց. «Նույնիսկ թռչունն է տուն գտնում, և ծիծեռնակը՝ բույն իր համար, որտեղ իր ձագերին է դնում՝ քո վեհաշուք զոհասեղանի մոտ, ո՛վ Զորքերի Տեր Եհովա» (Սաղմոս 84։1–3

«Ձեր երկնային Հայրը կերակրում է նրանց։ Չէ՞ որ դուք նրանցից ավելի թանկ եք» (Մատթեոս 6։26

Թռչունների վերաբերյալ հետաքրքիր մտքեր է ասել նաև Հիսուս Քրիստոսը։ Նկատի առնենք, օրինակ, Մատթեոս 6։26-ում գրված խոսքերը. «Ուշադիր նայեք երկնքի թռչուններին, որ ո՛չ ցանում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ ամբարների մեջ հավաքում, բայց ձեր երկնային Հայրը կերակրում է նրանց։ Չէ՞ որ դուք նրանցից ավելի թանկ եք»։ Այս հուզիչ խոսքերը վստահեցնում են Հիսուսի հետևորդներին, որ նրանք շատ թանկ են Աստծու աչքում և չպետք է չափից շատ մտահոգվեն կյանքի համար անհրաժեշտ բաները ձեռք բերելու մասին (Մատթեոս 6։31–33

Այսօր թռչուններին դիտելը հաճելի ժամանց է շատերի համար, քանի որ մարդկանց գրավում է նրանց հետաքրքիր վարքը, գեղեցկությունը, սիրախաղերը և դուրեկան դայլայլը։ Բացի այդ, թռչունների վարքին հետևելով և նրանց մասին խորհրդածելով՝ մարդիկ կարող են արժեքավոր բաներ սովորել։ Ուստի արժե՛ «ուշադիր նայել երկնքի թռչուններին»։

^ պարբ. 6 Ջայլամը ամենաարագ վազող ամենամեծ թռչունն է, որը կարող է վազել մոտ 70 կմ/ժ արագությամբ կարճ տարածության վրա։