Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ

Խորթ ընտանիքների խնդիրները

Խորթ ընտանիքների խնդիրները

ՄԱՐԳԱՐԵԹ * (ԽՈՐԹ ՄԱՅՐ, ԱՎՍՏՐԱԼԻԱ). «Ամուսնուս նախկին կինը ասում է երեխաներին, որ ոչ մի հարցում ինձ չլսեն, նույնիսկ երբ ասում եմ. «Չմոռանա՛ք լվանալ ատամները»»։ Մարգարեթը կարծում է, որ այդ ամենի պատճառով նրա ընտանիքում լարվածություն է առաջանում։

Հաճախ խորթ ընտանիքներում տարբեր խնդիրներ են առաջանում նախկին կողակցի ու հարազատների պատճառով *։ Խորթ ծնողները պետք է երեխայի իսկական ծնողի հետ խոսեն այնպիսի հարցերի մասին, ինչպիսիք են երեխային այցելելը, դաստիարակելը և ֆինանսապես աջակցելը։ Ընկերների ու հարազատների համար էլ կարող է դժվար լինել հարմարվել ընտանիքի նոր անդամներին։ Քննենք, թե ինչպես Աստվածաշունչը կարող է օգնել հաղթահարելու այս դժվարությունները։

1. ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՈՂԻ ՀԵՏ

Ջուդիթ անունով մի խորթ մայր (Նամիբիա) ասում է. «Մի անգամ խորթ երեխաներիս մայրը ասաց նրանց, որ ես պարզապես նրանց հոր կինն եմ, և մեր երեխաները նրանց քույրերն ու եղբայրները չեն։ Ես վիրավորվեցի նրա խոսքերից, քանի որ խորթ երեխաներիս սիրում եմ հարազատ երեխաներիս պես»։

 Մասնագետները կարծում են, որ երեխայի իսկական ծնողի հետ փոխհարաբերությունները կարող են լարվածություն և նույնիսկ պառակտում մտցնել ընտանիքում։ Հաճախ խորթ մայրն ու իսկական մայրն են խնդիրներ ունենում իրար հետ։ Ի՞նչը կարող է օգնել։

Հաջողության բանալին. ողջամիտ սահմաններ դիր։ Եթե թույլ չտաս, որ իսկական ծնողը շփում ունենա երեխայի հետ, վերջինս կարող է էմոցիոնալ առումով ճնշված լինել *։ Ծնողները, որոնք «կյանք են տվել» երեխային, կարևոր դեր են խաղում նրա կյանքում (Առակներ 23։22, 25)։ Մյուս կողմից, սակայն, եթե թույլ տաս, որ նախկին կողակիցդ չափից շատ ազդեցություն ունենա ընտանիքիդ վրա, դա կարող է զայրացնել քո նոր կողակցին։ Ձգտիր հավասարակշռված լինել և ողջամիտ սահմաններ դնել ընտանիքդ պաշտպանելու համար, սակայն շարունակիր հնարավորինս բաց հաղորդակցություն պահել երեխայի իսկական ծնողի հետ։

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԾՆՈՂՆԵՐԻՆ

  • Երբ խոսում ես նախկին կողակցիդ հետ, կենտրոնացիր երեխային վերաբերող թեմաների վրա և ձգտիր այլ բաների մասին քիչ խոսել։ Օրինակ՝ որպեսզի նա չզանգահարի անպատեհ ժամի կամ գիշերը շատ ուշ, կարող ես նրբանկատորեն խնդրել, որ հնարավորության դեպքում զանգահարի օրվա ընթացքում կոնկրետ ժամերի։

  • Եթե երեխան քո խնամքի տակ չէ, ապա նրա հետ կանոնավոր շփում պահելու համար կարող ես հեռախոսով զանգահարել, նամակներ գրել, տեքստային հաղորդագրություններ կամ էլ էլեկտրոնային նամակներ ուղարկել (2 Օրենք 6։6, 7)։ Ոմանք նույնիսկ տեսազանգի միջոցով են շփվում։ Այդպես դու կկարողանաս ավելի լավ հասկանալ երեխայիդ կարիքներն ու խնդիրները և ճիշտ խորհուրդներ տալ։

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԽՈՐԹ ՄԱՅՐԵՐԻՆ

  • Ցավակից եղիր խորթ երեխայիդ մոր հանդեպ և ցույց տուր, որ չես ուզում նրա տեղը զբաղեցնել (1 Պետրոս 3։8)։ Կանոնավորաբար խոսիր նրա հետ երեխայի մասին՝ կենտրոնանալով հիմնականում դրական բաների վրա (Առակներ 16։24)։ Նրանից խորհուրդներ հարցրու և շնորհակալություն հայտնիր։

  • Մոր ներկայությամբ երեխայի նկատմամբ քո ջերմ զգացմունքները չափավորությամբ դրսևորիր։ Օրինակ՝ Բեվերլի անունով (Միացյալ Նահանգներ) մի խորթ մայր ասում է. «Իմ խորթ երեխաները ուզում էին ինձ «մամա» ասել։ Մենք պայմանավորվեցինք, որ նրանք կարող են «մամա» ասել միայն մեր տանը, իսկ իրենց մոր ներկայությամբ՝ ոչ։ Դրանից հետո ես ու նրանց մայրը՝ Ջեյնը, սկսեցինք իրար հետ լեզու գտնել։ Հետագայում նույնիսկ միասին օգնում էինք երեխաներին պատրաստվելու իրենց դպրոցական միջոցառումներին»։

Դու կարող ես մեծ ազդեցություն ունենալ երեխայիդ վրա

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԽՈՐԹ ԵՎ ԻՍԿԱԿԱՆ ԾՆՈՂՆԵՐԻՆ

    Եղիր քաղաքավարի ու հարգալից

  • Երեխայի ներկայությամբ նրա ծնողի մասին վատ բաներ մի՛ ասա։ Հեշտ է տարվել բացասական զրույցներով, բայց դա կարող է երեխային էմոցիոնալ ցավ պատճառել։ Երբեք չես կարող իմանալ, թե երեխան երբ կամ ում ներկայությամբ կկրկնի քո խոսքերը (Ժողովող 10։20)։ Եթե նա ասի, որ քո մասին վատն են խոսել, փորձիր կենտրոնանալ երեխայի զգացմունքների վրա։ Կարող ես պարզապես ասել. «Ցավում եմ, որ ստիպված ես եղել նման բան  լսել։ Քո մայրիկը բարկացած է ինձ վրա, և երբ մարդիկ բարկանում են, երբեմն անմտածված խոսքեր են ասում»։

  • Լավ կլինի, որ թե՛ խորթ և թե՛ իսկական ծնողի տանը երեխայի համար միևնույն կանոնները սահմանված լինեն։ Եթե դա հնարավոր չէ, ապա առանց մյուս ծնողին վատաբանելու՝ փորձիր բացատրել երեխային, թե ինչու քո տանը նա պետք է այլ կանոնների հետևի։ Պատկերացնենք հետևյալ իրավիճակը.

    Խորթ մայր — Թի՛մ, խնդրում եմ, կախիր քո թաց սրբիչը։

    Թիմ — Մամայիս տանը ես թողնում եմ այն գետնին, հետո ինքը վերցնում է ու կախում։

    Խորթ մայր — (Զայրացած) Նա քեզ այդպես ծուլության է սովորեցնում։

    Լավ չէ՞ր լինի, եթե խորթ մայրը հետևյալ կերպ պատասխաներ։

    Խորթ մայր — (Հանդարտորեն) Շատ լավ, բայց մեր տանը մենք ինքներս ենք կախում։

  • Երեխայի հետ կապված ծրագրեր մի՛ կազմիր, երբ նա պետք է ժամանակ անցկացնի մյուս ծնողի հետ (Մատթեոս 7։12)։ Սակայն եթե այլ կերպ հնարավոր չէ, նախ համաձայնության արի նրա ծնողի հետ։

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Հետևիր այս խորհուրդներին, երբ հաջորդ անգամ հանդիպես ամուսնուդ նախկին կողակցին կամ քո նախկին ամուսնու կողակցին։

  1. Նայիր նրան ու ժպտա։ Հոգոց մի՛ հանիր։ Հայացքով և շարժուձևով նրա հանդեպ արհամարհանք կամ անտարբերություն մի՛ արտահայտիր։

  2. Բարևելիս անունով դիմիր։

  3. Ուրիշների հետ խոսելիս նրան էլ ընդգրկիր զրույցի մեջ։

2. ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՅԻ ՀԵՏ

Խորթ ընտանիքների մասին մի գրքում բերվում են մի կնոջ խոսքեր, որը դժգոհում է՝ ասելով, որ ամուսինը միշտ իր երեխաներին է պաշտպանում և չի ընդունում, որ նրանք վատ են վերաբերվում իրեն։ Նա ասում է. «Դա ինձ հունից հանում է» (Step Wars)։ Ինչպե՞ս կարող ես լավ փոխհարաբերություններ ունենալ չափահաս երեխաների հետ՝ առանց ընտանիքում լարվածություն ստեղծելու։

Հաջողության բանալին. կարեկցանք դրսևորիր։ Աստվածաշունչն ասում է. «Թող ամեն մեկը ոչ թե իր օգուտը փնտրի, այլ իր դիմացինի օգուտը» (1 Կորնթացիներ 10։24)։ Փորձիր հասկանալ դիմացինի զգացմունքները։ Չափահաս խորթ երեխաները կարող են վախենալ ծնողի սերը կորցնելուց։ Կամ էլ գուցե մտածեն, որ խորթ ծնողին լավ վերաբերվելով՝ դավաճանում են իսկական ծնողին և հարազատ քույր-եղբայրներին։ Մյուս կողմից էլ ծնողները կարող են անհանգստանալ, որ երեխային քննադատելով՝ թերևս վանեն նրան իրենցից։

Մի՛ փորձիր պարտադրել խորթ երեխայիդ մտերմանալ քեզ հետ։ Թող որ այդ մտերմությունը բնական կերպով զարգանա։ Իմաստուն չի լինի ստիպել նրան, որ սիրի քեզ (Երգերի Երգ 8։4)։ Ողջամիտ ակնկալիքներ ունեցիր, երբ հարցը վերաբերում է քո և խորթ երեխայիդ միջև փոխհարաբերություններին։

Երբ քեզ վատ են վերաբերվում, միանգամից մի՛ ասա այն, ինչ մտածում ես կամ զգում (Առակներ 29։11)։ Իսկ երբ դժվար է լինում զսպել լեզուդ, Դավիթ թագավորի պես աղոթիր. «Պահապա՛ն դիր, ո՛վ Եհովա, իմ բերանին, և պահա՛կ կարգիր իմ շուրթերի դռան մոտ» (Սաղմոս 141։3

Եթե որոշում ես ապրել այն տանը, որտեղ երեխան մեծացել է, ապա թերևս նկատես, որ նա որոշ իրերի հետ կապվածություն ունի։ Մի՛ փորձիր մեծ փոփոխություններ անել, հատկապես նրա սենյակում։ Կարող ես նաև մտածել առանձնանալու՝ նոր բնակավայր տեղափոխվելու մասին։

 ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Եթե քո չափահաս խորթ երեխան անհարգալից է կամ կոպիտ է վերաբերվում քեզ, խոսիր այդ մասին կողակցիդ հետ և ուշադիր լսիր նրան։ Մի՛ ստիպիր կողակցիդ, որ խրատի երեխային։ Փոխարենը՝ փորձեք հասկանալ իրար։ Եթե «միևնույն մտքի լինեք», ապա կկարողանաք հեշտությամբ հարթել խնդիրը (2 Կորնթացիներ 13։11

Սեր դրսևորիր ընտանիքում բոլոր երեխաների նկատմամբ

3. ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

Մերիըն անունով մի խորթ մայր (Կանադա) ասում է. «Ծնողներս հաճախ էին նվերներ տալիս իմ տղային, բայց ամուսնուս երեխաներին չէին տալիս։ Այդ պատճառով մենք էինք նվերներ առնում նրանց համար, բայց միշտ չէ, որ ի վիճակի էինք լինում դա անելու»։

Հաջողության բանալին. թող առաջին տեղում լինի քո ընտանիքը։ Հայտնիր ընկերներիդ ու հարազատներիդ, որ այժմ դու պարտավորություններ ունես նոր ընտանիքում (1 Տիմոթեոս 5։8)։ Թեև դու չես կարող ակնկալել, որ նրանք անմիջապես կսիրեն ու կհարգեն քո նոր ընտանիքի անդամներին, սակայն կարող ես խնդրել, որ ազնիվ ու քաղաքավարի լինեն նրանց հետ։ Բացատրիր նրանց, թե երեխաները որքան վատ կզգան, եթե անտեսված լինեն։

Մի՛ արգելիր նախկին կողակցիդ ծնողներին շփվել երեխայիդ հետ։ Սյուզըն անունով մի մայր (Անգլիա) ասում է. «Ամուսնուս մահից 18 ամիս անց ես նորից ամուսնացա։ Նախկին ամուսնուս ծնողները չէին ընդունում իմ նոր ամուսնուն։ Սակայն մեր փոխհարաբերությունները լավացան, երբ երեխաները սկսեցին կանչել նրանց մեր տուն և շնորհակալություն հայտնել մեզ աջակցելու համար»։

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Մտածիր, թե հարազատներից կամ ընկերներից ում հետ են փոխհարաբերություններդ լարված, ապա զրուցիր այդ մասին կողակցիդ հետ և տես, թե ինչպես կարող ես բարելավել դրանք։

Հարազատների կամ ընկերների պատճառով խորթ ընտանիքում կարող են խնդիրներ առաջանալ։ Սակայն աստվածաշնչյան խորհուրդները կիրառելով՝ ընտանիքդ բազում օրհնություններ կվայելի։ Աստծու Խոսքն ասում է. «Տունը իմաստությամբ կկառուցվի և խորաթափանցությամբ կհաստատվի» (Առակներ 24։3

^ պարբ. 3 Որոշ անուններ փոխված են։

^ պարբ. 4 Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Արթնացե՛ք»-ի 2012թ. ապրիլի թողարկման՝ «Խորթ ընտանիքների հաջողության գաղտնիքը» հոդվածաշարը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

^ պարբ. 8 Իհարկե, եթե նախկին կողակիցը սպառնում է կամ վիրավորական խոսքեր ասում, ընտանիքի ապահովության համար գուցե կարիք լինի խիստ սահմանափակել նրա հետ շփումը։

ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ

  • Ինչպե՞ս կարող եմ լավ փոխհարաբերություններ ունենալ կողակցիս նախկին կողակցի հետ։

  • Ի՞նչ կարող ենք անել, որ հարազատներն ու ընկերները նույնիսկ ոչ միտումնավոր կերպով լարվածություն չառաջացնեն մեր ընտանիքում։