Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եհովան տվել է ինձ ավելին, քան արժանի եմ

Եհովան տվել է ինձ ավելին, քան արժանի եմ

Ես ընդամենը 17 տարեկան էի։ Շատ պատանիների պես՝ ես ունեի տարբեր մտահոգություններ ու ձգտումներ։ Սիրում էի ժամանակ անցկացնել ընկերներիս հետ, լողալ և ֆուտբոլ խաղալ։ Բայց մի օր տեղի ունեցավ մի դեպք, որը կտրուկ փոխեց իմ կյանքը։ Մոտոցիկլետով սարսափելի վթարի ենթարկվեցի, ինչի հետևանքով պարանոցից ներքև անդամալույծ դարձա։ Դա մոտ 30 տարի առաջ էր, և այդ ժամանակվանից ես գամված եմ անկողնուն։

Ես մեծացել եմ Ալիկանտե քաղաքում, որը գտնվում է Իսպանիայի արևելյան ափին։ Իմ ընտանիքը հազիվ թե կարելի էր լավ ընտանիք համարել։ Այդ պատճառով մանկությունս հիմնականում փողոցներում է անցել։ Մեր տան մոտ կար անվադողերի վերանորոգման մի արհեստանոց։ Ես մտերմացա այնտեղ աշխատող մի մարդու՝ Խոսե Մարիայի հետ։ Նա շատ բարի անձնավորություն էր և իմ հանդեպ դրսևորում էր այնպիսի ջերմ հոգատարություն, որը երբեք չէի ստանում իմ ընտանիքում։ Դժվարին պահերին նա միշտ իմ կողքին էր հարազատ եղբոր պես։ Նա ինձ համար իսկական ընկեր էր, թեև 20 տարով մեծ էր ինձանից։

Խոսե Մարիան սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։ Ես տեսնում էի, որ նրան դուր էր գալիս այն ամենը, ինչ սովորում էր Աստվածաշնչից։ Նա հաճախ էր իր սովորածի մասին պատմում ինձ։ Ես միշտ, հարգանքից մղված, լսում էի նրան, բայց իրականում նրա ասածները ինձ բոլորովին չէին հետաքրքրում։ Այդ տարիքում միտքս զբաղված էր այլ բաներով։ Սակայն շուտով կյանքս կտրուկ փոխվեց։

ՊԱՏԱՀԱՐ, ՈՐԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ

Չեմ սիրում անդրադառնալ այդ դժբախտ պատահարի հետ կապված մանրամասներին։ Միայն կասեմ, որ ես շատ անմիտ ու անզգույշ էի։ Ընդամենը մեկ օրում կյանքս կտրուկ փոխվեց. առույգ ու կենսախինդ պատանի էի, բայց հանկարծ դարձա հիվանդասենյակում փակված մի անդամալույծ։ Շատ դժվար էր հաշտվել այս դառը իրողության հետ։ Շարունակ ասում էի ինքս ինձ. «Էլ ի՞նչ իմաստ ունի իմ ապրելը»։

Հիվանդանոցում ինձ այցի եկավ Խոսե Մարիան։ Նա անմիջապես քայլեր ձեռնարկեց, որ տեղի ժողովի Եհովայի վկաները կանոնավորաբար այցելեն ինձ։ Նրանց հոգատարությունը խորապես տպավորեց ինձ։ Ուստի ինտենսիվ թերապիայի բաժանմունքից դուրս գալուն պես սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել։ Ես իմացա, թե ինչու են մարդիկ տառապում ու մահանում, և թե ինչու է Աստված թույլ տալիս, որ վատ բաներ պատահեն։ Նաև իմացա, որ Աստծու խոստման համաձայն՝ մեզ հիանալի ապագա է սպասում. երկրի վրա կապրեն կատարյալ ու առողջ մարդիկ, ու ոչ ոք չի ասի՝ «ես հիվանդ եմ» (Եսայիա 33։24)։ Առաջին անգամ իմ կյանքում հույսի պայծառ շող փայլեց։

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո սկսեցի հոգևորապես առաջադիմել։ Հատուկ անվասայլակի օգնությամբ նույնիսկ կարողացա ներկա լինել Եհովայի վկաների հանդիպումներից մի քանիսին և մասնակցել քարոզչական գործունեությանը։ 1988-ի նոյեմբերի 5-ին՝ 20 տարեկանում, ես մկրտվեցի հատուկ լոգարանում։ Եհովա Աստծու օգնությամբ կյանքի հանդեպ դրական տրամադրվածություն և ապագայի հույս ձեռք բերեցի։ Ուստի ցանկանում էի ցույց տալ իմ երախտագիտությունը նրա հանդեպ։

ԱՌԱՋ ԵՄ ԸՆԹԱՆՈՒՄ՝ ՉՆԱՅԱԾ ԻՄ ՏԿԱՐՈՒԹՅԱՆԸ

Ես վճռել էի թույլ չտալ, որ իմ տկարությունը խանգարի ինձ ծառայելու Եհովային իմ ողջ ուժով։ Ցանկանում էի ծառայության մեջ ավելին անել (1 Տիմոթեոս 4։15)։ Սկզբում դա հեշտ չէր, որովհետև ընտանիքս դեմ էր իմ նոր հավատին։ Բայց ինձ օգնում էին հավատակիցներս՝ հոգևոր եղբայրներս ու քույրերս։ Նրանք հոգ էին տանում, որ երբեք բաց չթողնեմ հանդիպումները և ակտիվորեն մասնակցեմ քարոզչական գործին։

Սակայն ժամանակի ընթացքում պարզվեց, որ ինձ շուրջօրյա խնամք է հարկավոր։ Երկար փնտրտուքներից հետո գտա հաշմանդամների խնամքի համապատասխան մի կենտրոն, որը գտնվում էր Վալենսիա քաղաքում՝ Ալիկանտեից 160 կմ դեպի հյուսիս։ Այդ կենտրոնը դարձավ իմ տունը։

Թեև գամված եմ անկողնուն, սակայն լի եմ Եհովային ծառայելու վճռականությամբ

Թեև գամված էի անկողնուն, սակայն լի էի Եհովային ծառայելու վճռականությամբ։ Հաշմանդամության իմ կենսաթոշակով և այլ նպաստներով կարողացա գնել մի համակարգիչ, որը տեղադրեցին մահճակալիս մոտ։ Նաև ձեռք բերեցի մի բջջային հեռախոս։ Ամեն առավոտ ինձ խնամողներից մեկը միացնում է համակարգիչս և ակտիվացնում հեռախոսս։ Համակարգիչս աշխատեցնելու համար ես օգտագործում եմ մի հարմարանք, որը ղեկավարում եմ դնչով։ Իսկ հատուկ մի փայտիկի միջոցով, որը բռնում եմ բերանով, ես կարողանում եմ սեղմել ստեղնաշարի տառերը և հավաքել հեռախոսի համարներ։

Հատուկ փայտիկի միջոցով կարողանում եմ հավաքել հեռախոսի համարներ

Այս սարքավորումները շատ են օգնում ինձ։ Նախևառաջ դրանց միջոցով ես կարողանում եմ մտնել jw.org վեբ կայք և օգտվել «Դիտարանի օնլայն գրադարանից»։ Դրանք ուսումնասիրության հիանալի միջոցներ են ինձ համար։ Հաճախ օրական մի քանի ժամ ուսումնասիրում եմ Աստվածաշնչի վրա հիմնված հրատարակությունները և փնտրտուքներ եմ անում։ Այդպես ես շարունակ նորանոր բաներ եմ սովորում Աստծու ու նրա հիանալի հատկությունների մասին։ Եվ երբ ինձ միայնակ եմ զգում կամ փոքր-ինչ վհատվում եմ, վեբ կայքում միշտ գտնում եմ որևիցե նյութ, որը ոգևորում և ուրախություն է պատճառում ինձ։

Համակարգչի միջոցով ես նաև կարողանում եմ լսել ժողովի հանդիպումների ծրագիրը և մասնակցել դրան։ Օրինակ՝ կարողանում եմ մեկնաբանություն տալ, աղոթք մատուցել, ելույթ ներկայացնել և նույնիսկ կարդալ «Դիտարան» ամսագիրը, երբ ինձ այդպիսի հանձնարարություն են տալիս։ Թեև անձամբ ներկա չեմ լինում հանդիպումներին, բայց ինձ ժողովի լիարժեք անդամ եմ զգում։

Համակարգչի և հեռախոսի միջոցով ես նաև կարողանում եմ լիարժեքորեն մասնակցել քարոզչական գործին։ Թեև ես չեմ կարող գնալ տնետուն, ինչպես որ Եհովայի վկաների մեծ մասն է անում, բայց այդ սարքավորումների միջոցով կարողանում եմ իմ հավատալիքների մասին պատմել ուրիշներին։ Ես շատ եմ սիրում հեռախոսով վկայություն տալ մարդկանց։ Ուստի մեր ժողովի երեցները ինձ հանձնարարել են, որ ես կազմակերպեմ ու վերահսկեմ հեռախոսային վկայություն տալու գործը։ Նման հեռախոսային վկայությունները հատկապես օգտակար են ժողովի այն անդամների համար, ովքեր ի վիճակի չեն դուրս գալ տնից։

Աստվածաշնչի ուսումնասիրություն եմ անցկացնում

Ճիշտ է սարքավորումները հեշտացնում ու հետաքրքիր են դարձնում իմ կյանքը, բայց ինձ ավելի մեծ ուրախություն է պատճառում այն, որ ամեն օր ինձ այցելում են իմ սիրելի ընկերները։ Նրանք նաև գալիս են իրենց հարազատների կամ ծանոթների հետ, որոնց հետաքրքրում է աստվածաշնչյան ճշմարտությունը, և մենք միասին ուսումնասիրում ենք Աստվածաշունչը։ Հաճախ ընկերներս նույնիսկ խնդրում են, որ ես անցկացնեմ ուսումնասիրությունը։ Երբեմն ինձ այցելում են մեր ժողովից տարբեր ընտանիքներ և առաջարկում են, որ մասնակցեմ իրենց ընտանեկան երկրպագությանը։ Ինձ հատկապես դուր է գալիս այն, որ փոքրիկ երեխաները նստում են իմ մահճակալի մոտ ու պատմում են ինձ, թե ինչու են սիրում Եհովային։

Մասնակցում եմ մի ընտանիքի ընտանեկան երկրպագությանը

Անչափ ուրախանում եմ, երբ այդքան շատ այցելուներ եմ ունենում։ Իմ սենյակում հաճախ է աշխուժություն տիրում, քանի որ հեռու և մոտիկ վայրերից ընկերներս գալիս են ինձ տեսության։ Նման սիրառատ ուշադրությունն ու հոգատարությունը զարմացնում են կենտրոնի աշխատողներին։ Ես ամեն օր շնորհակալություն եմ հայտում Եհովային, որ հնարավորություն է տվել ինձ լինելու այդ հիասքանչ եղբայրության մի մասը։

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՄ ՊԱՅՔԱՐԵԼ

Երբ ինչ-որ մեկը ողջունում է ինձ և հարցնում է, թե ինչպես եմ, ես պարզապես պատասխանում եմ. «Շարունակում եմ պայքարել»։ Ինչ խոսք, ես գիտեմ, որ միայն ես չեմ պայքարում։ Բոլոր քրիստոնյաները, անկախ իրենց հանգամանքներից ու դժվարություններից, պայքարի մեջ են. նրանք մղում են «հավատի բարի պատերազմը» (1 Տիմոթեոս 6։12)։ Ի՞նչն է ինձ օգնում, որ չհանձնվեմ։ Ես ամեն օր աղոթում եմ Եհովային ու շնորհակալություն եմ հայտնում նրան այն բանի համար, որ կյանքս այժմ իմաստ ունի։ Նաև փորձում եմ միշտ զբաղված լինել Աստծուն ծառայելու գործով և աչքերս հառած պահել ապագայի հիանալի հույսին։

Խոսե Մարիան

Ես հաճախ եմ մտածում նոր աշխարհի մասին և պատկերացնում եմ, թե ինչ հրճվանք կապրեմ, երբ կրկին կարողանամ քայլել և նույնիսկ վազել ու ցատկոտել։ Երբեմն ես ու իմ մտերիմ ընկերը՝ Խոսե Մարիան, որը տառապում է պոլիոմիելիտով, կատակներ ենք անում այն մասին, թե ինչպես ենք միասին մասնակցելու մարաթոնյան վազքի։ Ես նրան հարցնում եմ. «Քո կարծիքով՝ մեզնից ո՞վ կհաղթի»։ Նա էլ ասում է. «Կարևոր չէ՝ ով կհաղթի։ Կարևորն այն է, որ լինենք դրախտում և վազենք այդ մրցավազքը»։

Ինձ համար հեշտ չի եղել համակերպվել իմ տկարության հետ։ Հասկանում եմ, որ պատանեկան տարիքում անմտություն եմ արել և թանկ եմ վճարել դրա համար։ Այնուամենայնիվ, անչափ երախտապարտ եմ Եհովային, որ նա չի թողել ինձ։ Նա ինձ շատ պարգևներ է տվել՝ մեծ հոգևոր ընտանիք, ապրելու ցանկություն, ուրիշներին օգնելու առանձնաշնորհում և ապագայի հիանալի հույս։ Եթե մեկ նախադասությամբ արտահայտեմ այն, ինչ զգում եմ, ապա կասեմ, որ Եհովան տվել է ինձ ավելին, քան արժանի եմ։