Անցնել բովանդակությանը

Հրավիրում ենք ձեզ այցելել Միացյալ Նահանգների Բեթել

Հրավիրում ենք ձեզ այցելել Միացյալ Նահանգների Բեթել

«Մենք անկրկնելի տպավորություններով ենք հեռանում Բեթելից։ Այս այցելության հուշերը միշտ վառ կմնան մեր սրտում»։ Այսպես արտահայտվեց Վանուատուից Միացյալ Նահանգների մեր մասնաճյուղ այցելած մի ամուսնական զույգ։ Ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ նման զգացումներ են ունենում Բեթել այցելելուց հետո։

Իսկ դուք եղե՞լ եք Միացյալ Նահանգների Բեթելում։ Եթե ոչ, հրավիրում ենք ձեզ։

Ինչ կտեսնեք երեք գլխավոր համալիրներում։

Գլխավոր վարչություն, Ուորվիք, Նյու Յորք։ Ինքնուրույն շրջայց կատարեք երեք ցուցասրահներում։ Ցուցահանդեսներից մեկում, որի խորագիրն է «Աստվածաշունչը և Աստծու անունը», ցուցադրված են Աստվածաշնչի հազվագյուտ նմուշներ և ցույց է տրվում, թե Աստծու անունը ինչպես է պահպանվել Սուրբ Գրքում։ «Ժողովուրդ Եհովայի անվան համար» խորագրով ցուցահանդեսում ներկայացված է Եհովայի վկաների պատմությունը։ «Գլխավոր վարչություն. կենդանի հավատ» կոչվող ցուցասրահում բացատրվում է, թե ինչպես են կազմակերպված Եհովայի վկաները, որպեսզի միասին հավաքվեն, ուսումնասիրեն Աստվածաշունչը, աստվածաշնչյան լուրը հայտնեն ուրիշներին և իրար հանդեպ սեր դրսևորեն։ Նաև կարող եք էքսկուրսավարի հետ 20 րոպե տևողությամբ շրջայց կատարել գրասենյակներ/սպասարկման բաժինների շենքում և Ուորվիքի տարածքում։

Դիտարանի կրթական կենտրոն, Պատերսոն, Նյու Յորք։ Կիմանաք այստեղ անցկացվող դպրոցների մասին, ինչպիսիք են՝ «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցը և մասնաճյուղի կոմիտեի անդամների և նրանց կանանց համար նախատեսված դպրոցը։ Ցուցատախտակների և տեսանյութերի միջոցով նաև կտեղեկանաք, թե ինչ աշխատանք է արվում բաժիններում, այդ թվում՝ գեղարվեստական ձևավորման ու ձայնագրման և տեսագրման բաժիններում։

Տպագրություն և առաքում, Ուոլքիլ, Նյու Յորք։ Էքսկուրսավարի հետ շրջելով՝ կտեսնեք, թե ինչպես են Աստվածաշնչերը և աստվածաշնչյան գրականությունը տպագրվում ու առաքվում Միացյալ Նահանգների, Կարիբյան ծովի կղզիների և աշխարհի այլ երկրներում գտնվող ժողովներ։

Ինչպե՞ս կարող եմ հերթագրվել շրջայց կատարելու համար։

Եթե դուք ծրագրում եք այցելել Միացյալ Նահանգներում գտնվող մեր համալիրներից մեկը, խնդրում ենք, հայտ ներկայացրեք «Տեղեկություններ մասնաճյուղերի և շրջայցերի մասին մեր» էջում։ Այդ էջում դուք կգտնեք հավելյալ տեղեկություններ, այդ թվում՝ կիմանաք համալիրների հասցեն և շրջայցերի տևողությունը։

Ովքե՞ր են էքսկուրսավարները։

Նրանք Բեթելի տարբեր բաժիններում ծառայողներ են։ Շրջայցերը համարվում են բաղկացուցիչ մաս այն ծառայության, որով նրանք թիկունք են կանգնում համաշխարհային կրթական գործունեությանը։ Շրջայցերը անցկացվում են տասնյակ լեզուներով։

Ի՞նչ արժե էքսկուրսիան։

Շրջայցերը անվճար են։

Այցելելու համար պարտադի՞ր է լինել Եհովայի վկա։

Ոչ։ Շատերն են այցելում, որ Եհովայի վկա չեն։ Թե՛ Վկաները, թե՛ ոչ Վկաները այստեղ ծանոթանում են այն աշխատանքին, որ արվում է համաշխարհային քարոզչական գործունեությունը կազմակերպելու համար։

Մի հնդիկ մուսուլման կին Պատերսոնում շրջայց կատարելուց հետո ասաց. «Ես էլ կուզեի այստեղ ծառայել։ Անչափ շնորհակալ եմ ինձ այս պատվին արժանացնելու համար»։

Կարելի՞ է երեխաների բերել։

Իհարկե։ Բեթելը տեսնելը երեխաների վրա մեծ ազդեցություն կարող է թողնել։ Ջոն անունով մի այցելու գրում է. «Տունդարձի ամբողջ ճանապարհին երեխաները Բեթելի մասին էին խոսում։ Մինչ այդ Բեթելում ծառայելը նրանց համար անիրական մի բան էր, իսկ հիմա նրանք դա դարձրել են իրենց նպատակը»։

Հնարավո՞ր է ուրիշ երկրներում էլ այցելել Եհովայի վկաների մասնաճյուղ։

Այո։ Բազմաթիվ երկրների մասնաճյուղերում կազմակերպվում են շրջայցեր։ Հասցեն գտնելու համար մտիր «Տեղեկություններ մասնաճյուղերի և շրջայցերի մասին» էջը։ Սրտանց հրավիրում ենք ձեզ շրջայցի մեր մասնաճյուղերից որևէ մեկում։