Անցնել բովանդակությանը

Ուորվիքում վայրի բնությունը կմնա անաղարտ

Ուորվիքում վայրի բնությունը կմնա անաղարտ

Եհովայի վկաները սկսել են իրենց նոր գլխավոր վարչության շինարարությունը Նյու Յորք նահանգի՝ քաղաքների աղմուկից հեռու Սթերլինգ Ֆորիսթ լճի (Կապույտ լճի) մերձակայքում։ Ի՞նչ են անում նրանք, որպեսզի ոչ մի վնաս չհասցվի տեղանքի բնությանը և նրա բնակիչներին։

Վկաները ժամանակավորապես ցանկապատ են անցկացրել շինհրապարակի շուրջը, որ անտառային բոժոժավոր օձերը, արևելյան զամբյուղաձև կրիաները և անտառային կրիաները չմտնեն տարածք ու պատահաբար չվնասվեն։ Պարբերաբար ցանկապատը ստուգվում է հավաստիանալու համար, որ կենդանիները չեն կարող անցնել այն և ծուղակի մեջ հայտնվել։ Երբ շինարարությունը ավարտվի, ցանկապատը կհանվի։ Եթե շինությունների մոտերքում բոժոժավոր օձ երևա, փորձառու մեկը կբռնի և հեռու վայրում բաց կթողնի նրան։

Արևելյան սիալիա

Այն ծառերը, որոնք կխանգարեին շինարարությանը, կտրվեցին ձմռան ամիսներին՝ նախքան սիալիաների (կապույտ թռչուն) բույն դնելու սեզոնը։ Շինարարական աշխատանքներից հետո նախատեսվում է տարածքում թռչունների բներ տեղադրել, որպեսզի նրանք վերադառնան։

Հոկտեմբերից մարտ ամիսներին մաքրվում ու հարթեցվում են որոշ գոտիներ, որպեսզի եթե սաղավարտուկի՝ անհետացող խոտաբույսի սերմեր կան, տարածվեն և ծլարձակեն։ Այս աշխատանքը շարունակաբար արվում է, չնայած որ 2007-ից ի վեր այս տեղանքում նման խոտաբույսեր չեն գտնվել։

Շինհրապարակին հարակից Սթերլինգ Ֆորիսթ լիճը հարուստ էկոհամակարգ ունի։ Այստեղ կան այնպիսի ձկներ, ինչպիսիք են՝ կարմրախայտը, գայլաձուկը և պերկեսի տարբեր տեսակները։ Լճին վնաս չհասցնելու համար նախագծողները բազմազան մեթոդներ են առաջարկել։ Օրինակ՝ շինությունների տանիքը կանաչապատվելու է, ինչի շնորհիվ անձրևաջրերը կֆիլտրվեն և անմիջապես չեն լցվի լիճը ու չեն փչացնի լճի ափամերձ բուսականությունը։

Մի Վկա, որը ներգրավված է նախագծի այս ոլորտում, ասում է. «Թեև այս ամենը ծրագրելը մեզնից լրացուցիչ ջանքեր ու ժամանակ է խլում, սակայն մեր նպատակն է լավագույնս պահպանել Ուորվիքի տարածքի էկոհամակարգը»։