Անցնել բովանդակությանը

Ինչո՞ւ Եհովայի վկաները չեն նշում որոշ տոներ

Ինչո՞ւ Եհովայի վկաները չեն նշում որոշ տոներ

 Ինչպե՞ս են Եհովայի վկաները որոշում՝ տվյալ տոնը ընդունելի է, թե ոչ

 Նախքան որոշելը՝ նշել տվյալ տոնը, թե ոչ, Եհովայի վկաները առաջնորդություն են փնտրում Աստվածաշնչում։ Որոշ տոներ ակնհայտորեն ոտնահարում են աստվածաշնչյան սկզբունքները։ Այդ դեպքում Եհովայի վկաները չեն մասնակցում դրանց։ Այլ տոներ նշելու հետ կապված՝ յուրաքանչյուր Վկա ինքն է որոշում կայացնում՝ ջանալով «մաքուր խիղճ ունենալ.... Աստծու և մարդկանց դեմ» (Գործեր 24։16

 Ստորև նշված են մի քանի հարցեր, որոնք Եհովայի վկաները տալիս են իրենց, երբ տոների հետ կապված որոշում են կայացնում։ a

  •   Տվյալ տոնը հիմնվա՞ծ է հակասուրբգրային ուսմունքի վրա։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Դո՛ւրս եկեք նրանց միջից ու զատվեցե՛ք,— ասում է Եհովան,— և այլևս անմաքուր բանի մի՛ դիպեք» (2 Կորնթացիներ 6։15–17

     Հոգևոր առումով անմաքուր, այսինքն՝ Աստվածաշնչին հակառակ ուսմունքներից լիովին զատվելու համար Եհովայի վկաները չեն տոնում հետևյալ տոները։

     Տոներ, որոնք կապված են այլ աստվածների հանդեպ հավատի կամ նրանց պաշտամունքի հետ։ Հիսուսն ասել է. «Եհովայի՛ն՝ քո Աստծո՛ւն պետք է երկրպագես և միմիայն նրան սուրբ ծառայություն մատուցես» (Մատթեոս 4։10)։ Հետևելով այս պատվերին՝ Եհովայի վկաները չեն տոնում Սուրբ Ծնունդը, Զատիկը և Մայիսի 1-ը b, քանի որ դրանց հիմքում ընկած է այլ աստվածներին և ոչ թե Եհովային մատուցվող երկրպագությունը։ Նրանք չեն մասնակցում նաև ներքոնշյալ տոներին։

    •  Կվանզաա։ Այս անվանումը «ծագել է սվահիլերեն մատունդա յա կվանզա բառակապակցությունից, որը նշանակում է «առաջին պտուղներ», և [դա] ցույց է տալիս, որ այդ տոնի արմատները գալիս են Աֆրիկայի պատմության մեջ արձանագրված բերքահավաքի առաջին տոնակատարություններից» (Encyclopedia of Black Studies)։ Թեև ոմանց կարծիքով՝ Կվանզաան ոչ կրոնական տոն է, «Աֆրիկյան կրոնների հանրագիտարանում» այն համեմատվում է աֆրիկական մի տոնի հետ, որի ժամանակ առաջին պտուղները «մատուցվում են աստվածներին և նախնիներին՝ ի նշան երախտագիտության»։ Այնտեղ նաև ասվում է. «Նախնիների տված օրհնությունների համար շնորհակալություն հայտնելու և երախտագիտություն արտահայտելու այդ նույն ոգին է ընկած աֆրոամերիկյան այս տոնի՝ Կվանզաայի հիմքում» (Encyclopedia of African Religion)։

      Կվանզաա

    •  Աշնան կեսի տոն։ Սա «լուսնի աստվածուհուն նվիրված տոն է» (Holidays, Festivals, and Celebrations of the World Dictionary)։ Այն ընդգրկում է մի ծիսակարգ, որի ժամանակ «տան կանայք խոնարհվում են այդ աստվածուհու առաջ այնպես, ինչպես չինական կոուտոու արարողակարգի ժամանակ» (Religions of the World—A Comprehensive Encyclopedia of Beliefs and Practices)։

    •  Նովրուզ (Նոռուզ)։ «Այս տոնի հնագույն ակունքները գալիս են զրադաշտականությունից, և հին զրադաշտական օրացույցում այն նշանավորում է ամենասուրբ օրերից մեկը.... Զրադաշտական ավանդույթի համաձայն՝ Կեսօրի ոգին (հայտնի էր որպես [Ռապիթվին]), որին Ձմռան ոգին ստիպել էր գետնի տակ անցնել ցուրտ ամիսներին, Նովրուզի օրը՝ կեսօրին, վերադառնում էր, և մարդիկ տոնախմբություններով դիմավորում էին նրան» (Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն)։

    •  Շաբ-է Յալդա։ Ըստ «Սուֆիզմը Պարսկաստանի գաղտնի պատմության մեջ» գրքի՝ ձմեռային արևադարձի այս տոնակատարությունը «միանգամայն կապված էր Միհրի [լույսի աստծու] պաշտամունքի հետ» (Sufism in the Secret History of Persia)։ Կա նաև կարծիք, որ Շաբ-է Յալդան կապ ունի հռոմեական և հունական արևի աստվածների պաշտամունքի հետ։ c

    •  Գոհաբանության օր։ Ինչպես Կվանզաան, այնպես էլ այս տոնը ծագում է տարբեր աստվածություններ գովաբանող բերքահավաքի հին տոներից։ Ժամանակի ընթացում «քրիստոնեական եկեղեցին որդեգրեց հին ժողովրդական ավանդույթները» (A Great and Godly Adventure—The Pilgrims and the Myth of the First Thanksgiving)։

     Սնահավատության կամ բախտին հավատալու հետ կապված տոներ։ Աստվածաշունչն ասում է, որ նրանք, ովքեր «սեղան են գցում Բախտի աստծու համար», «թողնում են Եհովային» (Եսայիա 65։11)։ Ուստի Եհովայի վկաները չեն նշում հետևյալ տոները։

    •  Իվան Կուպալա։ Մի գրքում ասվում է. «Ընդունված է համարել, որ [Իվան Կուպալայի] ժամանակ բնությունն արձակում է իր կախարդական ուժերը, ու եթե քաջ և բախտավոր ես, կարող ես ստանալ այդ ուժերից» (The A to Z of Belarus)։ Սկզբում դա հեթանոսական տոն էր, որը նշանավորում էր ամառային արևադարձի օրը։ Սակայն ինչպես գրված է «Ժամանակակից ռուսական մշակույթի հանրագիտարանում», «քրիստոնեության ընդունումից հետո այն միախառնվեց Եկեղեցու տոնին [սբ Հովհաննես Մկրտչի հիշատակության օրվան]» (Encyclopedia of Contemporary Russian Culture)։

    •  Լուսնային նոր տարի (չինական կամ կորեական)։ «Տարվա այս ժամանակ առավել քան երբևէ ընտանիքի, ընկերների և բարեկամների գլխավոր մտահոգությունը իրենց ձեռքից եկածն անելն է, որ բարի բախտի արժանանան, աստվածներին ու ոգիներին հարգանքի տուրք մատուցեն և հաջողություն մաղթեն գալիք տարվա համար» (Mooncakes and Hungry Ghosts—Festivals of China)։ Նմանապես կորեական Նոր տարին «ընդգրկում է նախնիների պաշտամունք, չար ոգիներին վռնդելու հետ կապված ծեսեր, նոր տարում հաջողություն ապահովելը, ինչպես նաև գուշակություն՝ իմանալու համար, թե ինչ է խոստանում Նոր տարին» (Encyclopedia of New Year’s Holidays Worldwide)։

      Չինական Նոր տարի

     Հոգու անմահության գաղափարի վրա հիմնված տոներ։ Աստվածաշունչը հստակ ասում է, որ հոգին ենթակա է մահվան (Եզեկիել 18։4)։ Ուստի Եհովայի վկաները չեն նշում ներքոհիշյալ տոները, որոնք առաջ են տանում հոգու անմահության գաղափարը։

    •  Բոլոր հոգիների օր (Մեռյալների օր, Մեռելոց)։ Ինչպես ասվում է «Նոր կաթոլիկական հանրագիտարանում», սա «բոլոր հավատարիմ հանգուցյալների հիշատակին նվիրված» օրն է։ «Միջին դարերում տարածված համոզմունք կար, որ այդ օրը քավարանում գտնվող հոգիները կարող էին շրջմոլիկ հրի, կախարդների, դոդոշների և այլ բաների տեսքով հայտնվել այն մարդկանց, ովքեր իրենց կենդանության օրոք վատ էին վերաբերվել իրենց» (New Catholic Encyclopedia)։

    •  Ցինմին փառատոն և Քաղցած ուրվականի փառատոն։ Այս երկու փառատոնները անցկացվում են նախնիներին պատվելու նպատակով։ Ինչպես նշվում է մի գրքում, Ցինմինի ժամանակ «այրում են սնունդ, ըմպելիք և թղթադրամ, որպեսզի հանգուցյալները չսովածանան, չծարավեն և փողի պակաս չունենան»։ Գրքում նաև ասվում է, որ «[այդ տոնը նշողները հավատում են, որ] Քաղցած ուրվականի ամսին, հատկապես լիալուսնի գիշերը մահացածների ու ողջերի միջև կապն ավելի մեծ է լինում, քան ցանկացած այլ գիշեր։ Ուստի կարևոր է նախազգուշական քայլեր ձեռնարկել և հանգստացնել մահացածներին ու պատվել նախնիներին» (Ch’ing Ming, says the book Celebrating Life Customs Around the World—From Baby Showers to Funerals)։

    •  Չուսոկ։ Այս տոնի ժամանակ «մահացածների հոգիներին սնունդ և գինի են տալիս»,— ասվում է մի գրքում։ Այդ ընծաների հիմքում «այն բանի հանդեպ հավատն է, որ հոգին շարունակում է իր գոյությունը մարմնի մահից հետո» (The Korean Tradition of Religion, Society, and Ethics)։

     Օկուլտիզմի հետ կապ ունեցող տոներ։ Աստվածաշունչն ասում է. «Գուշակություն անողը, մոգությամբ զբաղվողը, նախանշաններ մեկնողը, կախարդը, ուրիշներին հմայողը, ոգեհարցի կամ գուշակի հետ խորհրդակցողը կամ էլ մեռելներին հարցուփորձ անողը.... գարշելի է Եհովայի համար» (2 Օրենք 18։10–12)։ Օկուլտիզմի ցանկացած ձևից, այդ թվում՝ աստղագուշակությունից (գուշակության ձև) հեռու մնալու համար Եհովայի վկաները չեն տոնում Հելոուինը կամ ստորև նշված տոները։

    •  Սինհալական և թամիլական Ամանոր։ «Այս միջոցառման հետ կապված ավանդական ծեսերը.... ներառում են որոշակի գործունեություն աստղագուշակությամբ պայմանավորված բարենպաստ ժամանակ» (Encyclopedia of Sri Lanka)։

    •  Սոնգկրան։ Ասիական այս տոնի անվանումը «ծագել է սանսկրիտերեն մի բառից.... որը նշանակում է «շարժում» կամ «փոփոխություն», իսկ [տոնակատարությունը] նշանավորում է արևի շարժումը դեպի կենդանակերպի Խոյ համաստեղություն» (Food, Feasts, and Faith—An Encyclopedia of Food Culture in World Religions)։

     Տոնակատարություններ, որոնք կապ ունեն Մովսիսական օրենքով սահմանված երկրպագության հետ, օրենք, որին վերջ դրվեց Հիսուսի զոհագործությամբ։ Աստվածաշունչն ասում է. «Օրենքի վերջը Քրիստոսն է» (Հռոմեացիներ 10։4)։ Քրիստոնյաները այսօր էլ օգուտներ են քաղում հին Իսրայել ազգին տրված Մովսիսական օրենքի սկզբունքներից։ Սակայն նրանք չեն նշում այդ Օրենքի մաս կազմող տոները, հատկապես Մեսիայի ապագա գալուստը մատնանշող տոները, քանի որ հավատում են, որ նա արդեն եկել է։ «Դրանք գալիք բաների ստվերն են, մինչդեռ բուն մարմինը Քրիստոսն է»,— ասում է Աստվածաշունչը (Կողոսացիներ 2։17)։ Ի մտի ունենալով վերոնշյալը և հաշվի առնելով այն, որ որոշ տոներ ունեն հակասուրբգրային սովորություններ՝ ստորև թվարկված տոները Եհովայի վկաները չեն նշում։

    •  Հանուկա։ Այս տոնը նվիրված է Երուսաղեմում հրեաների տաճարի երկրորդ նվիրմանը։ Սակայն Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը Քահանայապետ դարձավ «ավելի մեծ ու ավելի կատարյալ խորանի [կամ՝ տաճարի].... որն անձեռակերտ է, այսինքն՝ այլ ստեղծագործություն է» (Եբրայեցիներ 9։11)։ Քրիստոնյաների համար այդ հոգևոր տաճարը փոխարինեց Երուսաղեմում գտնվող ֆիզիկական տաճարին։

    •  Ռոշ Հաշանա։ Սա հրեական նոր տարվա առաջին օրն է։ Հնում այս տոնի ժամանակ հատուկ զոհեր էին մատուցում Աստծուն (Թվեր 29։1–6)։ Սակայն Հիսուս Քրիստոսը, լինելով Մեսիա, «դադարեցրեց զոհաբերությունն ու նվիրաբերման զոհը»՝ դրանք Աստծու աչքում անվավեր դարձնելով (Դանիել 9։26, 27

  •   Արդյոք տվյալ տոնը նպաստո՞ւմ է միջդավանանքային համերաշխությանը։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Ի՞նչ բաժին ունի հավատացյալը անհավատի հետ։ Եվ ի՞նչ ընդհանուր բան կա Աստծու տաճարի և կուռքերի միջև» (2 Կորնթացիներ 6։15–17

     Եհովայի վկաները ձգտում են խաղաղություն ունենալ իրենց մերձավորների հետ և հարգում են յուրաքանչյուր անհատի՝ այս կամ այն բանին հավատալու իրավունքը, սակայն նրանք չեն նշում այն տոները, որոնք հետևյալ կերպերով նպաստում են միջդավանանքային համերաշխությանը։

     Որևէ կրոնավորի կամ կրոնական արմատներ ունեցող միջոցառման նվիրված տոներ, որոնք տարբեր հավատալիքներ ունեցող մարդկանց խրախուսում են միասնական պաշտամունք կատարել։ Երբ հնում Աստված իր ժողովրդին առաջնորդեց նոր երկիր, որտեղ մարդիկ այլ կրոններ էին դավանում, ասաց. «Նրանց հետ ու նրանց աստվածների հետ ուխտ չկապես.... Եթե ծառայես նրանց աստվածներին, ապա դա որոգայթ կդառնա քեզ համար» (Ելք 23։32, 33)։ Ի մտի ունենալով դա՝ Եհովայի վկաները չեն նշում հետևյալ տոները։

    •  Լոյ Կրետհոնգ։ Թայլանդական այս փառատոնի ժամանակ «մարդիկ տերևներից թասեր են պատրաստում, դրանց մեջ դնում են մոմեր կամ բուրավետ փայտիկներ և բաց են թողնում ջրի վրա։ Ասում են, թե այդ «նավակները» իրենց հետ տանում են վատ բախտը։ Այս տոնը նշանավորում է Բուդդայի թողած սուրբ ոտնահետքը» (Encyclopedia of Buddhism)։

    •  Ազգային ապաշխարության օր։ Ըստ պետական մի պաշտոնյայի, որի խոսքերը մեջբերված են պապուա նոր գվինեական թերթերից մեկում, ովքեր մասնակցում են այս միջոցառմանը, «կողմ են քրիստոնեական հավատի հիմնարար արժեքներին»։ Նա նաև ասում է, որ այդ տոնը «ողջ երկրում առաջ է տանում քրիստոնեական սկզբունքները» (The National)։

    •  Վեսակ։ «Սա բուդդայական սուրբ օրերից ամենասուրբն է և նշանավորում է Բուդդայի ծնունդը, պայծառացումը և մահը, այսինքն՝ նիրվանայի հասնելը» (Holidays, Festivals, and Celebrations of the World Dictionary)։

      Վեսակ

     Կրոնական ավանդույթների վրա հիմնված տոնակատարություններ, որոնք Աստվածաշունչը չի սովորեցնում։ Հիսուսը կրոնական առաջնորդներին ասաց. «Աստծու խոսքը անվավեր եք դարձրել ձեր ավանդույթի պատճառով»։ Նա նաև ավելացրեց, որ նրանց երկրպագությունը իզուր է, «որովհետև նրանց ուսմունքները լոկ մարդկային պատվիրաններ են» (Մատթեոս 15։6, 9)։ Քանի որ Եհովայի վկաները լուրջ են վերաբերվում նախազգուշական այս խոսքերին, կրոնական բազմաթիվ տոներ չեն նշում։

    •  Աստվածահայտնություն (Երեք թագավորների օր, Թիմկաթ կամ Լոս Ռեյես Մագոս)։ Այս տոնը նշողները տոնում են այն՝ կա՛մ նշանավորելով աստղագուշակների այցը Հիսուսին, կա՛մ Հիսուսի մկրտությունը։ Աստվածահայտնությունը «քրիստոնեացրել է որոշ հեթանոսական գարնանային փառատոններ, որոնք նշվում էին ի պատիվ հոսող ջրի, գետերի և վտակների աստվածների» (The Christmas Encyclopedia)։ Այս տոնի համարժեքը եթովպացիների Թիմկաթ տոնն է, որն «ավանդույթի մեջ խոր արմատներ ունի» (Encyclopedia of Society and Culture in the Ancient World)։

    •  Սուրբ Աստվածածնի վերափոխման տոն։ Նվիրված է այն հավատալիքին, որ Հիսուսի մայրը համբարձվել է երկինք իր ֆիզիկական մարմնով։ Մի հանրագիտարանում ասվում է, որ «այս համոզմունքը անծանոթ էր վաղ եկեղեցուն [առաջին քրիստոնյաներին] և այդ մասին ոչ մի հիշատակում չկա Սուրբ Գրքում» (Religion and Society—Encyclopedia of Fundamentalism)։

    •  Անարատ հղիության տոն։ «Աստվածաշնչում [Մարիամի] անարատ հղիության մասին հստակ գրված ուսմունք չկա.... [Դա] Եկեղեցու արած դատողությունն է» (New Catholic Encyclopedia)։

    •  Մեծ պահք։ Ապաշխարության և ծոմապահության այս շրջանը, ըստ «Նոր կաթոլիկական հանրագիտարանի», «հաստատվել է չորրորդ դարում»՝ Աստվածաշնչի գրությունը ավարտվելուց 200 տարի անց։ Մեծ պահքի առաջին օրվա վերաբերյալ հանրագիտարանում ասվում է. «Մոխրոտ չորեքշաբթի հավատացյալների ճակատին մոխիր քսելը համընդհանուր սովորություն դարձավ այն բանից հետո, երբ 1091 թ.-ին Բենեվենտոյում սինոդ գումարվեց» (New Catholic Encyclopedia)։

    •  Մեսկել (կամ՝ Մասկալ)։ Ինչպես նշվում է մի հանրագիտարանում, եթովպական այս տոնը նշանավորում է «Ճշմարիտ խաչի հայտնաբերումը (այն խաչի, որին գամվել էր Քրիստոսը)։ Այդ օրը մարդիկ խարույկ են վառում և պարում են դրա շուրջ» (Encyclopedia of Society and Culture in the Medieval World; փակագծերը հեղինակինն են)։ Սակայն Եհովայի վկաները իրենց երկրպագության մեջ խաչ չեն գործածում։

  •   Արդյո՞ք տվյալ տոնով մեծարվում է ինչ-որ մարդ, կազմակերպություն կամ ազգային խորհրդանիշ։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Այսպես է ասում Եհովան. «Անիծված է այն մարդը, որն իր հույսը մարդու վրա է դնում և մարմինը իր ապավենն է դարձնում, և որի սիրտը հեռանում է Եհովայից»» (Երեմիա 17։5

     Թեև Եհովայի վկաները արտահայտում են իրենց գնահատանքը մերձավորների նկատմամբ և անգամ աղոթում են նրանց համար, սակայն չեն մասնակցում այնպիսի միջոցառումների և տոների, ինչպիսիք, օրինակ, նշված են ստորև։

     Ղեկավարներին կամ այլ նշանավոր անձանց մեծարող տոներ։ «Հօգուտ ձեզ,— ասում է Աստվածաշունչը,— հեռու մնացեք մարդուց, որի շունչը իր քթանցքների մեջ է. արժե՞ նրան հաշվի առնել» (Եսայիա 2։22)։ Այս խոսքերն ի մտի ունենալով՝ Եհովայի վկաները չեն նշում, օրինակ, միապետի ծննդյան օրը։

     Ազգային դրոշի տոն։ Եհովայի վկաները չեն նշում Դրոշի օրը։ Ինչո՞ւ։ Քանի որ Աստվածաշունչն ասում է. «Հեռու պահեք ձեզ կուռքերից» (1 Հովհաննես 5։21)։ Այսօր որոշ մարդիկ դրոշը կուռք, այսինքն՝ երկրպագության առարկա չեն համարում, սակայն, ինչպես գրել է պատմաբան Քարլթըն Ջ. Հ. Հեյսը, «ազգայնականությունն ունի հավատի գլխավոր խորհրդանիշ և պաշտամունքի հիմնական առարկա. դա դրոշն է»։

     Սրբերին մեծարող տոներ կամ տոնակատարություններ։ Ի՞նչ պատահեց, երբ մի աստվածավախ մարդ խոնարհվեց Պետրոս առաքյալի առաջ։ Աստվածաշունչն ասում է. «Պետրոսը կանգնեցրեց նրան՝ ասելով. «Վե՛ր կաց, ես ինքս էլ մարդ եմ»» (Գործեր 10։25, 26)։ Քանի որ ո՛չ Պետրոսը, ո՛չ էլ մյուս առաքյալները մարդկանցից հատուկ պատիվ կամ մեծարանք չէին ընդունում, Եհովայի վկաները նույնպես չեն մասնակցում ներքոնշյալ տոնախմբություններին, որոնց ժամանակ պատիվ է տրվում այսպես կոչված սրբերին։

    •  Բոլոր սրբերի տոն։ «Տոն՝ ի պատիվ բոլոր սրբերի.... Այս տոնի ակունքները հայտնի չեն» (New Catholic Encyclopedia)։

    •  Կույս Մարիամ Գվադելուպեի տոն։ Այս տոնը նշվում է պատվելու համար «Մեքսիկայի հովանավոր սրբին», որը, ոմանց կարծիքով, Մարիամն է՝ Հիսուսի մայրը։ Ասում են, թե նա 1531 թ.-ին հրաշքով հայտնվել է մի գյուղացու (The Greenwood Encyclopedia of Latino Literature)։

      Կույս Մարիամ Գվադելուպեի տոնը

    •  Անվան օր։ «Անվան օրը այն սրբին նվիրված տոնն է, որի անունը տրվում է երեխային իր մկրտության կամ դրոշմի (կոնֆիրմացիայի) ժամանակ»,— ասվում է մի գրքում։ Նաև նշվում է, որ «այդ օրվա մեջ [առկա է] ուժգին արտահայտված կրոնական տարր» (Celebrating Life Customs Around the World—From Baby Showers to Funerals)։

     Քաղաքական կամ հասարակական շարժումներին նվիրված տոներ։ Աստվածաշունչն ասում է. «Ավելի լավ է ապաստան գտնել Եհովայի մոտ, քան ապավինել հողեղեն մարդուն» (Սաղմոս 118։8, 9)։ Որպեսզի չստեղծեն այնպիսի տպավորություն, թե իրենք աշխարհում եղող խնդիրների լուծման համար մարդկանց են վստահում և ոչ թե Աստծուն, Եհովայի վկաները չեն մասնակցում Երիտասարդության, ինչպես նաև Կանանց օրվան, որոնք թիկունք են կանգնում քաղաքական կամ հասարակական արշավներին։ Այդ նույն պատճառով նրանք չեն նշում Ազատագրման օրը և նման այլ տոներ։ Փոխարենը՝ Վկաները հավատում են, որ Աստծու Թագավորությունն է լուծելու անհավասարության և ռասիզմի հետ կապված խնդիրները (Հռոմեացիներ 2։11; 8։21

  •   Արդյո՞ք տվյալ տոնը որևէ ազգ կամ էթնիկական խումբ վեր է դասում մյուսից։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (Գործեր 10։34, 35

     Թեև բազմաթիվ Եհովայի վկաներ սիրում են իրենց հայրենիքը, սակայն չեն նշում այնպիսի տոներ, որոնք մի ազգը կամ էթնիկական խումբը վեր են դասում մյուսից ստորև նշված կերպերով։

     Զինված ուժերը փառաբանող միջոցառումներ։ Հիսուսը պատերազմների կողմնակից չէր։ Ընդհակառակը՝ նա իր հետևորդներին ասաց. «Շարունակեք սիրել ձեր թշնամիներին և աղոթել ձեզ հալածողների համար» (Մատթեոս 5։44)։ Հետևաբար Եհովայի վկաները չեն նշում զինվորներին փառաբանող տոներ։ Դրանցից են ներքոհիշյալ տոները։

    •  ԱՆԶԱԿ-ի օր։ «ԱՆԶԱԿ-ը անգլերեն «Australian and New Zealand Army Corps» [ավստրալիական և նորզելանդական բանակային զորամիավորում] արտահայտության հապավումն է»։ Այդ օրը «աստիճանաբար դարձավ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված օր» (Historical Dictionary of Australia)։

    •  Վետերանների օր (Հիշատակի օր, Հիշատակի կիրակի)։ Այս տոնը փառաբանում է «զինված ուժերի վետերաններին և տվյալ երկրի մղած պատերազմներում զոհվածներին» (Encyclopædia Britannica)։

     Որևէ ազգի պատմությանը կամ անկախությանը նվիրված տոներ։ Իր հետևորդների մասին Հիսուսն ասել էր. «Նրանք աշխարհի մի մասը չեն, ինչպես ես էլ աշխարհի մի մասը չեմ» (Հովհաննես 17։16)։ Թեև Եհովայի վկաները հետաքրքրված են իրենց երկրի պատմությամբ, սակայն չեն մասնակցում այնպիսի միջոցառումների, ինչպիսիք, օրինակ, նշված են ստորև։

    •  Ավստրալիայի օր։ Ըստ մի հանրագիտարանի՝ այս տոնը նշվում է ի հիշատակ «1788 թ. այն օրվա, երբ անգլիացի զինվորները բարձրացրին իրենց դրոշը և Ավստրալիան նոր գաղութ հայտարարեցին» (Worldmark Encyclopedia of Cultures and Daily Life)։

    •  Գայ Ֆոքսի օր։ Այս «ազգային տոնը նշանավորում է [Անգլիայի] Ջեյմս I թագավորի և խորհրդարանի շենքի վրա ձախողված հարձակումը, որը 1605 թ.-ին կազմակերպել էին Գայ Ֆոքսն ու նրա համախոհ կաթոլիկները» (A Dictionary of English Folklore)։

    •  Անկախության օր։ Շատ երկրներում սա այն «օրն է, երբ հանրությունը նշում է տվյալ երկրի անկախության տարեդարձը» (Merriam-Webster’s Unabridged Dictionary)։

  •   Տվյալ տոնը ուղեկցվո՞ւմ է անզուսպ կամ անբարո վարքով։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Բավական է, ինչքան ժամանակ որ անցյալում ազգերի կամքը կատարեցիք, երբ տրվել էիք անառակ վարքին, կրքերին, չափից շատ գինի խմելուն, խրախճանքներին, խմելու մրցումներին և անօրեն կռապաշտությանը» (1 Պետրոս 4։3

     Այս սկզբունքին ներդաշնակ՝ Եհովայի վկաները չեն նշում այնպիսի տոներ, որոնց ժամանակ մարդիկ չափից շատ ալկոհոլ են գործածում կամ անզուսպ խրախճանքների են տրվում։ Վկաները սիրում են հավաքվել իրենց ընկերների հետ ու եթե որոշում են ալկոհոլային խմիչք օգտագործել, դա չափավորությամբ են անում։ Նրանք ամեն ջանք թափում են, որ հետևեն աստվածաշնչյան այս խորհրդին. «Ուտեք թե խմեք և ուրիշ ինչ էլ որ անեք, ամեն բան Աստծու փառքի համար արեք» (1 Կորնթացիներ 10։31

     Այդ պատճառով Եհովայի վկաները չեն մասնակցում կառնավալների և նման փառատոնների, որոնք խրախուսում են այնպիսի վարք, որն Աստվածաշունչը դատապարտում է։ Դրանց թվում է հրեական Փուրիմ տոնը։ Թեև Փուրիմը երկար ժամանակ նշվում էր որպես մ.թ.ա. հինգերորդ դարում հրեաների ազատագրման տոն, այսօր այն «դարձել է Մարդի Գրայի կամ կառնավալի քիչ թե շատ հրեական համարժեքը»,— ասվում է մի գրքում (Essential Judaism)։ Այս տոնին մասնակցողներից շատերը «ծպտվում են (հաճախ տղամարդիկ կանացի զգեստ են հագնում), սանձարձակ վարք են դրսևորում, հարբում են և աղմկում»։

 Չնշելով որոշ տոներ՝ արդյո՞ք Եհովայի վկաները ցույց են տալիս, որ չեն սիրում իրենց ընտանիքը

 Ո՛չ։ Աստվածաշունչը սովորեցնում է սիրել ու հարգել ընտանիքի բոլոր անդամներին՝ անկախ նրանց հավատից (1 Պետրոս 3։1, 2, 7)։ Ինչ խոսք, երբ Եհովայի վկաներից մեկը դադարում է որոշ տոներ նշելուց, նրա հարազատներից ոմանք գուցե վրդովվեն և իրենց վիրավորված կամ դավաճանված զգան։ Այդ պատճառով շատ Վկաներ նախաձեռնություն են վերցնում, որ հարազատներին հավաստիացնեն իրենց սիրո մեջ, նրբանկատորեն բացատրեն իրենց որոշումների պատճառները և ուրիշ առիթներով այցելեն նրանց։

 Եհովայի վկաները ուրիշներին պարտադրո՞ւմ են չնշել որոշ տոներ

 Ո՛չ։ Նրանք այն կարծիքին են, որ յուրաքանչյուր մարդ ինքը պետք է որոշում կայացնի՝ նշել այս կամ այն տոնը, թե ոչ (Հեսու 24։15)։ Եհովայի վկաները «պատվում են ամեն տեսակ մարդկանց», անկախ նրանից, թե ինչ կրոն են նրանք դավանում (1 Պետրոս 2։17

a Այս հոդվածում չի խոսվում այն բոլոր տոների մասին, որոնք Եհովայի վկաները չեն նշում, և ոչ էլ հիշատակվում են այս թեմային վերաբերող աստվածաշնչյան բոլոր սկզբունքները։

b Այսօր որոշ երկրներում Մայիսի 1-ը հայտնի է որպես Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր։ Սակայն այդ տոնի արմատները գալիս են հին Հռոմից։ Այս տոնի մասին ավելի շատ տեղեկություն կարող եք գտնել «Մայիսի 1. ի՞նչ նշանակություն ունի այդ տոնը ձեզ համար» հոդվածում («Արթնացե՛ք», 2005, ապրիլի 22, էջ 12–14, անգլ., ռուս.)։

c Ք. Ի. Էդուլջի, Mithra, Mithraism, Christmas Day & Yalda, էջ 31–33։