Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս լավ փոխհարաբերություն պահպանել կողակցի ծնողների հետ

Ինչպե՞ս լավ փոխհարաբերություն պահպանել կողակցի ծնողների հետ

Ընտանեկան երջանկության բանալին

Ինչպե՞ս լավ փոխհարաբերություն պահպանել կողակցի ծնողների հետ

Ջենին * ասում է. Ռայենի մայրը առիթի դեպքում միշտ ցույց է տալիս, որ ինձ չի հավանում։ Իրավիճակը նույնն է, երբ այցելում ենք իմ ծնողներին։ Զարմանալի է, բայց ես երբեք չեմ տեսել, որ ծնողներս այդքան կոպիտ վերաբերմունք դրսևորեն ինչ–որ մեկի հանդեպ։ Մեր ծնողներին հյուր գնալը մեծ փորձություն է դարձել երկուսիս համար։

Ռայենը ասում է. Մայրս միշտ այն կարծիքին է եղել, որ իր երեխաների համար համապատասխան անձնավորություն չկա, այդ պատճառով հենց առաջին օրվանից ցույց է տվել, որ չի հավանում Ջենիին։ Նույնն է իրավիճակը Ջենիի ծնողների պարագայում։ Նրանք անընդհատ քննադատում են ինձ։ Սակայն ամենամեծ խնդիրն այն է, որ ամեն այսպիսի դեպքից հետո ես ու Ջենին սկսում ենք պաշտպանել մեր ծնողներին և քննադատում ենք իրար։

ԱՆՇՈՒՇՏ, մենք շատ անեկդոտներ գիտենք զոքանչների ու սկեսուրների մասին։ Սակայն իրականում, երբ ընտանիքներում այդպիսի խնդիրներ կան, դրանք ամենևին էլ ծիծաղելի չեն։ «Տարիներով սկեսուրս խառնվել է մեր ընտանեկան հարցերին,— ասում է Ռինան, որն ապրում է Հնդկաստանում։— Հաճախ բարկությունս թափում էի ամուսնուս վրա, քանի որ չէի կարողանում այդպես վարվել սկեսրոջս հետ։ Թվում էր, թե ամուսինս ընդմիշտ ընտրության առաջ է կանգնած. լինել կա՛մ լավ ամուսին, կա՛մ լավ որդի»։

Ինչո՞ւ են ծնողները խառնվում իրենց երեխաների ամուսնական կյանքին։ Ջենին, որի մասին նշվեց հոդվածի սկզբում, ասում է. «Գուցե նրանց համար դժվար է տեսնել, թե ինչպես են անփորձ երիտասարդները պատասխանատվություն վերցնում ինքնուրույն հոգ տանելու իրենց աղջկա կամ տղայի մասին»։ Ռինայի ամուսինը՝ Դիլիփը, մեկ ուրիշ պատճառ է նշում. «Այն ծնողները, ովքեր մեծացրել են իրենց երեխաներին և մեծ զոհողություններ են արել նրանց համար, գուցե իրենց անտեսված զգան։ Հնարավոր է նաև, որ նրանք անկեղծորեն անհանգստանան իրենց տղայի կամ աղջկա համար՝ մտածելով, որ նա այդքան էլ պատրաստ չէ լավ ամուսին կամ կին լինելու»։

Իրականում, երբեմն մենք ինքներս ենք նրանց «հրավիրում» մեր ընտանիք։ Քննենք Մայքլի և Լիանի օրինակը, որոնք ապրում են Ավստրալիայում։ «Լիանի ընտանիքում ընդունված է եղել ամեն հարց բացահայտորեն քննարկել,— ասում է Մայքլը,— ուստի մեր ամուսնությունից հետո կինս ամեն հարցով խորհրդակցում էր իր հոր հետ, ինչը իրականում նա պետք է ինձ հետ աներ։ Նրա հայրը բավականին խելացի մարդ է, սակայն ես վիրավորվում էի, երբ կինս ինձ հետ խոսելու փոխարեն՝ նրա հետ էր խոսում»։

Այո՛, նման հարցերը մեծ լարվածություն կարող են առաջացնել ընտանիքում։ Դո՞ւ էլ ես այդպիսի իրավիճակում։ Ինչպե՞ս ես վերաբերվում կողակցիդ ծնողներին։ Ինչպիսի՞ վերաբերմունք ունեն քո հանդեպ նրանք։ Քննենք, թե ինչ երկու խնդիր կարող է առաջանալ ընտանիքում և ինչ կարելի է անել։

ԽՆԴԻՐ 1. Գուցե կողակիցդ չափից շատ է մտերիմ իր ծնողների հետ։ «Կինս կարծում է, որ եթե իր ծնողներին մոտ չենք ապրում, ապա ինքը անհավատարիմ է նրանց հանդեպ,— ասում է Լուիս անունով մի իսպանացի։— Իսկ երբ տղա ունեցանք, գրեթե ամեն օր իմ ծնողներն էին գալիս մեր տուն։ Կինս սթրեսի մեջ էր ընկել։ Այդ պատճառով մեր միջև բազում խնդիրներ ծագեցին»։

Աստվածաշնչի տեսակետը։ Աստվածաշնչում նշվում է, որ ժամանակի ընթացքում «մարդը կ’թողէ իր հայրը եւ իր մայրը, եւ կ’յարի իր կնոջը. եւ մէկ մարմին կ’լինին» (Ծննդոց 2։24)։ Ինչ խոսք, թե՛ ամուսինը, թե՛ կինը շարունակում են պատվել իրենց ծնողներին և ուշադիր լինել նրանց նկատմամբ (Եփեսացիներ 6։2)։ «Մեկ մարմին» լինելը միասին ապրելուց ավելին է։ Իրականում դա նշանակում է, որ ամուսինն ու կինը նոր միություն են ստեղծում, ընտանիք, որն այժմ առաջնային տեղը պիտի զբաղեցնի իրենց կյանքում (1 Կորնթացիներ 11։3)։ Իսկ ի՞նչ կարելի է անել, երբ ծնողների նկատմամբ ունեցած կողակցիդ վերաբերմունքի պատճառով դու քեզ անտեսված ես զգում։

Ի՞նչ կարող ես անել։ Եղիր իրատես։ Արդյոք կողակիցդ իսկապե՞ս շատ մտերիմ է իր ծնողների հետ։ Դա գուցե քեզ համար խնդիր է այն պատճառով, որ ինքդ նման փոխհարաբերություններ չունես քո ծնողների հետ։ Հնարավոր է՝ այդպես ես արձագանքում, քանի որ ուրիշ դաստիարակություն ես ստացել քո ընտանիքում։ Միգուցե ինչ–որ չափով նախանձում ես (Առակաց 14։30; 1 Կորնթացիներ 13։4; Գաղատացիներ 5։26

Ուստի հարկավոր է ազնվորեն ինքնաքննություն կատարել։ Դա շատ կարևոր է։ Այդուհանդերձ, եթե քո և կողակցիդ միջև մշտապես մրցակցության ոգի կա, ապա խնդիրը ձեր ամուսնության մեջ է և ոչ թե ծնողների։

Հաճախ խնդիրներ են առաջանում այն պատճառով, որ ամուսինն ու կինը ինչ–որ հարցի վերաբերյալ չունեն նույն տեսակետը։ Փորձիր իրերին նայել կողակցիդ տեսանկյունից (Փիլիպպեցիներ 2։4; 4։5)։ Հենց այսպես վարվեց Ադրիան անունով մեքսիկացի մի ամուսին։ Նա պատմում է. «Կինս մեծացել է վատ ընտանիքում, այդ պատճառով ես խուսափում էի նրա ծնողների հետ հաճախակի շփվելուց։ Ի վերջո, ընդհանրապես խզեցի կապերս նրանց հետ, և դա տարիներ տևեց։ Արդյունքում շատ խնդիրներ ծագեցին իմ ու կնոջս միջև, քանի որ նա շատ էր ուզում տեսնել իր ընտանիքին, հատկապես մորը»։

Սակայն ժամանակի ընթացքում Ադրիանը սկսեց հավասարակշռված ձևով նայել խնդրին։ «Թեև գիտեմ, որ ծնողների հետ չափից շատ մտերմությունը բացասական ազդեցություն է թողնում կնոջս վրա, սակայն ընդհանրապես ոչ մի կապ չունենալը նույնպես խնդիրներ է առաջացնում,— ասում է Դուանը։— Փորձել եմ վերականգնել նրանց հետ շփումը և հնարավորինս լավ փոխհարաբերություններ պահպանել կնոջս ծնողների հետ» *։

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Միասին գրի առեք, թե ծնողների հետ կապված ինչ խնդիրներ ունեք։ Նշումները սկսեք այսպես՝ «կարծում եմ, որ ....»։ Հետո փոխանակեք թղթերը։ Համագործակցության ոգի դրսևորելով՝ քննարկեք ձեր խնդիրները։

ԽՆԴԻՐ 2. Ծնողները խառնվում են ձեր ընտանեկան կյանքին և խորհուրդներ են տալիս ձեզ։ Նելյան, որն ապրում է Ղազախստանում, պատմում է. «Մեր ամուսնության առաջին յոթ տարիները ապրել եմ ամուսնուս ընտանիքի հետ։ Անընդհատ վիճաբանություններ էին լինում, թե ինչպես պետք է դաստիարակենք մեր երեխաներին, ինչպես նաև վիճում էինք ճաշ պատրաստելու և տունը մաքրելու հարցերում։ Երբ զրուցում էի ամուսնուս և սկեսրոջս հետ, վեճերը ավելի էին թեժանում»։

Աստվածաշնչի տեսակետը։ Երբ անհատը ամուսնանում է, նա դուրս է գալիս ծնողների իշխանության տակից։ Աստվածաշունչն ասում է, որ «ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը տղամարդն է», այսինքն՝ նրա ամուսինը (1 Կորնթացիներ 11։3)։ Սակայն, ինչպես արդեն նշվեց, ամուսինն ու կինը պետք է հարգանք դրսևորեն իրենց ծնողների հանդեպ։ Առակաց 23։22–ում գրված է. «Լսիր քո ծնող հօրը, եւ մի անարգիր քո մօրը, երբոր պառաւ է»։ Իսկ ի՞նչ անել, երբ քո կամ կողակցիդ ծնողները անտեսում են այն փաստը, որ ամուսինն է իր ընտանիքի գլուխը, և իրենց տեսակետներն են առաջ տանում։

Ի՞նչ կարող ես անել։ Փորձիր կարեկցել նրանց ու հասկանալ, թե ինչու են խառնվում քո ընտանիքի գործերին։ «Երբեմն ծնողներն ուզում են իմանալ, որ դեռ կարևոր են իրենց երեխաների համար»,— ասում է Ռայենը։ Հաճախ նրանք միտումնավոր կերպով չեն անում դա, և հարցը կարելի է լուծել՝ հետևելով Աստվածաշնչի հորդորին. «Շարունակե՛ք համբերել մեկդ մյուսիդ և մեծահոգաբար ներել իրար, եթե որևէ մեկը մյուսի դեմ գանգատվելու պատճառ ունի» (Կողոսացիներ 3։13)։ Իսկ ինչպե՞ս վարվել, երբ ծնողների միջամտության պատճառով լուրջ խնդիրներ են ծագում քո և կողակցիդ միջև։

Որոշ ամուսնական զույգեր տեղին սահմանափակումներ են դնում իրենց ծնողների առաջ։ Սակայն դա չի նշանակում, որ պետք է խիստ կանոններ դնել *։ Հաճախ գործերով կարելի է ցույց տալ, որ կողակիցդ քո կյանքում առաջին տեղում է։ Ճապոնիայում ապրող Մասայուկի անունով մի ամուսին ասում է. «Եթե ծնողներդ արտահայտում են իրենց կարծիքը, անմիջապես մի ասա, որ համաձայն ես։ Հիշիր, որ դու նորաստեղծ ընտանիք ունես։ Ուստի առաջին հերթին իմացիր կողակցիդ տեսակետը»։

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Կողակցիդ հետ քննարկիր, թե կոնկրետ ինչ ձևով է ծնողների միջամտությունը խնդիրներ առաջացնում ձեր ընտանիքում։ Միասին գրի առեք, թե ինչ սահմանափակումներ կարող եք դնել և թե ինչպես կարող եք կիրառել դրանք՝ միևնույն ժամանակ հարգանք դրսևորելով նրանց հանդեպ։

Շատ խնդիրներ, որոնք առաջանում են քո և կողակցիդ ծնողների միջև, կարող են հարթվել, եթե հաշվի առնեք նրանց մղումները և թույլ չտաք, որ ձեր ընտանիքում դրա պատճառով վեճեր լինեն։ Այդ առնչությամբ Ջենին ասում է. «Երբեմն ես ու ամուսինս ծնողների մասին շատ բարկացած էինք խոսում և պարզ է, որ վիրավորում էինք ու ցավ էինք պատճառում իրար՝ դիտավորյալ խոսելով ծնողների թերությունների մասին։ Ի վերջո որոշեցինք այդպես չվարվել և խնդիրը լուծել անմիջապես։ Արդյունքում որպես ամուսին և կին՝ ավելի մտերմացանք իրար հետ»։

[Ծանոթագրություններ]

^ պարբ. 3 Անունները փոխված են։

^ պարբ. 14 Եթե ծնողները լուրջ մեղք են գործել և չեն զղջում, ապա կարող է լարվածություն առաջանալ ընտանեկան փոխհարաբերություններում, և ինչ խոսք, այսպիսի դեպքերում շփումը նրանց հետ կարող է սահմանափակվել (1 Կորնթացիներ 5։11

^ պարբ. 19 Որոշ դեպքերում գուցե անհրաժեշտ լինի երես առ երես և լրջորեն խոսել քո կամ կողակցիդ ծնողների հետ։ Սակայն հիշիր, որ պետք է խոսես հարգանքով և մեղմությամբ (Առակաց 15։1; Եփեսացիներ 4։2; Կողոսացիներ 3։12

ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ

Կողակցիս ծնողները ի՞նչ լավ հատկություններ ունեն։

Ինչպե՞ս կարող եմ հարգանք դրսևորել ծնողներիս հանդեպ և միևնույն ժամանակ չանտեսել կողակցիս։