Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Կարո՞ղ է Աստված զղջալ

Կարո՞ղ է Աստված զղջալ

Մոտեցեք Աստծուն

Կարո՞ղ է Աստված զղջալ

ԴԱՏԱՒՈՐԱՑ 2։11–18

ԼԻՆԵԼՈՎ անկատար մարդիկ՝ բոլորս էլ ժամանակ առ ժամանակ զղջում ենք ինչ–որ սխալ բան անելու համար։ Հետաքրքիր է՝ Աստվածաշնչում նշվում է, որ Եհովան նույնպես կարող է զղջալ։ Բայց գուցե հարցնես. «Չէ՞ որ Աստված կատարյալ է։ Նա սխալներ չի գործում»։ Այո՛, դու ճիշտ ես։ Հետևաբար ի՞նչ իմաստով է Աստված զղջում։ Պատասխանը կօգնի քեզ մի շատ կարևոր բան հասկանալու. Եհովան զգացմունքներ ունի, և մեր արարքները կարող են ազդել նրա զգացմունքների վրա։ Քննենք Դատաւորաց 2։11–18 համարներում արձանագրված խոսքերը։

«Դատաւորաց» գիրքը նկարագրում է այն խառը ժամանակները, որ եղել են Իսրայելում։ Այդ ժամանակ իսրայելացիները գտնվում էին Քանանում, այն երկրում, որը Աստված խոստացել էր տալ Աբրահամի սերնդին։ Հաջորդ մի քանի դարերում կարելի է ասել նրանք անցան չորս փուլ՝ ուխտադրժություն, հարստահարություն, աղաչանք և ազատագրում *։

Ուխտադրժություն։ Քանանացիների ազդեցության տակ ընկնելով՝ իսրայելացիները «թողեցին Աստծուն» և սկսեցին պաշտել ուրիշ աստվածների, օրինակ՝ Բահաղին ու Աստարովթին *։ Եհովային ուրանալը հավատուրացություն է։ Զարմանալի չէ, որ այդպիսով նրանք «բարկացրին» Եհովային, որը ազատել էր նրանց Եգիպտոսի գերությունից (համարներ 11–13; Դատաւորաց 2։1

Հարստահարություն։ Եհովայի բարկությունը բորբոքվեց Իսրայելի դեմ, քանի որ նրանք ուրացել էին իրեն։ Աստված այլևս չէր պաշտպանում իսրայելացիներին, որոնք երես էին թեքել իրենից։ Վերջիններս մատնվեցին «կողոպտիչների ձեռքը», որոնք էլ սկսեցին հարստահարել իրենց (համար 14

Աղաչանք։ Իսրայելացիները հայտնվեցին մեծ նեղության մեջ, զղջացին իրենց արածի համար ու սկսեցին աղաչել Աստծուն, որ իրենց օգնի։ Եհովան լսեց «նեղութիւն տուողների» պատճառով նրանց հեծեծանքը (համար 18)։ Սակայն պետք է նշել, որ իսրայելացիները բազում անգամներ են մեղանչել և հետո զղջացել (Դատաւորաց 3։9, 15; 4։3; 6։6, 7; 10։10)։ Իսկ ինչպե՞ս Աստված արձագանքեց։

Ազատագրում։ Եհովան լսեց իսրայելացիների աղաչանքը և «զղջաց»։ Եբրայերենից թարգմանված «զղջալ» բառը կարող է նշանակել «մտքափոխ լինել»։ Մի աշխատության մեջ նշվում է. «Եհովան խղճաց իսրայելացիներին՝ լսելով նրանց հեծեծանքը, փոխեց իր մտադրությունը և որոշեց պատժելու փոխարեն՝ ազատել նրանց»։ Ողորմություն դրսևորելով՝ Եհովան նրանց համար «դատաւորներ էլ կանգնեցրեց», որոնք պիտի փրկեին իսրայելացիներին իրենց թշնամիների ձեռքից (համար 18

Ուշադրություն դարձրի՞ր, թե ինչը մղեց Աստծուն զղջալու, կամ՝ մտքափոխ լինելու. իր ժողովրդի վերաբերմունքը։ Նրանք հասկացան, որ սխալ են վարվել։ Մտածիր. սիրող հայրը կարող է խրատել իր երեխային սխալ բան անելու համար և գուցե որոշի ինչ–որ սահմանափակումներ դնել նրա առաջ։ Սակայն երբ տեսնի, որ երեխան իսկապես զղջացել է, կփոխի իր մտադրությունը և չի պատժի նրան։

Ի՞նչ ենք սովորում Եհովայի մասին աստվածաշնչային այս դրվագից։ Եթե գիտակցաբար մեղք ենք գործում, ապա բարկացնում ենք Եհովային, իսկ եթե սրտանց զղջում ենք, մղում ենք նրան մեր հանդեպ ողորմություն դրսևորելու։ Մի պահ սթափվում ես, երբ մտածում ես, որ քո արարքները կարող են ազդել Աստծու զգացմունքների վրա։ Ուստի լավ կլինի միշտ ուրախացնել Եհովայի սիրտը (Առակաց 27։11)։ Եթե այդպես վարվես, երբեք չես զղջա։

[Ծանոթագրություններ]

^ պարբ. 2 Դատաւորաց 2։11–18 համարներում համառոտ նկարագրվում է, թե ինչպիսին էր իսրայելացիների բարոյական վիճակը։ Մանրամասն տեղեկություններն այդ մասին արձանագրված են հաջորդ գլուխներում։

^ պարբ. 3 Բահաղը քանանացիների գլխավոր աստվածն էր, իսկ Աստարովթը աստվածուհի էր և համարվում էր Բահաղի կինը։